կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 21:16
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի է պնդելը, որ Սովետական քարտեզներն են Հայաստան-Ադրբեջան բաժանման հիմքը․ Արամ Օրբելյան

Կոորդինատներ և քարտեզ չկա ո՛չ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծում, չկա օրենսդրական փաթեթում, չկա ԱԺ ընդունած փաստաթղթերում, չկա դրա հիման վրա ընդունած քարտեզ որևէ մարմնի կողմից, կա օրենք, որն ասել է՝ սա Հայաստան է, սա Ադրբեջան է, սա՝ Արցախի հարցն է, բայց գիծը որտեղ է՝ այստե՞ղ է, թե՞ մի քիչ վերև կամ ներքև է, չկա, հետևաբար այդ հարցերը պետք է քննարկման դառնան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Խորհրդային վարչատարածքային գծով բաժանելու՝ այսօր սփռվող մտայնության մասին։

«Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ընդունում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Խորհրդային քարտեզով, թե՞ ոչ եթե մենք ընդունում ենք, որ դա անցնում է Խորհրդային քարտեզներով, ոչ մի քննադատություն ես չունեմ։ Եթե չենք ընդունում, ոչ թե կարող էինք, այլ պարտավոր էինք չհանձնել նաև Արցախի՝ ազատագրված տարածքները։ Մենք մարդկանց անուղղակի սվորեցրել ենք, որ Սովետական քարտեզներն են բաժանման հիմքը՝ այն Ադրբեջանն է, սա՝ Հայաստանը նման պնդումը ապօրինի է և, իմ գնահատմամբ, եթե դա արվում է պետական իշխանությունների կողմից, հանցագործություն»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա պնդեց, որ նախ՝ պետք է որոշվի, թե ինչ սկզբունքով է գծվելու սահմանը։

«Պետք է սկսենք բանակցային գործընթաց, որի շրջանակում պետք է քննարկենք սկզբունքները ես գտնում եմ, որ դրանք պետք է լինեն արդարության և տրամաբանության սկզբունքները։ Եթե Ադրբեջանը համաձայնություն չի տալիս, ապա մենք պետք է հարց բարձրացնենք, որ այս խնդիրը պետք է լուծվի միջազգային դատարանի կամ արբիտրաժի կողմից»,-ասաց իրավագետը։

Օրբելյանը վստահեցրեց, որ միևնույն է՝ ինչ էլ որոշի արբիտրաժը, ավելի վատ չի լինելու, քան այն, ինչ արվում է հիմա։

«Վատագույն սցենարը կարող է լինել, որ ասեն՝ փոքր Հայաստանի քարտեզն եք վերցնում, դա 70-ականների քարտեզն է։ Ընդ որում հիմա վերցրել են այն քարտեզը, որտեղ Հայաստանը ամենափոքրն է։ Մենք ունեցել ենք 31 հազար քառ կմ-անոց տարածք՝ չհաշված  Արցախը, որով մտել ենք Խորհրդային Միություն, սկսել ենք փոքրանալ, փոքրանալ, հետո 89-90 թթ Հայաստանը մի քիչ մեծացել է, չէ՛, դա հաշվի չեն առնում, հետ են գնացել այն շրջան, երբ Հայաստանն ամենափոքրն է եղել»,-ասաց Արամ Օրբելյանը։

Այս պատճառով նա շատ կարևոր է համարում, որ ֆիքսենք, որ չենք ընդունում Խորհրդային քարտեզների հիման վրա սահմանագծումը դա գործիքներից մեկն է, որը կարող ենք նայել, եթե պետք է՝ քննարկման առարկա դարձնել, բայց պետք է գնահատվի «արդարության» սկզբունքը։

«Արդարության սկզբունքը ենթադրում է տրամաբանական մոտեցում՝ ճանապարհի մի հատվածը չի կարող անցնել ուրիշին, դա միջպետական ճանապարհ է և որևէ տրամաբանություն չկա, որ ճանապարհի վրա տեղ-տեղ այլ պետություն մտնի, այդ ճանապարհը ամբողջությամբ պետք է լինի մեր վերահսկողության տակ։ Ընդ որում, ամբողջապես պետք է լինի հայկական տարածքում և ոչ թե ճանապարհի եզրով լինի սահմանը, որտեղ ադրբեջանցիները կանգնած լինեն, այլ մի քանի կիլոմետր խորությամբ»,-ասաց իրավագետը։

Սա նշանակում է, որ անթույլատրելի է ադրբեջանական անունն օգտագործել, ասենք, Քյարքի կամ հայկական Տիգրանաշեն, ու դրա հիման վրա քննարկել՝ Ադրբեջա՞ն է, թե՞ Հայաստան դա Հայաստա՛ն է, չի կարող քննարկման առարկա դառնալ՝ Տավուշի մարզում ինչ-որ տարածքներ տալի՞ս ենք Ադրբեջանին, որովհետև դա նշանակում է Հայաստանի ամբողջական բլոկադա և խեղդում, սա Հայաստանի անվտանգության խնդիրն է և «արդարության» սկզբունքը ենթադրում է, որ Հայաստանը չի կարող սահմանային բլոկադայի ենթարկվել ամբողջապես։

Այս գործընթացին զուգահեռ՝ մինչև սահմանազատման հանձնաժողով գնալը, Արամ Օրբելյանը կարևոր է համարում, որ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահը վեր չկենա և չասի՝ օգտագործել ենք ադրբեջանական անուններ, որովհետև մենք գտնում ենք, որ դա Հայաստան չէ ինչո՞ւ, որովհետև պետության տարածքի հարցերը դա ինչ-որ առանձին քաղաքան գործիչների որոշման հարց չէ, դրանք ունեն ընդունման հատուկ ընթացակարգ, այդ թվում նաև Սահմանադրական դատարանի միջոցով դրանց սահմանադրականության քննարկման հարց, այդ թվում նաև, ըստ անհրաժեշտության, որակյալ մեծամասնության հարց կարող է առաջանալ։

«Սրանք գործընթացներ են, որ պետք է անցնել և, հետևաբար, կարող ենք քննարկել, ունենալ փաստաթուղթ, ինչ ուզում են, թող գրեն՝ թեկուզ Երևանն էլ է Ադրբեջան, բերեն, ԱԺ-ում քննարկենք, անցնի կամ չանցնի, բայց չենք կարող մինչև այդ բերել-քննարկելը հայտարարել, որ մենք ընդունում ենք, որ դա մեզ համար վերջնական է ինչո՞ւ, որովհետև միջազգային իրավունքում պետության ներկայացուցիչների միակողմանի հայտարարությունները, որոնք արվել են հրապարակային, նույնպես միջազգային իրավունքի աղբյուր են և դա կարող է պարտադիր դառնալ երկրի համար»,-ասաց Արամ Օրբելյանը։

Նա նաև անհրաժեշտ համարեց միջազգային իրավական լուրջ գործիքակազմ կիրառել, անել ներառական գործընթացներ։

«Այսինքն, ՀՀ տարածքում առկա է հսկայական ռեսուրս և հայկական Սփյուռքում առկա է հսկայական ռեսուրս, ի հավելումն դրա, եթե չենք կարողանում կամ անվճար կամ էժան գնով այդ ռեսուրսը իրացնել հետազոտական ինստիտուտների, առանձին անհատների միջոցով, կա նաև միջազգային բավականին մեծ պրակտիկա՝ խորհրդատուներ, գործընկերներ, պետք է նրանց հետ աշխատել»,-ասավ Արամ Օրբելյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նոր հրապարակել է անգլիացի մի շարք իրավաբանների կողմից մշակված՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանում իրականացված հանցագործությունների մասին» զեկույց։ Այս զեկույցի համար առանձին կայք են բացել։ Ադրբեջանը վարձել է իրավաբաններ և աուդիտորներ, ովքեր հաշվում են օկուպացիայի արդյունքում հասցված վնասը։ Հայաստանն ի՞նչ գործընթացներ է անում ինչ-որ պրոցեսներ տեղի ունենում են, բայց, իրավագետի գնահատմամբ, խիստ սահմանափակ և խիստ ներքին՝ «մենք մեր ուժերով ինչ կարող ենք, կանենք, մենք ուժեղ ենք, խելոք ենք» սկզբունքով։ 

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով