կարևոր
5815 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-10 13:18
Քաղաքական

Տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանը չի կարող թույլ տալ որևէ անորոշություն. Միրզոյան

Դեկտեմբերի վերջին օրերին ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի հերթական առաջարկները։ Այս մասին ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հունվարի 4-ին մենք փոխանցել ենք հայկական հերթական առաջարկները։ Ես կասեի, որ բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց՝ տեքստի որոշ մասերով, եւ որոշակի առաջընթաց մի քանի այլ ուղղությամբ։ Շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա, ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են։ Անկախ նրանից, թե տվյալ հերթական առաջարկի որեւէ մի հոդվածն առաջընթաց է, թե հետընթաց, վերջնական խաղաղությունն անպայման պետք է խարսխված լինի մի քանի հիմնարար սկզբունքների վրա, որոնք մենք բազմիցս հանրահռչակել ենք»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծեց, որ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը այն հարցերն են, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ որեւէ անորոշություն։

«Որեւէ անորոշություն մեծ հիմք եւ պարարտ հող է հետագա ագրեսիաների եւ էսկալացիաների համար։ Եթե խաղաղություն ենք հաստատում, ապա այնպիսի խաղաղություն ենք հաստատում, որով հիմքեր չեն դրվի հետագա էսկալացիայի համար»։