Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացիական հասարակության ծրագրերը պետք է լավ ուսումնասիրել և չկրկնել նախկին սխալները. Ղարաբաղյան հակամարտության հարցում ժողովրդական դիվանագիտությանն անդրադառնալով` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը:
«Արդյո՞ք մենք ուսումնասիրելու ենք 1994-ից ի վեր եղած բոլոր ծրագրերը և հասկանալու, թե որը չպետք է կրկնել, որովհետև այդ ծրագրերում եղել են իրավիճակներ, որ այդքան էլ բարենպաստ չեն եղել: Կամ՝ ֆորմատը մնալո՞ւ է եռակողմ, նույն ձևով պնդելո՞ւ են, որ ժողովրդական դիվանագիտության ծրագրերում ֆորմատն անպայման եռակողմ լինի, թե՞ հիմա եվրոպական մի ծրագիր կա, որը ֆորմատը վերածված է երկու կողմի: Եթե այս ամենը հաշվի են առնելու և ճիշտ ձևով են անելու, թող անեն, նստենք, խոսենք: Այլ հարց է, թե սա որքանով է նպաստելու հասարակությունների մերձեցմանը: Ես հիշում եմ, որ 1999-ին, 2000-ին շատ ակտիվ էին այդ իմաստով, իսկ 2001-ին հայր Ալիևը հարցազրույց տվեց և ասաց, որ քաղհասարակության ծրագրերը միայն խանգարում են հարցի լուծմանը, և այդ օրերին հայկական պատվիրակությունը Բաքվում մի այդպիսի կոնֆերանսի էր, երբ հյուրանոցում շրջապատեցին և վռնդեցին, նույնիսկ հարվածներ հասցրեցին: Սերժ Սարգսյանի ժամանակ Սոչիում, երբ Մեդվեդևն էր, փաստաթղթի նման մի բան կար, որ պարտավորություն էին ստանձնել օժանդակելու քաղհասարակությանը, որը կյանքի չկոչվեց: Միաժամանակ պետք է դրական համարել բանակցությունների սեղանի շուրջ զրույցները, քանի որ ինչքան խոսեն, այնքան ավելի քիչ կրակոցներ կլինեն առաջնագծում»,- նշեց Պողոսյանը:
Հանդիպմանը ներկա` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ արտգործնախարարների երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ բոլորը կողմ են ստատուս քվոյի պահպանմանը: Ըստ նրա՝ այս տարիներին Ադրբեջանն իրավական դաշտում շահել է և այս կամ այն հարթակում հասել այնպիսի որոշումների ընդունման, որոնք հաստատում են իր իրավունքներն Արցախի տարածքների վրա, մինչդեռ Հայաստանը չի կարողացել իրավական դաշտում որևէ փաստաթուղթ ունենալ, որը կխոսեր Արցախի ժողովրդի իրական և միջազգային իրավունքի մասին այդ տարածքների հանդեպ: «Սա Հայաստանի թույլ կողմն եմ համարում, որովհետև Արցախը միայն կարող է առաջարկել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում Ռուսաստանը ներկայացված է եղել արտաքին գերատեսչության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահի մակարդակով, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ սա հաստատում է այն, որ բոլորը համաձայն են փաստին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ խաղացող ԼՂ հարցի կարգավորման գործում:
«Ինչի՞ վրա ենք օգտագործում ժամանակը, ունի՞, արդյոք, նոր իշխանությունն իր ռազմավարական կամ մարտավարական փաթեթը: Այո, հանդիպումները բերում են նրան, որ հումանիտար դաշտում շոշափելի արդյունքներ են լինում, բայց այստեղ ուզում եմ հիշեցնել, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Ալիևի օրոք հրաշալի գործում էր օպերատիվ կապը, որ երբ սահմանից այն կողմ քաղաքացի էր հայտնվում, բավականին արագ՝ 2-3 օրվա ընթացքում, պարզվում էր` ինչն ինչոց է, և նա վերադարձվում էր: Այլ հանդիպումներ ևս կային, ինքս 5 անգամ Բաքվում եմ եղել՝ 1998-ից սկսած: Ուզում եմ, որ հասկանանք՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար կարճաժամկետ ծրագիրը 100 տարվա ծրագիրն է, միջնաժամկետը՝ 300 տարվա, երկարաժամկետը՝ 500, իսկ մեզ համար միջնաժամկետ ծրագիրը 3 տարվա ծրագիրն է: Սա մտածելակերպի և ռազմավարության տարբերության մասին է խոսում: Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի և Թուրքիայի մարտավարությունը մի մազաչափ կփոխվի, որի նպատակը հայաթափությունն է՝ սկսած Արցախից մինչև ամբողջ Հայաստան»,- ասաց Ալավերդյանը:
Թևան Պողոսյանը հարկ համարեց լրացնել Ալավերդյանի` վերևում արտահայտած միտքը ՌԴ-ի դերակատարության հետ կապված՝ նշելով, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ-ից հետո անմիջապես մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ և քննարկելու է ԼՂ հարցը: «Մենք այլևս չենք թույլ տալիս, որ մենակ մեկը ձեռքը վերցնի այս հարցը»,- ընդգծեց նա:
«Այդ մեկն էլ չի ուզում ամբողջությամբ այդ խնդիրն իր ձեռքը վերցնի: Դա խոշոր խաղ է, այս պահին ՌԴ-ն պրոակտիվ քայլ է անում, որին մնացածները դեմ չեն, որովհետև ով իր վրա մի քիչ շատ է վերցնում, պատասխանատվությունն էլ է շատ լինում»,- արձագանքեց Լարիսա Ալավերդյանը: