Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց բազմահազարամյա պատմության մեջ պետականությունների պատմությունը մոտ 5000 տարեկան է, սկսած Արատտայից (Ք.Ա. 28-26-րդ դարեր) հայկական պետական կազմավորումները հաջորդել են միմյանց՝ ժամանակի ընթացքում վերածվելով մեկ կենտրոնացված հայկական պետության և ընդգրկելով ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Սակայն հայոց պատմության մեջ քիչ չեն եղել նաև պետականազուրկ ժամանակներ, որոնք հաճախ տևել են դարեր և իրենց ողբերգական կնիքն են դրել Հայաստանի ու հայության ճակատագրի վրա:
Տարբեր ժամանակներում՝ հայկական պետականությունների անկմանը նպաստել են ոչ այնքան արտաքին թշնամիները կամ ռազմական պարտությունները, որքան ներքին պառակտություններն ու դրանց հետևանքով տեղի ունեցած դավաճանությունները: Հենց դավաճանության հետևանքով էր, որ 428 թ. ընկավ հայոց Արշակունյաց թագավորությունը:
Այժմ, մի փոքր մինչև 428 թվականն ընկած իրադարձությունների մասին:
Պապ թագավորի դավադիր սպանությունից հետո, հայոց Արշակունյաց թագավորությունը զգալիորեն թուլացավ: Դրան հաջորդած խժդժությունները, ներքին անհաշտությունները, հայ նախարարների կենտրոնախույս ձգտումներն ի վերջո հանգեցրին Հայաստանի բաժանմանը Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև (387 թ.): Հռոմին անցավ Հայաստանի արևելյան, իսկ Պարսկաստանին արևմտյան հատվածը, կարճ ժամանակ անց՝ Արշակ Գ-ի մահից հետո Հռոմը վերացրեց հայկական թագավորությունը, նույնը 389 թ. փորձեց անել Պարսկաստանը՝ գահազրկելով և բանտարկելով Խոսրով Դ-ին: Սա առաջ բերեց հայ նախարարների հուժկու դիմադրությունը, որի արդյունքում էլ պարսից արքան տեղի տվեց և գահ բարձրացրեց Խոսրով Դ-ի եղբորը՝ Վռամշապուհին (389-414 թթ.):
Թեմայի վրա շատ չծանրանալու համար, ասենք միայն, որ Վռամշապուհ արքայի մահից հետո, պարսից արքան հայոց գահին նշանակել էր իր դրածոյին՝ Շապուհ անունով։ Հայ նախարարները, սակայն, դիմադրեցին և նրանց պահանջով 322 թ. Հայաստանի արևելյան մասում Վռամ 5-րդ Գոռը գահին բարձրացրեց Արտաշես (Արտաշիր) Արշակունուն, կարճ ժամանակ անց, սակայն, նորից սկսվում են ներքաղաքական գզվռտոցները, նախարարները իբր դժգոհ էին արքայի վարած շվայտ կյանքից՝ իրականում արքան փորձել էր սահմանափակել նախարարների իրավունքները, բարձրացավ դժգոհությունների ալիքը, ի վերջո նախարարները որոշեցին գահընկեց անել Արտաշիր արքային՝ փորձելով իրենց կողմը գրավել նաև Սահակ Պարթև կաթողիկոսին։ Վերջինս ընդդիմացավ՝ ասելով. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին…, ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է »: Սակայն հայ նախարարները չլսեցին հայոց կաթողիկոսի խորհուրդը, գտնելով, որ ավելի լավ կլինի եթե ժամանակ առ ժամանակ մի պարսիկ գա ու իրենց ղեկավարի։ Իհարկե պարսից արքան օգտվեց այս առիթից և պարսկասեր նախարարներին հրահրեց կեղծ ապստամբության ու նրանց պահանջով 428 թ. գահընկեց արեց Արտաշիր Արշակունուն: Հայաստանը վերածվեց պարսկական մարզպանության:
Հայոց Արշակունյաց թագավորությունն ընկավ, սակայն պետական ինստիտուտները հիմնականում պահպանվեցին, մասնավորապես՝ ուժեղ ավագանու և կայուն զինական ուժի շնորհիվ հնարավոր եղավ 457 տարի անց՝ Բագրատունիների անզիջում պայքարի շնորհիվ 885թ. վերականգնել հայոց թագավորությունը:
Հայոց պատմության մեջ առավել ողբերգական և, կարելի է ասել նաև, կործանարար էին դավաճանությունները Բագրատունյաց թագավորության անկման շրջանում:
Հովհաննես-Սմբատ թագավորի կյանքի վերջին տարիներին նրա արքունիքում առաջնակարգ դերակատարություն ուներ Սարգիս Սյունեցին՝ առավել հայտնի Վեստ Սարգիս անունով։ Վերջինս ձգտում էր ստանալ Անիի թագը, բայց Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ. «ոչ ընդունեցին զնա ազգն Բագրատունեաց… »:
Վեստ Սարգիսը Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ հասավ նրան, որ բյուզանդական արշավանքից վախեցող Հովհաննես-Սմբատ արքան Անին կտակեց Բյուզանդիային (արքայի թուլակամությունը ևս կարելի է դավաճանություն համարել):
Ի վերջո, երբ Վեստ Սարգիսն ու Պետրոս Գետադարձը հայոց երիտասարդ արքա Գագիկ Բ Բագրատունուն համոզեցին և ուղարկեցին Բյուզանդիա, իբր կայսեր հետ բանակցելու (իրականում արքան ձերբակալվեց), իսկ Բյուզանդիան ձգտում էր ամեն կերպ նվաճել մայրաքաղաք Անին, Սահակ Պարթևի դեռ 428 թ. տված դասը չսերտած և նրա հակապատկեր՝ իր արծաթասիրությամբ հայտնի Պետրոս Գետադարձ կաթողիկոսն ակտիվացավ և որոշեց իր մոտ պահվող քաղաքի բանալիները հանձնել Բյուզանդիային։ Այդ նպատակով նա դիմում է բյուզանդական կուսակալին. «Իբրեւ ետես հայրապետն Պետրոս զայսպիսի խորհուրդ, թէ ու՛մ եւ իցէ՛ ի գնալ է քաղաքս, առաքէ առ այն (բյուզանդական կուսակալին- Ա.Մ.), որ ունէր զիշխանութիւն արեւելից կողմանն, որ նստեր ի քաղաքն Սամուսատ…եւ գրէ, թէ՛ Ծանո՛ թագաւորին, թէ մեզ զինչ հատուցանէ փոխարենս, եւ ես տայ զքաղաքս եւ զայլ ամուրս որ յաշխարհիս են: Իսկ նա, իբրեւ լուաւ, փութապէս ծանոյց թագաւորին. եւ լուեալ թագաւորին, գանձինք եւ իշխանութեամբ հաճեալ զկամս նորա, եւ այսու տիրեցին Անւոյ եւ ամենայն աշխարհին »:
Հայոց կաթողիկոսը՝ գանձի և իշխանության, իսկ Վեստ Սարգիսը թագավոր դառնալու ակնկալիքով, ժողովրդի մի հատվածի համաձայնությամբ՝ մայրաքաղաք Անին հանձնում են Բյուզանդիային:
Այսպիսով, 1045 թ. փաստորեն Անին հանձնվեց Բյուզանդիային, և հայոց թագավորությունն ընկավ, իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները սկիզբը դրեցին հայոց պատմության երկարատև ողբերգական մի շրջանի, երբ թագավորության անկումից հետո քոչվոր ցեղերի շարունակական հարվածների տակ կործանվեց նաև պետականությունը՝ անգամ թագավորական իշխանության բացակայությամբ երկրի կայունությունը պահող հայ նախարարական տները աստիճանաբար քոչվորների հարվածների տակ հեռացան պատմության ասպարեզից, վերացվեց հայկական զինուժը, ինչը կոտրեց հայ ժողովրդի դիմադրելու կարողությունը, սկսվեց ավերի, թալանի, հարյուրամյակների ստրկության ու կոտորածների՝ ոչ թե մեկ, այլ մի քանի դարը (որոշ հեղինակներ համարում են 800 տարի, ոմանք՝ 600, ոմանք էլ 500 տարի), մինչև 1918 թ. մայիսի 28-ի արշալույսը, երբ ավելի քան կես հազարամյակի փլատակների վրա՝ Արամի, Դրոյի, Սիլիկյանի ու մյուս նվիրյալների գերմարդկային ջանքերի գնով նորից հառնեց հայկական պետականությունը, թեև փոքրիկ ու գրեթե անկենսունակ թվացող, բայց կես հազարամյա ստրկությունից հետո՝ առաջին հայկական պետականությունը:
Եվ թվում էր, որ այդ պետությունը դարեր շարունակ օտարների լծի տակ հյուծվող, ստրկացած ու հլու մորթվող հայության բոլոր շերտերի համար առանձնակի հոգածության և սիրո առարկա պետք է լինի, և կարծես այդպես էլ կար, բացառությամբ հայության ներսում բույն դրած օտարոտի տարրերի՝ հայ բոլշևիկների, որոնք հեշտությամբ գործիք դարձան հայկական պետականությունը կործանել ձգտող թուրքի ու Ռուսաստանի բոլշևիկյան շրջանակների ձեռքում:
Անիի դավաճանական հանձնումից պակաս ողբերգական հետևանքներ չունեցավ 1920 թ. հոկտեմբերի 30-ի Կարսի դավաճանությունը:
Բավականին շատ է քննարկվել այն հարցը, թե ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Կարսում, ի՞նչն էր պատճառը, որ հայկական բանակը, որը բավարար չափով հանդերձավորված ու զինված էր, առանց կռվի հանձնեց Կարսը, այն դեպքում, երբ թվում էր, թե Կարսում են հավաքվել բազմաթիվ հայրենասեր հայ երիտասարդներ, բայց «Այդ «հայրենասեր» հայ երիտասարդները, հայտնվելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ, թե «… մեր ընկեր բոլշևիկների դեմ մենք կռվել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», հետո ցուցադրաբար գցում էին զենքը և դիմում փախուստի, հորդորելով մյուս զինվորներին հետևել իրենց օրինակին »:
Հայոց բանակի վրա իր քայքայիչ ազդեցությունն էր ունեցել հայ բոլշևիկների կողմից տարվող դասալքության քարոզը, քեմալա-լենինյան ուժերի դաշնակից հայ բոլշևիկների նպատակն էր՝ ամեն կերպ հասնել հայ-թուրքական պատերազմում Հայաստանի Հարապետության պարտությանը և հայկական պետականության վերացմանը. այդ մասին է վկայում նաև նրանց հղված մեզ արդեն քաջածանոթ «Հույժ գաղտնի» վերնագրված հեռագիրը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում: Այդ հեռագրում կարդում ենք.
«Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի: Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի): Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացումը: Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Սրա համար պետք է.
Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, դրանք են.
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը՝ վերադառնան թիկունք գ) չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց: Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական ասկյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին` ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից:
Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործի:
Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20 »:
Ահա, այս և նմանատիպ այլ դավաճանությունների հետևանքով ընկավ Կարսը, բայց իրական ողբերգությունը տեղի ունեցավ հետո, որովհետև Կարսի անկումը շղթայական ազդեցություն ունեցավ և ի վերջո հանգեցրեց հայկական պետականության կորստին, չգիտեի՞ն արդյոք հայ բոլշևիկները, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Կարսի անկումը, վստահաբար գիտեին, և համերաշխ էին Մուստաֆա Քեմալի արտահայտած մտքի հետ՝ «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը »։ Քեմալի այս նպատակի հետ լիովին համերաշխ է նաև ժամանակի հայտնի բոլշևիկ գործիչ Անաստաս Միկոյանը. «….միտքը «Մեծ, Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հանդիսանում է խիստ հետադիմական, վտանգավոր ու հանցավոր ցնորական մի գաղափար, որի դեմ պետք է պայքար ծավալի բոլշևիկյան կուսակցությունը…. »:
Ուրե՛մն գիտակցաբա՞ր էին արդյոք հայ բոլշևիկները զոհաբերում Հայաստանը, կարող ենք վստահաբար պնդել, այո՛, որովհետև «Հայկական պետությունը վերացնելու, Հայաստանի տարածքներ նվաճելու իր ձգտումներում, ինչպես արդեն ասացինք, Թուրքիան մենակ չէր. նրա հետ էր ոչ միայն բոլշևիկյան Ռուսաստանը, այլև հայ բոլշևիկը, որն այնքան էր օտարացել իր ազգից ու թշնամանքով լցվել հարազատ պետության նկատմամբ, որ առանց վարանելու զոհաբերեց իր ազգի ու պետության շահերը` հանուն ինչ-որ անիրական «Համաշխարհային հեղափոխության», և այլևս կասկած չկա, որ նրանք Հայաստանը զոհաբերում էին գիտակցաբար, ոչ թե միամտության կամ անտեղյակության պատճառով »:
Համաշխարհային հեղափոխության ունայն մտքերով տարված հայ բոլշևիկները հայության դարավոր թշնամի թուրքի և ռուս բոլշևիկի հետ ձեռք ձեռքի տված, ոչ միայն Միացյալ և Անկախ Հայաստանի, այլ նաև հայկական պետության գոյության դեմ էին պայքարում, և ամենևին պատահական չէր, որ Թիֆլիսի «Կոմունիստ» թերթը հոկտտեմբերի 24-ին գրում էր ցնծությամբ. ««….Թուրքերի յարձակումը Հայաստանի վրայ մեծ հրճուանք պատճառեց բոլշեւիկներին»՝: «Մնում է միայն ուրախանալ, որ Դաշնակցական Հայաստանը գտնւում է այն պոզահարող կովի վիճակում, որին Աստուած եղջիւրներ չի տուել» »:
Հոկտեմբերի 30-ի Կարսի ամոթալի հանձնումը, ըստ էության, վճռեց Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագիրը: Կարճ ժամանակ անց թուրքերի ձեռքն անցավ նաև Ալեքսանդրապոլը…
Կարսի հանձնումը չափազանց ծանր նստեց Հայաստանի վրա. նախ՝ երկիրը կորցրեց իր անկախությունը, ապա` 1921 թ. մարտի 16-ի (իրականում 18-ի) Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Հայաստանը զրկվեց մի շարք տարածքներից։ Նույն թվականի հուլիսի 5-ին Արցախը ապօրինաբար կցվեց Ադրբեջանին, Կարսի պայմանագրով Նախիջևանը ևս տրվեց այդ երկրին։ Հայաստանին մնաց միայն Զանգեզուրը, այն էլ` Նժդեհի գլխավորությամբ մղված երկարատև ու հերոսական պայքարի շնորհիվ:
Այսպիսով՝ հայոց նորագույն պատմության մեջ, որպես մեծագույն դավաճաններ մնացած Կասյանը, Նուրիջանյանը, Աթարբեկյանն ու մյուսները թուրքերի ու Լենինի հետ ձեռք ձեռքի տված կործանեցին հայկական պետականությունը, հանուն «համաշխարհային հեղափոխություն» կոչված անիրական մտայնության և, իհարկե, հանուն Հայաստանում, որտեղ, երբևէ ժողովրդական աջակցություն չէին ունեցել՝ օտարի օգնությամբ իշխանությունը ձեռք գցելու մոլուցքի:
Անփառունակ այս դավաճանների ապազգային գործունեության հետևանքով էր, որ Հայաստանը կորցրեց իր տարածքների մեծագույն մասը՝ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Արցախը, Նախիջևանը, և Սևրի պայմանագրի հիման վրա՝ Վիլսոնի իրավարար վճռով մեզ հասանելիք Արևմտյան Հայաստանի 90.000 քառ. կմ-ը:
Նրանց գործունեության հետևանքով, Հայաստանը զրկվեց ժամանակի առաջադեմ ու հայրենասեր ռազմական և քաղաքական գործիչներից ու մտավորականներից, որոնք կա՛մ սպանվեցին, կա՛մ տարագրվեցին…
1991 թ. Հայաստանը կարողացավ վերականգնել իր անկախությունը՝ շնորհիվ դեռևս 1988-ին Արցախից սկսված համազգային զարթոնքի, հայությունը կարողացավ միահամուռ ուժերով ազատագրել նաև Արցախը, որը հայկական անկախ պետականության կայուն զարգացման և հետագա հզորացման գրավականն էր:
Թվում էր, թե հայոց պատմության մեջ դավաճանությունների էջը փակված է՝ Արցախի ազատագրումն ու Հայաստանի անկախությունը անշրջելի իրողություն, բայց այն, ինչ տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ սառը ցնցուղ էր դավաճանությունների էջը փակած հայության կամ գոնե նրա մի հատվածի համար։ 2020 թ. հոկտեմբերին լույս տեսած «Դրօշակ»-ի 10-րդ համարում, Կարսի անկմանը նվիրված մեր հոդվածում գրել էինք. «Այսօր Հայաստանի մերօրյա հանրապետության համար 1990-ականներին ազատագրված Արցախն ունի նույն կարևորությունը, ինչ Առաջին Հանրապետության համար Կարսը, և, ցավոք սրտի, այսօր էլ կան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք շարունակական քարոզչություն են տանում այն ուղղությամբ, որ «այս թուրքը նախկին թուրքը չէ», «թուրքը բարեկամ է»` այս կոչերը համեմելով չափազանց գայթակղիչ խաղաղության խոստումով՝ միաժամանակ ծաղրելով Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարն ու վտանգավոր համարելով ազգ-բանակ հայեցակարգը »:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ, ցավոք, մեր մտավախությունը ճիշտ էր, Արցախը վերածեցին «Կարսի», միայն մի տարբերությամբ՝ եթե Կարսը հանձնվեց թշնամու ձեռքին գործիք դարձած և Հայաստանում իշխանություն չունեցող բոլշևիկների ջանքերի արդյունքում, ապա Արցախի դավադիր հանձնումը կատարվեց Հայաստանի՝ թշնամու ձեռքին ոչ պակաս գործիք դարձած իշխանության ձեռքով, որի ղեկավարը 2020թ. նոյեմբերի 9-ին հերոսաբար կռվող բանակի և նրա մեջքին ամուր կանգնած հայության թիկունքում դավադիր գործարքի մեջ մտավ թշնամու հետ և կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրեց:
Փաստաթուղթ, որով Հայաստանը ոչ միայն կորցրեց Արցախի տարածքի 75%-ը, այլև թուրքը, իր ավելի քան հարյուր տարի առաջ նախ՝ Արամի, հետո Նժդեհի շնորհիվ վիժեցված պանթյուրքիզմի ծրագրին հետամուտ, հայտնվեց իր համար անհասանելի երազանք դարձած Զանգեզուրում:
Հայաստանի իշխանությունների հանցավոր անհեռատեսության հետևանքով սկիզբ է դրվել Հայաստանի Հանրապետության այդքան դժվարությամբ պահպանված տարածքի բզկտմանը, Հայաստանի ջրային և էներգետիկ ռեսուրսների թշնամուն հանձնման գործընթացին, վտանգի տակ է հայտնվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, այլև, ինչպես ցույց են տալիս տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունները, հայության ֆիզիկական գոյությունը:
Իսկ ի՞նչ անել դավաճանության սարդոստայնից դուրս գալու համար՝ իհարկե, գլխավոր պայմանը պետական դավաճանություն իրականացրած անձին պետության ղեկավարի պաշտոնից հեռացնելն է, ինչը, ինչպես տեսնում ենք, բավականին բարդ է, քանզի նա դեռ անելիքներ ունի՝ թշնամու շահերը սպասարկելու տեսանկյունից, միաժամանակ հայ հասարակության մի որոշ հատված (թերևս արդեն ոչ մեծաթիվ) դեռևս չի ընկալել տեղի ունեցած ակնհայտ դավաճանության փաստը:
Պետության մնացորդացը դավաճանի ճիրաններից փրկելու համար անզիջում պայքար սկսած ընդդիմադիր ուժերը սակայն լավ են սերտել 4-րդ դարում տված Սահակ Պարթևի դասը՝ ազատել պետությունը «ախտավոր ոչխարից», միաժամանակ այն չգցելով օտարի ճիրանները (հեռացնել օրվա իշխանությանը, առանց արտաքին ուժերի միջամտության):
Իհարկե, հաշվարկված գործողությունների և ճիշտ քայլերի շնորհիվ, դեռևս որոշակիորեն պահպանված պետական ինստիտուտների հիմքի վրա, կարելի է կրկին հայկական պետականությունը ոտքի հանել, ինչը օրակարգային հարց է, և կարծում ենք, ոչ այդքան երկար ժամանակ անց հնարավոր կլինի ամբողջական իշխանափոխությամբ պետականության առողջացման, ինչու չէ, նաև վերականգնման գործընթացի սկիզբը դնել, սա դժվար, բայց ոչ անիրականանալի գործընթաց է, թեև, անգամ այդ դեպքում 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայոց պատմության մեջ կմնա, որպես մեծ պետական դավաճանություն, իսկ այդ փաստաթղթի բացասական հետևանքները, ցավոք, դեռ շատ երկար ժամանակ ենք կրելու…
Իսկ թե ինչու՞ և ինչպե՞ս ընկավ Արցախը, ինչպե՞ս և ինչի՞ դիմաց թշնամուն հանձնվեց նրա համար անմատչելի բերդաքաղաք Շուշին, այս հարցերի պատասխանը այսօրվա իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, վաղ թե ուշ պետք է տա ոչ միայն պետական դավաճանության գործը քննող դատարաններին, այլ նաև ապագա սերունդներին ու պատմությանը, այն պատմությանը, որն ամենաանկաշառ դատավորն է, և արդար վճռով իր տեղն է դնում դավաճաններին ու հերոսներին, ինչպես իրենց արժանի տեղը դրեց 70 տարի «դավաճան» պիտակված դրոներին, նժդեհներին ու արամներին… Չէ՞ որ դավաճանությունը այն միակ մեղքն ու հանցանքն է, որը երբեք չի ներվում ո՛չ ազգի, ո՛չ պատմության, ո՛չ Աստծու կողմից…
————————————————————————————————————————————————————————————
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Մ. Խորենացի, Հայոց պատմություն., Եր. 1997, էջ 268-269:
2. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն., Եր., 1991, էջ 94-95:
3. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերցւոյ., Եր., 1963., էջ 62-63:
4. Հարությունյան Վ., Կարսի հանձնումը: Զինվորական դավադրության վարկածը, «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2018, թիվ 4 (64), էջ 317-318:
5. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
6.Հարությունյան Վ., Առաջին Հանրապետություն. Կարսի վերջնախաղը, Եր., 2018, էջ 112:
7. Նույն տեղում:
8. Ա.Մելքոնյան Կարսի անկումը. պատճառներ և դասեր, «Դրօշակ» թիվ 10(1644), հոկտեմբեր 2020, էջ 42:
9. Վրացեան Ս., Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, Պէյրութ, 1953, էջ 111:
10. Ա.Մելքոնյան Կարսի անկումը. պատճառներ և դասեր, «Դրօշակ» թիվ 10(1644), հոկտեմբեր 2020, էջ 44:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ա) Աղբյուրներ
1. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
բ) Գրականություն
1. Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր. 1997:
2. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն., Եր., 1991:
3. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերցւոյ., Եր., 1963:
4. Հարությունյան Վ., Առաջին Հանրապետություն. Կարսի վերջնախաղը, Եր., 2018
5. Վրացեան Ս., Հայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ, Պէյրութ, 1953:
գ) Մամուլի նյութեր
1. Հարությունյան Վ., Կարսի հանձնումը: Զինվորական դավադրության վարկածը, «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2018, թիվ 4 (64):
2. Ա.Մելքոնյան Կարսի անկումը. պատճառներ և դասեր., «Դրօշակ» թիվ 10(1644), հոկտեմբեր 2020:
Անի Մելքոնյան
«Դրօշակ», թիվ 7 (1653), հուլիս, 2021 թ.