Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան էլ գրվի «Գլոբալ-Գոլդ Մայնինգ» (ԳԳՄ) ընկերության հայաստանյան մասնաճյուղի եւ դրա դուստր ձեռնարկությունների մասին, միեւնույն է` մեկ հոդվածով չես կարող սահմանափակվել, այդ ընկերության մասին հատորներ է պետք գրել, եւ օրերից մի օր դա հաստատ կարվի:
Yerkir.am լրատվական կայքի ընթերցողներին հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի ազգաբնակչությունն արդեն երկար տարիներ պայքարում է վերոհիշյալ ամերիկյան ընկերության դեմ`պաշտպանելով իր իրավունքները, այդ թվում` սահմանադրական իրավունքը` ապրել առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում (Հոդված 33.2): Ի դեպ, մելիքգյուղցիների պայքարին, 2012-ից սկսած, միացան նաեւ բնապահպան մասնագետները, ՀԿ-ները, լրատվամիջոցները եւ այլք:
Այն, որ մելքիգյուղցիները ամերիկյան ընկերության հարյուրավոր բացահայտ խախտումների մասին բարձրաձայնելուց հետո չեն կարողանում հաղթանակի հասնել, դժվար էր հասկանալ, սակայն խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ ԳԳՄ-ի կողմից տարիների ընթացքում հյուսված «սարդոստայնը»՝ ֆինանսական, քաղաքական, հասարակական կապերով, զարհուրեցնող է: Նշենք միայն իրավապահ մարմինների վարքագիծը ի պատասխան գյուղացիների եւ այս խնդրով մտահոգ մասնագետների` հանցագործության մասին հաղորդումներին. Դրանք մնում են անպատասխան, կամ արձագանք` հեռախոսազանգերի ու բանավոր զրույցների մակարդակով, և ոչ մի գրավոր սպառիչ պատասխան:
Մասնագիտական որակին չենք անդրադառնում, քանի որ այդպիսի բան փաթեթում չկա: Այդպես էլ չտեսանք պոչամբարի քարտեզը, չիմացանք` դարձյալ սողանքի վրա՞ են կառուցում, որ գյուղը վերջնական քշի տանի, թե՞ ոչ: Չկա նաեւ պոչամբարի նախագիծը: Մի խոսքով` ԳԳՄ-ն չի զարմացնում, ծանոթ ոճով է աշխատում:
Բայց օտարերկրյա հավանական ներդրողներին խորհուրդ կտայիք աչալուրջ լինել, քանի որ այս խառնաշփոթը նրանց մոլորեցնելու համար է արվում:
Սրանց խելքին աշեցեք…
ՀՀ բնապահպանության նախարարության կայքում հունվարի 30-ին տեղադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ս.թ. փետրվարի 10-ին լսումներ են լինելու մեզ հետաքրքրող թեմայով: Կայքում այն ներկայացված է որպես Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծ, սակայն, բացելով նախագծի հղումը, հայտնաբերում ենք 3-րդ պոչամբարի նախագիծը, եւ որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, թե ինչ նախագծի մասին է խոսքը, փաստթուղթն անվանում չունի` http://www.mnp.am/?aid=2443: Կասեք շփոթվե՞լ են, ոչ մի դեպքում, հերթական խարդախությունն է:
Փետրվարի 7-ին նույն կայքում արդեն կարդում ենք, որ ս.թ. փետրվարի 12-ին տեղի կունենան Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբարի նախագծի լրամշակված բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական եւ ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների վերաբերյալ հասարակական լսումներ` http://www.mnp.am/?aid=2481:
Ի՞նչ է ստացվում` ԳԳՄ-ն որոշել է հերթական անգամ կոպտորեն խախտել ՀՀ օրենսդրությունը. ՇՄԱՓ օրենքի համաձայն` առաջին լսումներն անցկացվում են համայնքում 15-օրյա ժամկետում (Հոդված 6): Երկրորդ լսումներն անցկացվում են 30 օրացուցային օրվա ընթացքում (Հոդված 8): Նույն օրենքի համաձայն` փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները նույնպես անցկացվում են հաջորդ 30-օրյա ժամկետում (հոդված 10):
Այսպիսով` հասկանալի է որ ամերիկյան ընկերությունը մեծ ցանկություն ունի ամեն գնով կառուցել երրորդ պոչամբարը:
Կոչ եմ անում չհանդուրժել այս ապօրինությունը…
Եվ այսպես` ս.թ. հունվարի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարարության աշխատակազմի ղեկավարը ծանուցում է Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանին, որ ԳԳՄ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրի 3-րդ պոչամբարի նախագիծ է ներկայացրել, եւ անհրաժեշտ է, ըստ ՇՄԱՓ օրենքի 8-րդ հոդվածի, որը կցված է նամակին, լսումները անցկացնել հենց համայնքում:
Գյուղապետ Մկրտչյանը ծանուցման մասին ոչ միայն չի տեղեկացնում համագյուղացիներին, այլեւ որոշում է լսումների անցկացման վայր ընտրել Երեւանը` ՇՄԱԳ-ը մշակած ընկերության գրասենյակում:
Ինչո՞ւ, չէ՞ որ հանրային լսումը նպատակ ունի ապահովել հանրության մասնակցությունը քննարկվող հարցին` մարդկանց կարծիքները հաշվի առնելու համար: Քննարկվող հարցերը անմիջական ազդեցություն ունեն այդ մարդկանց առողջության, սեփականության, բարեկեցության վրա: Հանրության մասնակցության իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է եւ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Ի՞նչ իրավունքով է գյուղապետ Մկրտչյանը խախտում համագյուղացիների իրավունքը, ի՞նչ իրավունքով է զրկում համայնքի անդամին արտահայտվելու իրավունքից: Այս փաստի վրա եմ հրավիրում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրությունը:
Դեռ անցյալ տարվա լսումներից հետո համայնքը միահամուռ կերպով մերժեց նախագիծը, իսկ գյուղապետ Մկրտչյանը հենց նույն օրը գաղտնի կերպով ԳԳՄ-ի ղեկավար Աշոտ Պողոսյանի հետ ստորագրեց լսումների «արձանագրություն», ըստ որի` նախագծին իբր համաձայնություն է տրվել:
Ավելին` գյուղի ավագանու գաղտնի արտահերթ նիստ է կազմակերպվում ու երրորդ պոչամբարի կառուցման համար տարածք տրամադրվում: Լավ, տրամադրվեց, ո՞ւր է պայմանագիրը, ի՞նչ պայմաններով է այն ստորագրվել: Մեր այդ հարցմանը ոչ մի պատասպան չկա: Չկա նաև պատասխան էներգետիկայի նախարարությունից, թե Թուխմանուկի հանքավայրի ապօրինի շահագործման խնդիրը բազմիցս բարձրացնելուց հետո տեսչական ստուգում անցկացվե՞լ է, թե՞ ոչ:
Մելիքգյուղի համայնքապետը դեռեւս 2013-ին մեզ, ինչպես նաեւ խնդրով մտահոգ մասնագետների հետ հանդիպումների ընթացքում հավաստիացնում էր, որ ինքն էլ է դեմ, անգամ երդվում էր, որ ինքն էլ իր համաձայնությունը չի տվել ու չի տա, որպեսզի ԳԳՄ-ն համայնքի տարածքում կառուցի 3- րդ պոչամբարը:
Ինչեւէ, մեր տրամադրության տակ հայտնված` Մելիքգյուղի ավագանու որոշումը փաստում է, որ դեռեւս 2013-ի հունիսի 26-ին Մելիքգյուղի գյուղապետարանում հրավիրվել է արտահերթ նիստ, որին ներկա է եղել նաեւ «Մեգո-Գոլդ» ընկերության ղեկավարությունը, եւ ավագանու հետ համատեղ (գյուղապետի ղեկավարությամբ) հորինել են Մելիքգյուղի ավագանու թիվ 6 «որոշումը»: Այդ «որոշման» համաձայն` կողմերն իբր եկել են փոխհամաձայնության, որից հետո համայնքը ընկերությանը հատկացրել է հողատարածք, որպեսզի այն կառուցի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսվող 3-րդ պոչամբարը:
Հետաքրքիրն այն է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, որը վերաբերում է համայնքի ավագանու անդամի պարտականություններին, հիշեցնում է, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով եւ համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով, պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ եւ համայնքի ընտրողներին տեղեկացնել ավագանու աշխատանքների մասին: Նույն օրենքի 33 հոդվածը, որը վերաբերում է համայնքի ղեկավարի գործունեությանը քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում, հիշեցնում է, որ համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում միջոցներ պետք է ձեռնարկի` պաշտպանելու համար համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները եւ օրինական շահերը: Անցում կատարելով նույն որոշման ամենակարեւոր կետին, որը վերաբերում է տնտեսվարողին հողատարածք հատկացնելուն, որպեսզի վերջինս կառուցի երրորդ պոչամբարը, պետք է հիշել, որ գյուղապետ Մկրտչյանի կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է թույլ տրվել:
Այսպես` ՀՀ Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը, հստակ նշում է. «Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերը տրամադրվում են ընդերքի օգտագործման իրավունք հաստատող փաստաթղթերին համապատասխան: Ընդերքօգտագործողներին նոր հողամասեր չեն կարող տրամադրվել, եթե նրանց գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման նախագծերին համապատասխան չեն վերականգնվել»: Ի՞նչ է ստացվում` ամերիկյան ընկերությունը, չբարեհաճելով վերականգնել համայնքի խախտված հողերը՝ 2 պոչամբարները եւ այլն, մեծ ախորժակով ցանկանում է սկսել 3-րդ պոչամբարի շինարարությունը, իսկ համայնքապետ Մկրտչյանը գաղտագողի համաձայնում է համայնքի տարածքից հողահատկացում անել` այդ ծրագիրն իրականություն դարձնելու համար:
Նշենք նաեւ, որ նույն համայնքապետը մինչ օրս չգիտի, որ, օրենքի համաձայն, հողի կատեգորիաները փոփոխում է միայն եւ միայն ՀՀ կառավարությունը, այլ ոչ թե ավագանին:
Կարծում եմ, որ մելիքգյուղցիները պետք է գնահատական տան գյուղապետ Մկրտչյանի արարքին եւ իրականացնեն իրենց սահմանադրական իրավունքը` համայնքապետի անհամապատասխանության հարցը բարձրացնեն եւ անվստահություն հայտնեն նրան: Իսկ Հ. Մկրտչյանը գուցե այդ դեպքում, ինչպես առաջին անգամ բնապահպանների հետ հանդիպման ժամանակ էր փորձել պաշտպանվել, ասելով. «Ես Սերժ Սարգսյանի համար 90 տոկոս ձայն եմ ապահովել», սակայն դա չի օգնի, քանի որ պարզից էլ պարզ է, որ մելիքգյուղցին ընտրությունը կատարել է գիտակցաբար, այլ ոչ թե պարտադրանքով` հայ-ամերիկյան համագործակցության առումով բավականաչափ փորձ ունենալով:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի