Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարբեր կարծիքներ են հնչում թալիբների կողմից իշխանությունը զավթելու վերաբերյալ: Որոշ փորձագետներ ասում են, որ Միացյալ Նահանգները պարտվել է թալիբներին, իսկ ոմանք էլ համոզված են, որ ԱՄՆ-ը նոր խաղ է սկսել՝ տարածաշրջանը ապակայունացնելու համար: Բայց այն, ինչ այս պահին հաստատ կարելի է ասել, այն է, որ տարածաշրջանում իրադարձությունները կազդեն ոչ միայն Աֆղանստանի և նրա անմիջական սահմանների, այլև ամբողջ եվրասիական տարածքի ճակատագրի վրա. գրում է թուրքական Cumhuriyet-ը՝ վերլուծելով իրավիճակը Աֆղանստանում «Թալիբան»-ի՝ իշխանությունը զավթելուց հետո։
Ըստ թերթի՝ Աֆղանստանի իրադարձություններից առավելապես ազդվող տարածաշրջանը Կենտրոնական Ասիան է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում լավ էին հասկանում Աֆղանստանի նշանակությունը Սառը պատերազմի տարիներին. Աֆղանստանը, որը կարևոր դեր է խաղում Նիկոլաս Սփիքմանի տեսության մեջ, կարևորվել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջիմ Քարթերի, Զբիգնև Բժեզինսկու կողմից: 1979 թվականին Աֆղանստանում խորհրդային միջամտությունից հետո Բժեզինսկին մեծ ուշադրություն է դարձրել տարածաշրջանում ջիհադիստական խմբերի գործունեությանը: Երբ տասը տարի անց ԽՍՀՄ-ը դուրս եկավ Աֆղանստանից՝ պարտվելուց հետո, դա նաև արագացրեց Խորհրդային Միության փլուզումը: Աֆղանստանում անկայունությունը կհանգեցնի միգրացիայի ալիքի և կազդի Կենտրոնական Ասիայի հանրապետությունների վրա՝ բոլոր առումներով: Աֆղանստանում, թալիբների վերահսկողության ներքո, սալաֆիները, ջիհադիստ ահաբեկչական կազմակերպությունները, առաջին հերթին՝ ԻՊ-ը, կարող են ուժեղացնել և ակտիվացնել իրենց գործունեությունը Կենտրոնական Ասիայում: Միևնույն ժամանակ, ԿՀՎ-ի կողմից վերահսկվող ահաբեկչական կազմակերպությունները կարող են ձեռնարկել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված գործողություններ` չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին խոչընդոտելու համար, ինչպես նաև Ռուսաստանի անվտանգությունը թուլացնելու նպատակով»: