կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-07 17:19
Քաղաքական

Դիրքապահի խնդիր կա, մինչդեռ զինված ուժերում կրճատումներ են անում․ ռազմական փորձագետը՝ եռամսյա հավաքների մասին

Դիրքապահի խնդիր կա, մինչդեռ զինված ուժերում կրճատումներ են անում․ ռազմական փորձագետը՝ եռամսյա հավաքների մասին

Սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը ՊՆ-ն հայտարարել է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության՝ հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության մեջ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ՊՆ-ն եռամսյա նոր վարժական հավաքներ է անցկացնում, քանի որ առաջնագծում դիրք պահելու խնդիր կա․ հապճեպ փորձ է՝ դիրքապահների պակասն արագ լրացնելու։

«Եռամսյա հավաքներ վերջին անգամ եղել են 1993-1994 թթ․-ներին, որոնց մասնակցած զինվորականները հետո մասնակցում էին մարտերի։ Այս վարժանքներում ներգրավված անձինք ծառայության են անցնելու առաջնագծում՝ դիրք են պահելու։ Ըստ էության, պետությունը դիրքապահների խնդիր ունի եւ փորձում է եռամսյա հավաքներով  այս խնդիրը լուծել»,- ասում է Վրթանեսյանը։

Ռազմական փորձագետը, սակայն, կարծում է, որ երեք ամիսը բավարար չէ մարդկանց մարտական պատրաստականության եւ պատրաստվածության բերելու համար։ «Եվ դեռ հարց է՝ այդ անձինք ի՞նչ տիպի ծառայություն են անցնելու, արդյո՞ք իրենք դիրքապահի անհրաժեշտ հմտություններն ունեն։ Այստեղ շատ հարցեր կան։ Սա, իմ կարծիքով, հապճեպ փորձ է՝ դիրքապահների պակասն արագ լրացնելու համար։ Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե դիրքապահի խնդիր կա, ինչո՞ւ են զինված ուժերում կրճատումներ անում եւ շարունակում խոսել կրճատումներից։ Ինչո՞ւ են եռամսյա հավաքների անվան տակ մարդկանց տանում՝ դիրքեր պահելու, այս հարցի պատասխանը պաշտոնական աղբյուրներից չի հնչել»,-  հարց է բարձրացնում ռազմական փորձագետը։

Մինչեւ պատերազմը, զինված ուժերից բացի, այս իշխանությունները ծրագրում էին նաեւ աշխարհազոր ստեղծել՝ մինչեւ 100 հազար աշխարհազորայինով։ Պաշտպանության նախարարությունն էլ առաջարկում էր «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել. նախագիծը դրվել է հանրային քննարկման։ Վրթանեսյանը չի զարմանում, որ այս ծրագիրը եւս կյանքի չկոչվեց, ասում է՝ իսկ ի՞նչ եղան տնտեսության թռիչքաձեւ աճը, ի՞նչ եղավ կաթիլային ոռոգումը, 10 մլն ծառ տնկելու խոստումները․ «Այդ ամենը օդում կախված մնաց։ Խոսում են, բայց խոսքը եւ գործը երկու շատ տարբեր բաներ են։ Այսօր փաստն այն է, որ մի կողմից քաղաքացիական անձանց տանում են եռամսյա հավաքների՝ որպես դիրքապահ, ինչը ես համարում եմ առանց անհրաժեշտ նախապատրաստության, մյուս կողմից էլ բանակի կրճատման գործընթաց է գնում»։

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։ Ռազմական փորձագետը թշնամու ցանկացած զորավարժություն վտանգ եւ սպառնալիք է համար Հայաստանի համար։ «Եթե անգամ զուտ զորավարժություն, թշնամու զորքն ուժեղանում է, ավելի պատրաստված են դառնում հնարավոր գործողությունների գնալիս։ Ցանկացած դեպքում այս հանգամանքը մեզ պետք է մտահոգի»,- ասում է նա։

Հարցին՝ հեռո՞ւ ենք նոր պատերացմից, Վրթանեսյանը պատասխանում է՝ ցանկացած պահի պատերազմ հնարավոր է, քանի որ իրավիճակն անկայուն է,  ուժերի բալանսը խախտված է հօգուտ թշնամու։ «Մենք չգիտենք, թե մի քանի օր անց ինչպիսի իրադարձություններ կարող են լինել, որոնք կբերեն տարբեր մասշտաբների ռազմական գործողությունների»,- ասում է նա՝ շեշտելով՝ իրավիճակը անկայուն է եւ՛ մեզ մոտ, եւ՛ մեր շուրջը, եւ՛ տարածաշրջանում։

Լիանա Սարգսյան