կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 19:00
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանական խմբակը հայրենիքում իրեն գողի պես է պահում․ աղքատությունը խորանում է, իրենք՝ թալանում․ տնտեսագետ

Շուկայում շարունակում են գներն աճել արագ տեմպերով։  Միսն, օրինակ, նորից թանկացել է մոտ 25 տոկոսով։ Թվում է, թե հակառակը, գները պետք է իջնեին, քանի որ թշնամին նստած է Հայաստանի ներսում՝ դաշտերի ու խոտհարքների մեջ, կամ դրանք թշնամու ուղիղ նշանառության տակ են, ու գյուղացին վերացնում է եղջերավորներին, բայց պատկերը այլ է։ Տնտեսագետի խոսքով՝ սա դեռ սկիզբն է։

«Կապիտուլյացիայից հետո մի որոշ ժամանակ նկատվեց գնանկում, որովհետեւ մարդիկ գույքը, տնտեսական ռեսուրսները կորցրել էին, մի որոշ շրջան գնանկում եղավ, իսկ հիմա ժամանակն է ցանածը հնձելու, եւ գլխաքանակի նվազումը, երաշտը, անասնակերի բարձր գինը նպաստեցին թանկացումներին։ Հետագայում ավելի մեծ չափով ենք ունենալու տեղական արտադրանքի գնաճ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը։

Տնտեսագետը նշեց, որ սա թանկացումների սկիզբն է միայն եւ ընդամենը մի երեսը․ շատ շուտով, երբ արդեն կհավաքվի հացահատիկի ամբողջ բերքը, այն ժամանակ հացի խնդիրն ավելի օրհասական է լինելու․ նախորդ տարիների համեմատ՝ սարսափելի նվազել են է ցորենի պաշարները․ Արցախի 75 տոկոսի կորուստն ավելի տեսանելի կլինի, քանի որ հացահատիկի մեծ պաշար Հայաստանը ստանում էր հենց Արցախից։

«Տնտեսական եւ սոցիալական առումով մենք ընկել ենք տնտեսական ազատ անկման փուլի մեջ։ Սա կոչվում է պարենային անվտանգություն։ Սա ինչպե՞ս կարող ենք չնկատել, երբ մեր հացահատիկի 20-25 տոկոս պահանջարկը բավարարում էր Արցախը։ Երբ որ Արցախից Հայաստան հացահատիկ էր արտահանվում, Արցախը իր պահանջարկը բավարարելուց հետո էր անում։ Հիմա այնտեղ պահանջարկը չի բավարարվում, եւ անհրաժեշտություն կա ներմուծման։  Էն կորցրածը, որ մենք պետք է ներկրենք արտասահմանից, լինելու է ավելի թանկ, քան ներկրում էինք Արցախից։ Տեղական հացահատիկը կրճատվել է, ներկրվողը՝ թանկացել»,-նշեց Թադեւոս Ավետիսյանը։

Ալյուրի, մակարոնեղենի եւ ալյուրից պատրաստվող մթերքի գինը նույնպես ավելի է բարձրանալու։ Հայաստանում, տնտեսագետի խոսքով, ընդհանուր սննդամթերքի հետ համեմատած՝ հացի օգտագործման չափը ավելի մեծ է։

«Լավ օրից չի, որ մարդիկ շատ հաց են ուտում։ Սրանով կշտանալու հարց են լուծում։ Այլ սննդամթերքը փոխարինվում է հացով։ Սա էական հարված կլինի սոցիալական վիճակին․ սա աղքատություն ծնող ամենաառաջին գործիքն է։ Հացամթերքի թանկացումը եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը զուտ ապրանքի գնի բարձրացում չի, սա բերում է մարդկանց ավելի աղքատացման։ Սա է նաեւ պատճառը, որ այս իշխող խմբակի օրոք ոչ միայն աղքատության ցուցանիշներն են աճում, այլեւ՝ ծայրահեղ աղքատության ցուցանիշը։ Էն ցուցանիշը, որը խոստացել էին վերացնել։ Այդ ցուցանիշը առաջանցիկ աճում է»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում