Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատավարությունը, ընդհանուր առմամբ, նորմալ և թափանցիկ է անցել, բոլորը հնարավորություն են ունեցել այն տեսնելու, իհարկե, որոշ լարված պահեր կային, բայց դա բնական է 4 օր փակ տարածքում տեղի ունեցած դատավարության դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներից Արամ Օրբելյանը:
Փաստաբանական խմբից Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց, որ կալանավորման գործընթացի հետ կապված նախորդ դատաքննությունները ևս նույն ֆորմատով և ծավալով են անցել՝ 3-4 օր, միակ տարբերությունն այս անգամ այն էր, որ դատաքննությունն անցկացվեց դռնբաց, և բոլոր փաստարկներն ու հակափաստարկներն այսուհետ հանրության սեփականությունն են, ուստի, ըստ փաստաբանի, արդարադատությունը և դատական որոշումը կայացվելու են այս լույսի ներքո:
«Շատ ավելի հեշտ է օրենքի պահանջներն անտեսել և կայացնել դատական ակտ, երբ դա կատարվում է դռնփակ դատական նիստի պայմաններում, և շատ ավելի պատասխանատու է որոշում կայացնել, երբ բոլոր քննարկումները կատարվել են հանրության աչքի առաջ»,- նշեց Խուդոյանը:
Արամ Օրբելյանն ավելացրեց, որ Հայաստանում, ցավոք, դեռ խորհրդային դատախազական մոտեցումներ են՝ բոլորին պիտի ձերբակալել, կալանքի տակ պահել, որովհետև բոլոր մարդիկ հանցագործ են կամ պոտենցիալ հանցագործ: «Այս մոտցումը չի փոխվում: Հույս կար, որ անցած տարվանից կփոխվի, և դեռ շարունակում է այդ հույսը մնալ, որ կունենանք ավելի լավ քրեապատժողական համակարգ: Այսինքն՝ մինչդատական կալանքը կամ դատաքննության ժամանակ կալանքը չի լինի ինքնանպատակ, որ երբ հանցագործությունը մի քիչ ծանր է, մի քիչ ոչ ստանդարտ, միանգամից կալանավորենք: Սրա ամենատիպիկ օրինակը գլխավոր դատախազի` դատարան «կցկտուր» ներկայանալն էր: Մենք կողմ ենք, որ գլխավոր դատախազը վարի այդ գործը, քանի որ այս գործը բարդությամբ այնպիսին է, որ ենթադրում է նման մակարդակի մասնակցություն: Բայց ակնհայտորեն օգուտ չի բերում, որ գլխավոր դատախազը ներկայանում է առաջին նիստին և վերջին նիստին, ընդ որում՝ վերջինին ներկայանում է, երբ ԼՂՀ ներկայիս և նախկին նախագահներն են երաշխավորություն տալիս, իսկ փակման խոսքում համարյա սպառնում է դատարանին իր ձևակերպումներով»,- ընդգծեց Արամ Օրբելյանը:
Հովհաննես Խուդոյանն ասվածը լրացրեց կոնկրետ օրինակներով, երբ գլխավոր դատախազի կողմից կոչ արվեց չհետևել պաշտպանների դիրքորոշումներին, եղան ոչ իրավական բնույթի արտահայտություններ, որ գործի ամբողջ պատասխանատվությունը պաշտպանական կողմի վրա է:
Նշենք, որ խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը հրապարակվելու է վաղը՝ 16:00-ին: