Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
-Պատերազմի երկրորդ շաբաթը ռազմաճակատում կանաչ գույնի այլևս ոչինչ չէր մնացել. չկային վրաններ, չկային շենքեր, չկար զրահատեխնիկա։ Պատերազմն ավերել, տարել էր ամեն ինչ՝ զինվորին թողնելով մեն մենակ իր իսկ փորած խրամատում։
-Անձրևում է, աշնան սառը անձրևը կարծես ներթափանցում է ոսկորներիցս ներս: Անձրևին ու ամպրոպին այլևս շտապելու տեղ չունենք, ծածկ չունենք մեր գլխին, մեր զորամասը պայթեցվեց, բլինդաժը արկի պայթյունից փլվեց։ Պատերազմը հողին հավասարեցրեց ամեն քար ու կառույց…
-Պատերազմը տարավ մեր մարտական ընկերներից շատերին, նրանց լուսե ժպիտը քարացավ, արնաշաղախ մարմինները հողոտվեցին, պայթյունից մաս-մաս եղան ու ցաքուցրիվ ընկան դիրքի ողջ տարածքում։ Մենք տեսանք արկի պայթյունը, որը երկփեղկեց հրամանատարի մարմինը... Ժամեր անց կարողացանք հրամանատարի միայն մի ձեռքը գտնել և ուղարկել Եռաբլուր՝ հուղարկավորելու…
-Երեկ խրամատի մեջ հրթիռ ընկավ: Ես գնացել էի ջուր բերելու: Վերադարձին մեր խրամատում արյան վտակներ էին հոսում: Ժամեր անց դողացող ձեռքերով հավաքեցի մտերիմ ընկերոջս մարմնի մասերն ու դիրքի մեր փոքրիկ սրբատեղիում հանձնեցի հողին, սպիտակ քարեր հավաքեցի, արցունքներիս հետ շաղախեցի ու քարերը խաչ դարձրեցի մարտական ընկերոջս գերեզմանին։
-Բնությունն անգութ էր երեկ։ Հողը թաց էր, քնապարկը՝ ևս։ Ես անխոնջ մեկնել էի հոգնած ոտքերս ու ողջ մարմնովս սարսուռ էի զգում, հողի սառնությունն էի զգում ոսկորներումս։ Ըմբոստանում էի Աստծո դեմ, թե` ինձ ինչու խնայեց ու ողջ թողեց...
-Չեմ հիշում՝ ինչ օր է, օրերն այլևս չենք համրում, կորցրել ենք հաշիվը, բայց հավատով պահում ենք մեր մի բուռ հայրենիքը։ Անծայրածիր մեր դիրքերում, որտեղ ժամանակին մեր դասակի զինվորներն ուրախ զրույցներով ավազե պարկերն էին դարսում, բլինդաժի շրջակայքը բարեկարգում, այժմ միայն մահաբեր, անորոշ լռությունն է թևածում, ամենուր պայթած հրթիռներից գոյացած հսկայական փոսեր էին, որոնք հիշեցնում են աշնանային արյունոտ մարտերի մասին…
-Անձրևին հաջորդեց ձյունը՝ ճերմակով ծածկելով պատերազմի հետքերը։ Հողի մեջ ոսկրանում էին զոհվածների անթաղ մարմինները, իսկ ողջերս դեռ շարունակում էինք պահել մեր դիրքերը։ Մենք այլևս չգիտեինք՝ ինչին հավատալ, բայց հավատարիմ էինք հայոց հողը պահելու մեր առաքելությանը։ Մենք ամենավատ երազում անգամ չէնք կարող տեսել, որ մի օր պետք է գան և մեզ ասեն. «Պետք է հանձնեք ձեր պահած դիրքերը, էդպես է որոշված...»:
-Բայց մեր պատերազմը դեռ չի լռել, քանզի մարտական ընկերներիս արյամբ ներծծված հողի կանչը երբևէ չի լռելու...
Վարդինե Իսահակյան