կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-02 15:08
Արցախ

Այսօրվա իշխանությունն աջակցում է թուրք-ադրբեջանցիներին հայության դեմ ցեղասպանության գործում․ Լ․ Ալավերդյան

Այսօրվա իշխանությունն աջակցում է թուրք-ադրբեջանցիներին հայության դեմ ցեղասպանության գործում․ Լ․ Ալավերդյան

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ որեւէ քննարկում չեղավ Հայաստանի իրական իրավիճակի մասին։ Եթե չիմանայինք, թե իրականում ինչ է տեղի ունենում, կկարծեինք՝ ամենախաղաղ, ամենաբարիդրացիական շրջապատում ենք ապրում այս պահին․ Yerkir.am-ին ասաց իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ սա կեղծ օրակարգ է, որով փորձում են ցույց տալ՝ տարածաշրջանում առաջատար են, խաղաղության կողմնակից են։ Ըստ նրա՝ խաղաղություն տեղի չի ունենում խոսքով, այլ միայն՝ գործով։

«Այս իշխանությունը պետք է վերջ դնի պարտադրված կամ իրենց հնարած, գլուխ գովելու համար հորինած՝ խաղաղություն հաստատելու համար եկած լինելու եզրույթներին։ Ինչքան էլ քողարկեն տեղի ունեցածը, եղել է ցեղասպանական ագրեսիա Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական ուժերով»,- նշեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Այն, ինչ 100 տարի առաջ չկարողացավ լիարժեք իրականացնել Թուրքիան, շեշտում է իրավապաշտպանը, այսօր անում է Ադրբեջանի հետ։ Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արարատում տեղի ունեցողը, նրա խոսքով, ցեղասպանություն է։

«Ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել 80-ականների վերջում եւ 90-ականների սկսզբում, նույնն է՝ հիմա էլ վառում են խոտհարքները, վնասում անասուններին, բռնում են պատահական մարդկանց եւ ենթարկում դաժան վերաբերմունքի, կտտանքների։ Այդ ամենը մի անուն ունի՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք դժվար թե տանելի լինեն որեւէ մարդկային խմբի համար։ Սա ցեղասպանությունը կանխարգելելու մասին միջազգային կոնվենցիայի հոդված է»,-Yerkir.am-ին ասաց Լարիսա Ալավերդյանը։

Թշնամին մեզ ցեղասպանության է ենթարկում, մինչդեռ Հայաստանի վարչապետը հայկական բնակավայրերի անուններն արտաբերում է թշնամու լեզվով։ Սա, կարծես թե, թշնամուն հաճոյանալու հերթական դրսեւորումն է։

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող, Հայաստանի քաղաքացի Փաշինյանի հայտարարությունը, որ դա Ադրբեջանին պատկանող տարածք է, գյուղերի անունը, որն ինքը չգիտի ադրբեջաներեն, իրեն տվել են, պարտադրել են, եւ ինքը սիրով արտասանել է այդ գյուղերի անունները ադրբեջաներեն։ Ես նրանց հասկանում եմ, որովհետեւ ադրբեջանցիների համար պատմությունն սկսվում է այն պահից, երբ նրանք ծնվում են, բայց ամոթ է եւ խիստ դատապարտելի, որ այդպես են արտահայտվում Հայաստանի օրվա իշխանությունները»,- ասաց Ալավերդյանը։

Այսօր Արցախի անկախության 30-ամյակն է, բայց այս տարի Արցախն իր անկախությունը կոտրված մեջքով է նշում։

«Այս իշխանությունները հողին հավասարեցրին մի ամբողջ սերնդի գիտակից կյանքի կեսը։ 33 տարուց ավելի ինչքան սերունդ կար, ազգային-ազատագրական պայքար էր մղում Արցախն ազատագրելու համար, որով կարելի էր ապահովել Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը։ Այս բոլորը հողին հավասարեցնելով՝ այսօրվա ապաշնորհ իշխանությունը շարունակում է չարագործությունը եւ սատարում թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագրերին եւ քայլերին»,-շեշտեց իրավապաշտպանը։