կարևոր
4564 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-15 13:40
Քաղաքական Տարածաշրջան

Էրդողանը չի հասկանում՝ ոնց կարող է Փաշինյանի պես ապիկար ոչնչությունը չսպասարկի Թուրքիայի շահերը․ Արմինե Ադիբեկյան

Էրդողանը չի հասկանում՝ ոնց կարող է Փաշինյանի պես ապիկար ոչնչությունը չսպասարկի Թուրքիայի շահերը․ Արմինե Ադիբեկյան

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում ՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այսպես՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը Հայաստանի իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից»։ Այս հայտարարությունների վերաբերյալ Yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից։

«Իրականում հռչակագրի մեջ շատ հստակ ամեն ինչ նշված է, ու խնդիրն այն է, որ կողմերը յուրովի են մեկնաբանում այն, ինչ կարդում են։ Առաջին հերթին Արցախ-Հայաստան ճանապարհը միշտ եղել է անխոչընդոտ և դա Իլհամ Ալիևի շնորհքը չէ, որ դա տեղի է ունենում։ Ուրիշ հարց, որ Ալիևը տվյալ պահին մասնակից է այդ անխոչընդոտ երթևեկության և նա լայնածավալ իրավունքներ է ձեռք բերել, որ այդ հաղորդակցությունը արգելափակի։

Ինչ վերաբերվում է Ադրբեջան-Նախիջևան  ճանապարհորդությանը, դա այդպես է, որովհետև ադրբեջանցիները առ այսօր չեն կարողանում երթևեկել այդ ճանապարհով։ Խնդիրն այն է, որ  վերջին 30 տարվա ընթացքում նման հաղորդակցություն չի էլ եղել,  գոյություն չունեն ճանապարհներ, գոյություն չունի երկաթուղի, և Ալիևի պատկերացմամբ ո՞նց կարող է դա տեղի ունենա, եթե գոյություն չունի  ճանապարհ, որով ադրբեջանցիները կկարողանան ուղևորվել Նախիջևան։ Այստեղ Ալիևը ուրիշ բան նկատի ունի՝ ասելով, որ չեն կարողանում գնալ։ Նրանք չեն կարողանում գնալ հենց Ալիևի պատճառով,  որովհետև Ալիևը ոչ միայն ճանապարհ է ուզում, այլ նաև՝ ուզում է հսկել այդ ճանապարհը և այս տարածաշրջանում իր հիմունքներով կառավարել այդ ճանապարհը»,- ասաց ադրբեջանագետը։

Նրա խոսքով՝ Ալիևն ուզում է հատել ՀՀ տարածքը և մեր տարածքով ունենալ իր սեփական ճանապարհը, որով մենք չենք կարողանալու օգտվել և մենք այդ ճանապարհը հատելու համար պետք է Ադրբեջանից թույլատվություն հարցնենք՝ կարող ենք Մեղրի գնալ, թե՝ ոչ։

Ալիևը նաև հայտարարել է, որ եթե 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության կարևոր կետերը չկատարվեն, իրենք ոչ մի այլ ընտրություն չեն ունենա և կգործեն ադեկվատ կերպով։ Հարցին՝ արդյո՞ք Ալիևը կրկին պատերազմով է սպառնում, Արմինե Ադիբեկյանը նշեց․

«Պատերազմը չի էլ դադարեցրել, որ կրկին սպառնա, նա ցանկացած պահի կարող է մտնել ՀՀ տարածք, բնաջնջել յուրաքանչյուր բնակավայր, ու դա տեղի է ունենում ոչ թե նրա համար, որ Ալիևը հզոր և խիզախ տղա է, այլ որովհետև՝ Հայաստանի իշխանությունները հարկ չեն համարում պաշտպանել իրենց սեփական սահմանները, բնակչությունն ու տարածքը։ Այն, ինչ ասում է Ալիևը, պարզապես նշանակություն չէր ունենա, եթե մեր իշխանությունները պատրաստակամ լինեին դիմադրել և սաստել Ադրբեջանի բռնապետին»։

Մեկաբանելով Ալիևի մեկ այլ հայտարարության, որտեղ նա նշում է, որ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն», ադրբեջանանգետն այսպես մեկնաբանեց․

«Սա նշանակում է, որ Արցախն արդեն Ադրբեջանի տարածքում է, և հայ բնակչության ճակատագիրը նա միակողմանի լուծելու է, կուզի՝ կսպանի, կուզի՝ կբանտարկի, կուզի՝ կվտարի, ինչ կուզի՝ կանի, ոչ ոքից թույլատվություն չի հարցնելու»։

Ալիևի և ՀՀ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ադրբեջանագետը Արցախի պատվիրակության և Հայաստանի ղեկավարության հանդիպումները համարեց ոչ արդյունավետ․

«Բացարձակապես ոչ մի արդյունավետություն չեն կարող ունենալ ՀՀ իշխանությունների հետ բանակցությունները, քննարկումները և պայմանավորվածությունները, մի պարզ պատճառով, որովհետև ՀՀ իշխանություններն իրենք իրենցով ոչ էֆեկտիվ են,  նրանք բացարձակապես չեն հասկանում՝ ինչ է կատարվում, չեն պատկերացնում՝ ինչի է հանգեցրել իրենց 4 տարվա այս քաղաքականությունը և ինչ վտանգի առաջ է կանգնած հայությունը և արցախահայությունը՝ հատկապես»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցով ոչ մի խնդիր չի տեսնում։ Այս հայտարարության վերաբերյալ Արմինե Ադիբեկյանը նշեց․

«Իհարկե Էրդողանը խնդիր չի տեսնում, որովհետև դա բխում է Թուրքիայի շահերից և նա չի հասկանում՝ ոնց կարող է Նիկոլ Փաշինյանի պես ապիկար ոչնչությունը չսպասարկի այդ շահերը։ Նիկոլ Փաշինյանն իհարկե սպասարկելու է այդ շահերը, և նա չի հասկանում՝ ինչ տեղեկատվական աղմուկ է, և ով կարող է դեմ լինել այդ միջանցքին։ Բնական է, որ այդ շահերի սպասարկման անմիջական կապողը դա ՀՀ ներկայացուցիչն է՝ նաև բանակցային գործընթացի մեջ, որտեղ կրկին ինտելեկտով լի անձնավորություն չէ բանակցողը»։

Էրդողանը Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից և բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Ադրբեջանագետը կարծում է, որ Փաշինյանը հենց էդպես էլ անելու է․

«Այս ամենը կբերի նրան, որ Փաշինյանը կհրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից և կբացի Զանգեզուրի միջանցը։ Հասկանում ե՞ք խոսքը գնում է ընդամենը Նիկոլ Փաշինյանի մասին, որը այս 4 տարվա ընթացքում կես քայլ չի արել, որ նպաստի և սպասարկի մեր պետության ու ժողովրդի շահերը, բայց նա 4 տարի համառորեն, հետևողականորեն սպասարկել է թուրք-ադրբեջանական գործընկերության շահերը, և իհարկե նա շարունակելու է գործել այդ ուղիով։ Ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ Փաշինյանը մի օր կարթնանա և կհիշի, որ նա Հայաստանի Հանրապետության վարչապետն է և կսկսի գործել Հայաստանի Հանրապետության շահերից»,- եզրափակեց ադրբեջանագետը։

Լ․ Ա․