կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 13:14
Իրավական

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ուստի նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել. Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ուստի նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել. Արամ Օրբելյան

Քոչարյանի գործով դատական նիստը շարունակվում է: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը ներկայացնում է  Ռոբերտ Քոչարյանի կալանքի` անհիմն լինելու վերաբերյալ փաստարկներ:

Փաստաբանը նշեց, որ այսօր գործով որևէ չպարզված հանգամանք չպետք է լինի, որովհետև եթե գործում կա չպարզված հանգամանք, և դա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա գործն ուղղակիորեն չի կարող շարունակվել: «Պետք է շատ հստակ նկարագրված լինի, թե որն է այս հանցագործության օբյեկտը, ո՞րն է եղել դրա օբյեկտիվ կողմը, այսինքն՝ ի՞նչ գործողություններ են կատարվել, ո՞րն է եղել Ռոբերտ Քոչարյանի մեղքը՝ ուղղակի կամ անուղղակի դիտավորությո՞ւն, պարզ չէ: Այսինքն՝ ինչ-որ մի տեղ դիտավորյալ գործողություն կարելի է նկատել, բայց հետո որևէ հիմնավորում չկա: Առաջին օրը, երբ պարոն Քոչարյանը և պարոն Սահակյանը եղել են քննիչի մոտ, որտեղ տրվել է մեղադրանքը, հաջորդ օրը ասուլիսում ես ասել եմ՝ մեղադրանքը պարզ չէ, չենք իմանում` ինչից ենք պաշտպանվում, և դա պարզաբանելու որևէ փորձ չի կատարվել: Դատավարական պարզ հնարք է՝ եթե գործը թույլ է, սկսում ենք ոչ հստակ ձևակերպումներ տալ, իսկ երբ գործը հստակ է, ուժեղ և ապացուցված, շատ պարզ և կարճ հայցադիմում է դառնում, և կարիք չկա երկար, խառը տեքստեր գրելու, որպեսզի խճճեն մարդկանց: Հիմա գործը չկա, ինչպես գործիչներից մեկն է ասում՝ գործը ջուր է, ավելին՝ օդ, դրա համար փորձ է կատարվել այնպես տալ ձևակերպումները, որ պարզ չլինի»,- նշեց նա:

Արամ Օրբելյանը շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, ուստի նրա նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց, չի կարող կիրառվել։ Այնուհետև բացատրեց, որ դատավարական մեղադրյալի կարգավիճակի առկայությունը ենթադրում է՝ ստուգել, թե նախաքննության մարմնի կողմից ներկայացվե՞լ են, արդյոք, համապատասխան տեղեկություններ, փաստեր, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել, ինչի մասին տվյալ անձը տեղեկացվել է, երկրորդ՝ տվյալ անձին պիտի պարզաբանվի առաջադրված մեղադրանքը, դրա էությունը, հանձնվի որպես մեղադրյալ ներգրավվելու որոշման պատճեն, նաև` մեղադրյալի իրավունքների ու պարտականությունների ցանկը:

«Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով Քրեական դատավարության օրենսգիրք, ասում է՝ որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ մեղադրյալի կարգավիճակի մասին որոշում կայացնել, պարոն Քոչարյանին հայտնել, պարզաբանել մեղադրանքի էությունը, հանձնել մեկ օրինակ մեղադրանքի թերթիկ և այլն: Պարոն Ալումյանը պարզաբանել է, որ մեղադրանքը պարզաբանված չի  եղել»,- ընդգծեց Արամ Օրբելյանը: