Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում են Դսեղի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի պեղումները։ Հնագիտական աշխատանքները կյանքի են կոչվել վանական համալիրի ամրակայման ծրագրի շրջանակում։ 10-13-րդ դարերի վանական համալիրում պեղումները սկսել են ամռանը։
«Այս տարի այս ծրագրի շրջանակներում նախատեսված էին պեղումներ, չափագրություն, նախագիծ եւ այլն, որոնց մի մասը պեղումներն էին։ Եւ քանի որ ցանկացած պատմամշակութային հուշարձանում շինարարություն սկսելուց առաջ պեղումները պարտադիր երեւույթ են, այդ իսկ պատճառով հիմա անում ենք այդ աշխատանքները 2 փուլով»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանական համալիրի հնագիտական արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանը։
Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ սա երկրորդ փուլն է։ Նպատակն, առաջին հերթին, շերտերի ուսումնասիրությունն է․ պեղումների ընթացքում հողի տակից դուրս են եկել նաեւ խաչքարերի մասունքներ, որոնք իրարից պոկվել են տասնամյակներ, գուցե դարեր առաջ։
«Այս փուլում ուսումնասիրում ենք շերտերը, բացում, որքան հնարավոր է, հիմքերը, հայտնաբերում ճարտարապետական մանրամասներ, զարդաքանդակ-կոթողներ, տապանաքարեր։ Այս փուլում նաեւ քարերն ենք համարակալում, ֆիքսում։ Այսինքն, հուշարձանը մենք բերում ենք այն վիճակին, որ մեզանից հետո ճարտարապետները կարողանան գալ եւ սկսել չափագրման, նախագծման աշխատանքները»,-Yerkir.am-ին հայտնեց Արման Նալբանդյանը։
Վանական համալիրի մի մասը հիմնադրել են հայտնի Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչները։ Այստեղ է նաեւ նրանց տոհմանական գերեզմանատեղին։
«Չհաշված 9-10-րդ դդ․ եկեղեցին, մյուսները Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչներն են կառուցել՝ սկսած Մարծպան Մամիկոնյանից, եւ արձանագրություններից հայտնի է, որ գավիթը նաեւ գերեզմանատեղին է Մամիկոնյան տոհմի։ Մենք աշխատանքները սկսել ենք հենց գավիթից։ Բացի նրանից, որ հայտնաբերվել են շատ մեծ թվով ճարտարապետական մանրամասներ, որոնք ճարտարապետներին շատ կօգնեն, նաեւ հնագիտական շերտեր, այդ թվում՝ 13-րդ դարի տապանաքարային շերտեր՝ այսինքն այն ժամանակաշրջանի, երբ Մամիկոնյաններն այստեղ թաղումներ էին իրականացնում։ Հայտնաբերվեց մի քանի տապանաքար, ընդ որում՝ 3-ը արձանագիր՝ «Այս է հանգիստ» եւ հանգուցյալի անունը»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց արշավախմբի ղեկավարը։
Նրա խոսքով՝ արձանագրություններից անգամ կարելի է պարզել, թե ովքեր են թաղված այդ տապանաքարերի տակ։
«Մեկի վրա գրված է՝ «Այս է հանգիստ․ Մլքանա», մյուսի վրա՝ Մամքան, մյուսը՝ Սեճի։ Ըստ նախնական ենթադրությունների՝ Մլքանան (Մլքանը) Վասակ Մամիկոնյանի կինն էր, որը նվիրատվություն է կատարել Հաղպատում՝ 30 գոմեշ։ Մամքանը Համլիկ Մամիկոնյանի կինն է։ Համլիկը նշանավոր դեմք էր, իր մասին այստեղ արձանագրություն կա։ Սեճին կամ Սեւճին եղել է Մարծպան Մամիկոնյանի՝ այս եկեղեցին կառուցողի ծառան։ Իր արձանագրություններից մեկում նշված է, որ Սեճին՝ Մարծպան Մամիկոնյանի ծառան, իր կնոջ հետ միասին կառուցել է ավանդատան խորանը։ Սրանք պատմության համար նոր էջերի բացահայտում են»,-ասաց Արման Նալբանդյանը։
Հնագիտական արշավախմբին պեղումների հարցում օգնել են նաեւ երեխաները, որոնք «Արի» արշավախմբի հետ այցելել էին Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք։ Երեխաները, որոնց մի մասն, ի դեպ, Արցախի վերջին պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց տունն ու շենը, «խոխա-արշավի» շրջանակում հայտնաբերեցին անսպասելի շատ արձանագրություններով տապանաքար։ ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ ծրագրում կան վանական համալիրի բարեկարգման եւ ամրակայման աշխատանքներ։
«Հետագայում ծրագրերի մեջ կա վերականգնման նախագիծ եւ եկեղեցին վերականգնելու ծրագիր, ամրակայման խիստ կարիք ունի, վտանգված է, այսպես անխնամ թողնելով՝ մի քանի տարում հնարավոր է նաեւ պահպանված մասերը փլվեին, եւ կորցնեինք եկեղեցին, դրա համար շատ կարեւոր էր նաեւ պակասող քարերը գտնելը, ուսումնասիրելն ու չափագրելը, որպեսզի ճարտարապետներն ուսումնասիրեն՝ վերականգնման համար։ Ուսումնասիրությունից հետո պարզ կլինի՝ ինչքանով է հնարավոր այն վերականգնել, թե եղած հատվածներն ուղղակի ամրակայելով կարելի է բավարարվել»,-Yerkir.am-ին ասաց ԿԳՄՍ նախարարության Պատմության եւ հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Նա հայտնեց, որ տարածքում հնագետներին օգնում են մոտակա գյուղերի բնակիչները․ տեղանքը դժվարամատչելի է, անելիքը՝ շատ։
«Մյուս տարի մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսված է նաեւ վերականգնման կամ ամրակայման նախագիծը պատվիրելը։ Այս փուլում կչափագրվեն, մանրամասն կուսումնասիրվեն, արդեն ճարտարապետների առաջարկի հիման վրա մենք կմշակենք տեխնիկական առաջադրանքը, թե մյուս տարի ինչպիսի վերականգնման նախագիծ կպատվիրվի, որից հետո կգա ամենաբարդ փուլը՝ միջոցներ հայթայթելը, որովհետեւ պետբյուջեի միջոցները շատ սուղ են, իսկ մեր հուշարձանները՝ հազարավոր։ Մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է խոսքը, նաեւ սպասում ենք բարերարների աջակցության»,-նշեց Հարություն Վանյանը։
Վոլոդյա Հովսեփյան