Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ ժողովրդի համար ծանր պարտությամբ և տարածքային կորուստներով ավարտված 44-օրյա պատերազմի տարելիցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է նշել ԼՂՀ-ի վրա հարձակման հիմնական կազմակերպիչներից մեկի՝ Էրդողանի հետ հանդիպումով. segodnia.ru կայքում գրել է ռուս ռազմական թղթակից, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության ժամանակ վիրավորված Յուրի Կոտենոկը։
«Ինքը՝ Թուրքիայի նախագահը, հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով ստացել է Հայաստանի կառավարության ղեկավարի՝ անձամբ հանդիպելու առաջարկը: Թուրքիայի նախագահն այն ժամանակ շեշտել էր, որ նման շփման համար հայկական կողմը պետք է «քայլեր ձեռնարկի՝ ցույց տալով իր դրական վերաբերմունքը», և որպես այդպիսի քայլ՝ նա նշել է Բաքվին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը` հայկական Սյունիքի մարզով տրանսպորտային հաղորդակցության համար` «մայրցամաքային» Ադրբեջանի ու նրա Նախիջևանի անկլավի միջև:
Ավելի ուշ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է թուրքական Իգդիրից Ադրբեջան մայրուղի և երկաթուղի գործարկելու մտադրության մասին` մատնանշելով այս հարցի վերաբերյալ Հայաստանի ղեկավարությունից եկող« դրական ազդակները»:
«Մենք հույս ունենք, որ ճանապարհ կբացենք Իգդիրից դեպի Ադրբեջան, ներառյալ՝ երկաթգիծ: Այս ճանապարհի կառուցումը շատ կարևոր քայլ կլինի... Մենք համագործակցության տարբերակ ունեինք, որը կոչվում էր հինգի, վեցի հարթակ: Այս պահին Փաշինյանը դրական ազդակներ է ուղարկում այս հարցի վերաբերյալ: Այժմ, հետևելով այս դրական ազդակներին, մենք որոշ քայլեր կանենք այս ուղղությամբ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք փոխելու իրավիճակը տարածաշրջանում դեպի լավը»,- հայտարարել է Էրդողանը լրատվամիջոցներին:
Թուրք-ադրբեջանական ցանկությունները` կապված թուրքական վերահսկողության ներքո արտատարածքային մայրուղու ստեղծման հետ, շատ են հիշեցնում Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման նախօրեին «Լեհական (Դանցիգի) միջանցքի» վերաբերյալ Հիտլերի առաջարկները: Ամեն դեպքում զարմանալի չէ Փաշինյանի պատրաստակամությունը (եթե, իհարկե, Էրդողանը չի ստում) Հայաստանի մի հատվածը վերածել թուրք-ադրբեջանական էքսկլավի՝ կտրված թուրք–ադրբեջանական մայրուղիով: Ավելին՝ նման զոհաբերությունը բոլորովին վստահություն չի ներշնչում, որ Անկարայի ծավալապաշտական նկրտումները կբավարարվեն դրանով:
Նաև Բաքվում են հավակնում հայկական հողերին: Այսպես՝ վերջերս ռուսական «Национальная оборона» պարբերականին (ղեկավարում է ադրբեջանամետ գործիչ) տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ եթե հայերը չհրաժարվեն Ղարաբաղից, ապա իր համար դժվար կլինի զերծ մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային փոխադարձ պահանջներից։ «Մենք ավելի շատ հիմք ունենք Զանգեզուրի և Գոյչա լճի (Սևան) շրջանի պատմական պատկանելության վերաբերյալ»,– հայտարարել էր նա։
Պակաս զարմանալի չէ, որ Հայաստանի վարչապետը, որպես միջնորդ, ընտրել է Վրաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը, որը բավականին կայուն հաղորդակցություններ ունի թուրքական կողմի հետ: Այս «տարօրինակ» ընտրությունը նշանակում է միայն մեկ բան՝ Փաշինյանը մտադիր է Թուրքիայի հետ բանակցել առանց մեր երկրի (ՌԴ՝ խմբ.) մասնակցության և նրա թիկունքում: Ավելին՝ Ռուսաստանին բացահայտ թշնամաբար տրամադրված պետության ղեկավարին (Ղարիբաշվիլիին՝ խմբ) որպես մոդերատոր ընտրելը տալիս է բոլորովին միանշանակ պատկերացում Փաշինյանի ընտրած ճանապարհի մասին:
Հայաստանի վարչապետի՝ իր ժողովրդի և դաշնակցի դեմ նոր դավաճանությունը մեծապես ոգեշնչել է Էրդողանին, որն այժմ համոզված է, որ Փաշինյանի այս քայլի շնորհիվ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա երկխոսության մեջ իր դիրքերը զգալիորեն կամրապնդվեն և թույլ կտան բոլորովին այլ տոնայնություն...
«Մենք հնարավորություն կստանանք զարգացնելու տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը: Այս հարցը կընդգրկվի այն հարցերի օրակարգում, որոնք ես կքննարկեմ Վլադիմիր Պուտինի հետ այս ամսվա վերջին: Այսպիսով՝ թուրք-ռուսական հարաբերությունները նոր հզոր ազդակ կստանան»,- անթաքույց ուրախությամբ հայտարարել էր Էրդողանը: Ի վերջո, այժմ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու՝ նրա վաղեմի երազանքը այս իրավիճակում դառնում է շատ ավելի իրագործելի:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ղարաբաղի և Հայաստանի բնակչությանը ստրկացումից, աքսորից և, հնարավոր է, բնաջնջումից պաշտպանող ռուս զինվորների թիկունքում, նա, ով պետք է ապահովեր իր երկրի անվտանգությունը (Փաշինյանը՝ խմբ.), հյուսում է դավաճանական ցանց:
Թե ի՞նչ ապագա է պատրաստում Հայաստանի համար Փաշինյանը և ինչի՞ վրա է նա հույս դնում, երբ մտնում է թուրքական լծի տակ, նույնիսկ դժվար է պատկերացնել: Նա դժվար թե չիմանա, որ հայերի նկատմամբ ատելությունը մի քանի սերունդ է սերմանվել ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում, այնպես էլ դարձել է այս երկրների գաղափարախոսության կարևոր մասը»,– գրել է Կոտենոկը։
Նյութը՝ Yerkir.am–ի