Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի և «Թալիբան» ծայրահեղական խմբավորման միջև համաձայնության շրջանակներում առաջին 5000 ամերիկացի զինվորականները կլքեն Աֆղանստանի տարածքը 5 ամսվա ընթացքում։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը աֆղանցի նախագահին ցույց է տվել համաձայնագրի նախագիծը և հայտարարել, որ իրենք Ամերիկայի ամենաերկարատև պատերազմի դադարեցման շեմին են․ հայտնում է AP-ն։
Նշվում է՝ Խալիլզադը երկու անգամ հանդիպել է նախագահ Աշրաֆ Հանիի հետ Կատարից վերադառնալուց հետո, որտեղ ավարտվել է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների իններորդ փուլը։
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք եկել թալիբների հետ, սակայն, իհարկե, մինչև ԱՄՆ նախագահը հավանություն չտա դրան, այն վերջնական չի կարող լինել»,- տեղական TOLO հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Խալիլզադը ու մանրամասնել, որ, ըստ համաձայնագրի, առաջին 5000 ամերիկացի զինվորականները Աֆղանստանի հինգ բազաներից դուրս կբերվեն 135 օրվա ընթացքում։ Այս պահի դրությամբ երկրում հաշվվում է մոտ 14 000 ամերիկյան զինծառայող։
Ակնկալվում է, որ զորքերի հետագա դուրսբերումը կախված կլինի գործարքի պայմաններից՝ ներառյալ բռնության նվազումը։
Թալիբները վերահսկում են երկրի մոտ կեսը։ Իր հերթին, ԱՄՆ-ը ձգտում է, որ թալիբները հավաստիացնեն՝ Աֆղանստանը ապաստան չի դառնա ծայրահեղական խմբավորումների համար, որոնք ծրագրում և իրականացնում են ահաբեկչական գրոհներ։
Աֆղանական կառավարությունը չի մասնակցել ԱՄՆ-ի և թալիբների բանակցություններին, քանի որ իրենք մերժում են թալիբներին որպես ԱՄՆ-ի խամաճիկների։ Այնուամենայնիվ, համաձայնագրի կնքումից հետո տեղի կունենան ներաֆղանական բանակցություններ։