Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղում արդեն ավարտին են մոտենում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից ձեռնարկված հնագիտական պեղումները միջնադարյան Սոթք 1 ամրոցի տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի անդամ, պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանը, այս պեղումների արդյունքում բացված եղբայրական գերեզմանը կարող է նոր լույս սփռել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության մութ էջերի վրա: Պեղումներն իրականացվում են «Հասրաթյան-Մինասյան» մշակութային-հասարակական հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Սոթք-1 ամրոցը գտնվում է Սոթք գյուղի կենտրոնում՝ համանուն գետի ափին՝ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարեւանությամբ: Այն զբաղեցնում է շուրջ 1 հեկտար մակերես: Ամրոցը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի կողմից (ղեկավար պ․գ․թ․ Արսեն Բոբոխյան) նախնական ուսումնասիրվել է 2014 թվականին: Այս տարի պեղումներն իրականացվել են ամրոցի վերնամասում՝ պարզելու համար հնավայրի թվագրությունը եւ շերտագրությունը:
«Ամրոցում հայտնաբերվել են վաղ եւ ուշ միջնադարյան ժամանակաշրջանների հետքեր՝ ամրոցի ներսում գտնված պատերի, ինչպես նաեւ սալարկղային գերեզմանների տեսքով: Ամրոցը գտնվել է Դվին-Պարտավ քարավանային ճանապարհին եւ հավանաբար ծառայել է որպես ճանապարհը հսկող դիտակետ: Այստեղ դեռ խորհրդային շրջանում պահպանված են եղել խաչքարեր, հայկական գերեզմաններ, որոնց հետքերը տեղի թուրքալեզու բնակիչները հասցրել են ոչնչացնել: Ամրոցը երեք կողմից անառիկ է եւ միայն հյուսիսից մուտք ունի, որտեղ այս տարի բացվել է եղբայրական գերեզման: Վեց մետր երկարությամբ եւ 4 մետր լայնությամբ ու մինչեւ քսան սանտիմետր խորությամբ բացված մակերեսին գտվել են մոտ մեկ տասնյակ մարդկային կմախքներ, որոնք թաղված են անկանոն՝ առանց համապատասխան կառույցների, հողի մակերեւույթին շատ մոտ: Կարծում ենք, որ սրանով մենք մոտ ենք պատմական մի կարեւոր փաստի բացահայտմանը, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում: Խոսքը 1919 թվականի փետրվարի եղեռնագործության մասին է:
Ըստ առկա տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը զորք է ուղարկում Նոր Բայազետ գավառի Բասարգեչարի շրջան՝ տեղի թուրքալեզու բնակչությանը խաղաղեցնելու նպատակով: Զորախումբը գլխավորում է հայ անվանի զինվորական Մովսես Սիլիկյանի ազգական Արշակ Սիլիկյանը: Մեծ Մասրիկ գյուղում թուրքերը խաղաղարար բանագնացներ են ուղարկում Սիլիկյանի մոտ, հնազանդության խոստում տալիս, հայկական զորքին աղուհացով դիմավորում: Այնուհետ, թմրեցնելով հայ զինվորների զգոնությունը, նրանց հյուրասիրության են հրավիրում Սոթք գյուղ: Հյուրընկալության ընթացքում, թուրքերը Սամանդ աղայի ցուցումով շրջապատում են տունը եւ դավադրաբար սպանում Սիլիկյանին, նրա եղբորը եւ մյուս հայ զինվորներին: ԽՍՀՄ տարիներին այդ պատմությունը մոռացվում է, սպանվածների թաղման ստույգ տեղը մնում է անհայտ. միայն տեղի հայ բնակչությունն է ավանդաբար հիշում թաղման վայրը: Հնագետների կողմից պեղված թաղվածները երիտասարդ տարիքի տղամարդիկ են: Չի բացառվում, որ հայտնաբերվել են սպանված հայ զինվորների մարմինները»,- ներկայացրեց պեղող հնագետը: