կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 15:43
Հասարակություն

Զինված ուժերում չկա ո՛չ անձրևանոցի, ո՛չ սննդի, ո՛չ հագուստի, ո՛չ էլ զենքի խնդիր. Արծրուն Հովհաննիսյան

Զինված ուժերում չկա ո՛չ անձրևանոցի, ո՛չ սննդի, ո՛չ հագուստի, ո՛չ էլ զենքի խնդիր. Արծրուն Հովհաննիսյան

Հայտարարությունները, թե բանակում չկան գիշերային տեսանելիության սարքեր, չեն համապատասխանում իրականությանը. այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ 3-4 տարի է` զորքերը տարեկան համալրվում են  գիշերային տեսանելիության հարյուրավոր սարքերով, ընդ որում` ամսեամիս դրանց թե՛ քանակն է փոխվում, թե՛ սերնդափոխություն է լինում: «Այն, որ բանակը վերազինվում է, որևէ մեկի հայտարարության հետ կապ չունի, դա ամենօրյա գործընթաց է»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ զինված ուժերն ապահովված են համապատասխան քանակությամբ գիշերային տեսանելիության սարքերով, նա պատասխանեց, որ չի կարող ասել, թե մեր պահանջարկներից բխող բոլոր հարցերն իդեալական վիճակում են: «Եթե որևէ մեկը կասի, որ նման բան կա աշխարհի որևէ բանակում, առնվազն միամտություն կլինի»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Նա նշեց նաև, որ վստահ է`ուռճացվում է բանակում անձրևանոցների բացակայության հարցը, վաղը կարող է ֆեյսբուքյան գրառումներից հետո մեկ ուրիշ հարց դառնալ «թոփ խնդիր»:

«Զորքերի բացազատված վիճակում ամենօրյա մարտական խնդիրներ կատարելու դեպքում կատարվում է ոչ ստանդարտ մարտական գործընթաց: Հանդերձանքի, սնունդի հետ կապված չնչին հարցերը պետք չի բարձրացնել թիվ մեկ կարևորության: Զինված ուժերում չկա  ո՛չ անձրևանոցի, ո՛չ սնունդի, ո՛չ հագուստի, ո՛չ էլ զենքի գլոբալ խնդիր: Մյուս կողմից` ինչքան էլ սիրուն, հերոսական ու գեղեցիկ է հնչում, առանց զենքի հաղթանակներ չեն լինում: Ինչքան էլ քննադատեք, հիշեք` բանակը հաղթել է և իր խնդիրը կատարել: Միամտությունները, թե կարելի է հաղթել Սասունցի Դավթից ժառանգած գենետիկ չգիտեմ ինչերով, առնվազն լուրջ չէ: Ավելին` եթե ԶՈՒ-ն չունի կազմակերպման համապատասխան աստիճան, ղեկավարման հնարավորություն, եթե հրամանատարից մինչև վերջին զինվորը շղթան չի աշխատում, հաղթանակ չի կարող լինել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ ԶՈՒ մարտունակության մեջ մարտական ոգին առաջին տեղում է, և որևէ մեկը դա հերքել չի կարող, բայց, մյուս կողմից, զինվորներն այդ ոգին տնից չեն բերում, այն մարտունակության ապահովման գործընթացից է ծնվում: