Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ղարաբաղի հարց չկա. այն լուծված է Արցախի Հանրապետության ստեղծմամբ: Նրա և’ սահմաններն են ուրիշ, և’ անվանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կան մարդիկ, որոնք ուզում են սեպ խրել Հայաստան-Արցախ հարաբերությունների մեջ, նա նշեց. «Չկան տարանջատված հանրապետություններ: Կան 2 պետական միավորներ, որոնցից մեկը ճանաչված է, իսկ մյուսը`ոչ, և նրանք համագործակցում են բոլոր հնարավոր և աշխարահաքաղաքական դաշտի կողմից ընդունված ձևերով: Գոյություն ունի բաժանված ժողովուրդների եզրույթը: Եղել են նման ազգեր ու ժողովուրդներ, օրինակ` գերմանական 2 պետությունները, վիետնամական 2 պետությունները, Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան: Մենք էլ, ահա, այդ ժողովուրդների վիճակում ենք, բայց դա մեզ պարտադրված է եղել: Մենք միասնական չենք եղել, քանի որ ՀՀ առաջին նախագահը ժամանակին կոպիտ քաղաքական սխալ է արել`համաձայնելով, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց` ավելի բարձր կարգավիճակով»:
Ըստ Ալավերդյանի` այս պահին երկրների միացման մասին խոսողները ամբողջովին օգտագործում են ադրբեջանական քաղաքագիտական լեզուն` ասելով Արցախը չկա, այն ուղղակի ֆիկցիա է, այնտեղի իշխանությունները լեգիտիմ չեն: «Այդպիսի համընկնություններ չեն լինում, բայց դա չի նշանակում, որ նրանք կատարում են Ադրբեջանի պատվերը, այլ այս ամենն իրականացվում է ամբողջովին ինքնուս կոմպոզիտորների մակարդակով` հաշվի չառնելով այն բարդ աշխարհաքաղաքական խաղերը և վիճակը, որն այսօր կա»,- ասաց նա:
Ալավերդյանի կարծիքով`այս պահին Արցախում արտահերթ ընտրություններ պահանջող ուժերը, որոնք միևնույն ժամանակ շտապեցնում են այդ գործընթացի անցկացումը, իրականում համոզված են, որ եթե այդ ընտրություններն ընթանան նորմալ տեմպերով, այսինքն`անցկացվեն հերթական ընտրություններ, ապա իրենց հաղթելու շանսերը կզրոյացվեն:
Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ նաև վերջերս Նիկոլ Փաշինյանի`դատարանների դռները փակելու կոչին: Նրա համոզմամբ` դա հակասահմանադրական քայլ է: «Հայաստանում անցյալ տարվանից մինչ օրս հասարակական գիտակցության հանդեպ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով փորձում են շեղել ճշմարիտ ճանապարհից, որը հաղորդվել է` հեղափոխության կողմից, այն է` արդարություն և ո’չ կոռուպցիային: Այդ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներն իրենց մեջ շատ մեծ վտանգ են կրում ոչ միայն հասարակության, այլև իշխանության եկած քաղաքական ուժի համար: Մասնավորապես` վերջերս էլ կարկառուն դեմքերից մեկն ասում էր` «դուք բոլորդ գիտեք`ում մասին ենք խոսում, դրանց կողմից գումար տված ու փողով իրենց ընդդիմություն ձևացնող»: Ես պետք է ասեմ, որ սա ուղղակի մեջբերում է մանիպուլյատիվ տեխնոլոգիաների դասագրքային նյութերից: Այսինքն` մինչև անգամ չեն էլ ուզում մի քիչ ավելի նուրբ գործել: Մենք լսեցինք նաև, որ մի հպարտ ու ամբարտավան քաղաքացի հնչեցրեց սպառնալիք, ընդ որում` սպանության, որից հետո նրան կանչեցին ոստիկանություն: Ես լսել եմ, որ ոստիկանությունն ու բանակը պետք է սովորեն մարտական պարեր, բայց վախենամ, թե ինչ-որ մարլեզոնյան բալետ են սովորում այնտեղ, որովհետև, այդ ամբարտավանին հրավիրելով, հետո նրան ազատ են արձակել և նա կրկնել է իր ասածը, ընդ որում` անգրագրետ ձևակերպումով: Ի՞նչ է, եթե մեկը Սահմանադրությունը խախտում է, որեմն կարելի է՞ սպառնալ ծանր վնասվածքով: Ես ուղղակի խոսքեր չունեմ»,- նշեց Ալավերդյանը:
Ըստ նրա` եթե նոր իշխանությունների ջատագովների հանրահավաքում նման արտահայտություն է հնչում, ապա նոր իշխանությունը վտանգված է: «Որևէ բան ինձ չի կարող համոզել, որ նույն անձն այլոց վերաբերյալ նույն բանը ոչ միայն չի կրկնի, այլև չի անի: Անպատժելիությունը ծնում է հանցագործությունների շատ մեծ ալիք: Եթե քաղաքացիական հասարակությունը մնա այն վիճակում, որում այսօր է, մենք ունենալու ենք ծանր հաղթանակ: Ես չեմ կասկածել երբևիցե, որ մենք հաղթելու ենք, բայց այն ճանապարհը, որն այսօր ընտրվել է ամենածանրը և ամենաերկարն է»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա պնդմամբ` միջադեպի վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձևակերպումը իրավական չէ. ««Ղալաթ» խոսքը ո’չ քաղաքական, ո’չ էլ իրավական էություն և իմաստ չունի: Մենք ունենք քրեական օրենսգիրք, որի այն մասում, որտեղ խոսքը գնում է անձին վնաս հասցնելու հանցագործությունների մասին, ամբողջովին մանրամասնվում է, թե որ դեպքում ինչ քրեական պատիժ է հասնում` հասկանալի է նախաքննությունից, դատական գործընթացներից հետո»,- ասաց նախկին ՄԻՊ-ը:
Ինչ վերաբերում է այս պահին հետհեղափոխական Հայաստանում տիրող իրավիճակին`Ալավերդյանը շեշտում է, որ փողոց փակելը մեկ տարի անց էլ իշխանության համար մնում է հիմնական գործիք այս կամ այն արդյունքը ստանալու համար: «Սա նշանակում է, որ իշխանությունները մեկ տարվա ընթացքում չեն մշակել այլ ինստիտուցիոնալ միջոցառումներ ու մեխանիզմներ: Այս ամենը դառնում է վատ սովորություն»,- ասաց Ալավերդյանը` նշելով, որ իր բոլոր ասածները պետք է ընկալվեն որպես զորակցություն գործող իշխանություններին` ճիշտ ճանապարհի վրա կանգնելու և Հոկտեմբերյան հեղափոխության քայլերը հիշեցնող մեթոդներից հրաժարվելու համար:
«Ես ափսոսում եմ. հեղափոխություն էլ կա, հեղափոխություն էլ: Այս 2 հեղափոխություններն իրարից մեծ տարբերություններ ունեն: Ես ավելի շատ բարեփոխումների կողմնակից եմ եղել, երբեք չեմ թաքցրել, որ դեմ եմ բախումային սցենարիներին: Իհարկե, լավ էր` ժողովրդի, իշխանությունների և Աստծո օգնությամբ անարյուն եղավ այդ բոլորը, բայց դա չի նշանակում, որ դրան պետք է հետևի ամբողջական ապաինստիտուցիոնալությունը»,- մտահոգություն հայտնեց նա:
Խոսելով հայաստանյան ԶԼՄ-ների անկախության մասին` Ալավերդյանը վստահեցրեց. «Մի ԶԼՄ-ի դեպքում մտնում են օֆիսներ, մյուսներին տանում են ոստիկանություն, բռնություն են գործադրում, մնացածներին հակահեղափոխանական են անվանում`ասելով, որ իրենց փող տվողները հին կոռուպցիոներներ են: Էլ ո՞նց է լինում ԶԼՄ-ներին սպառնալը: Ուրիշ ձև չի լինում: Մյուսն արդեն կռիվ է»,- նշեց նա`միևնույն ժամանակ դիմելով վարչապետին, որ նա ժամ առաջ դիմի բոլոր հեղափոխականներին և պասհանջի վերջ տալ գռեհիկ, բռնության կոչերին ու սպառնալիքներին, հորդորի անցում կատարել քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծելուն: