կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-15 20:30
Առանց Կատեգորիա

Մշեցի հայ բանվորների դերը Կորինթոսի ջրանցքի կառուցման մեջ

Մշեցի հայ բանվորների դերը Կորինթոսի ջրանցքի կառուցման մեջ

Հերա  Ցուրու

Կորինթոսն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ անտիկ դարաշրջանի կարևոր ծովային, առևտրական և մշակութային կենտրոն էր։ Կորինթոսի բռնապետ Պերիանդրոսը  (մ թ ա 668-584) աստվածների բարկությունը չհարուցելու համար1 ջրանցք կառուցելու մտքից հրաժարվելուց հետո նավերն այնտեղով անցկացնելու հանճարեղ մեթոդ էր հայտնաբերել։  Խորը անցքերի վրա տեղադրվել էին յուղած տախտակներ, իսկ ճանապարհը սալահատակ է եղել այդ ճանապարհին տրվել է «դիոլկոս» անունը, որը նշանակում է՝ քաշել դիմացի կողմ։ Կորինթոսի մոտ գտնվող նավամատույցում խարիսխ գցած նավերից բեռը դատարկվել և անվավոր բեռնատարներն է բարձվել, դրանք էլ ստրուկները սալահատակ ճանապարհով տեղափոխել են մյուս ափ, իսկ ավելի փոքր նավերը, երբեմն բեռնված, այդ ճարապարհով տարվում էին մյուս ափ։ Նավերը ցամաքային ճանապարհով տանելու լեգենդը, գուցե և առաջին անգամ, իրականացվել է Կորինթոսի դիոլկոսում։

Աշխարհագրագետ Ստրաբոնը Կորինթոսը ներկայացնում է որպես «երկու նավամատույց ունեցող» քաղաք։ Այն իր ձեռքում է պահել թե հյուսիսից հարավ ցամաքային առևտուրը, թե արևելքից արևմուտք ծովային առևտուրը։ Ինչու՞ են ծովագնացները նախընտրել ցամաքային ճանապարհը նեղուցով անցնելուց։ Այդպես էին անում, քանի որ հակառակ դեպքում ստիպված էին լինելու անցնել Պելոպոնեսի հարավային մասում գտնվող ծոցերը շրջապատած գազազած ծովերով անցնող 320 կիլոմետրանոց վտանգավոր ճանապարհը։ Հատկապես Մալիայի ծովածոցը ծովագնացների մղձավանջն էր, դրա մասին նշվել է՝ «Մալիայի ծովածոցն անցնողը տան մասին թող մոռանա»։ Կորինթոսը նավամատուցային բարձր հարկերով և տրանսպորտային ճանապարհով անցնող բեռների և նավերի համար վերցրած տուրքերով կարճ ժամանակում հարստացել է։ Շրջակայքում գտնվող տաճարները ևս օգտվել են այդ հարստությունից, քանի որ դիոլկոսի անցումն օգտագործած առևտրականներն այցելում էին տաճարներ և նվիրատվություն անում։  Ցամաքային ճանապարհն օգտագործողներից էլ էր հարկ հավաքվում։ Մ․ թ․ ա․ յոթերորդ դարի վերջին անցումից և նավամատույցներից հավաքված հարկային եկամուտներն այնքան էին բարձրացել, որ անհրաժեշտություն չէր մնացել քաղաքացիներից հարկ հավաքելու։

Հետագա դարերում, այն բանից հետո, երբ Կորինթոսը դարձավ հռոմեական պրովինցիաներից մեկը, ջրանցք բացելու նախագիծը օրակարգ է բերել Հուլիոս Կեսարը, իսկ ավելի ուշ՝ Կալիգուլան։ Ներոնը վեց հազար ստրուկ և  դատապարտյալ է օգտագործել և մ․ թ․  67 թ․ սկսել է ջրանցքի կառուցման աշխատանքները։ Սակայն Հռոմում ծագած ապստամբության պատճառով, երբ նա ստիպված է եղել հետ վերադառնալ, այդ նախաձեռնությունն էլ դադարեցվել է։ Հետագա տարիներին Հերոդես Ատտիկուսը և ավելի ուշ՝ բյուզանդացիները ջանքեր են գործադրել նեղուցը կտրել-անցնելու ուղղությամբ։ Այդ ջանքներն էլ հաջողությամբ չեն պսակվել։ Նույն բանը պետք է ասել վենետիկցիների մասին, որոնք այդ գործը սկսելուց կարճ ժամանակ անց ստիպված են եղել հրաժարվել նախագծից։ Նեղուցը դարեր շարունակ որպես  նախագիծ մնացել է սեղանների վրա։

Վերջին ժամանակաշրջանում Կորինթոսի ջրանցքը կառուցելուն ուղղված առաջին քայլերը սկսել է հունական պետության կազմավորման առաջին տարիներին պետության ղեկավար Յանիս Կապոդիստրիասը (1828 – 1831), սակայն երբ այդ հանձնարարության համար ընտրված ֆրանսիացի ինժեները շատ գումար է պահանջել,  նախագծի իրագործումը դարձյալ ձախողվել է։

1869 թ․ Սուեզի ջրանցքի բացումից հետո, Կորինթոսի ջրանցքի հարցը վերստին օրակարգ եկավ․ Թրասիվուլոս Զաիմիսի կառավարությունը նույն տարում Կորինթոսի ջրանցքի բացման մասին օրենք ընդունեց։

Ջրանցքի կառուցման համար հայտ ներկայացրած կազմակերպության սնանկացումից հետո, ստամբուլցի բանկիր Անդրեաս Սինգրոսի անձնական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ նախագիծը վերջապես ավարտին հասցվեց։ Ջրանցքի բացումը շքեղ արարողակարգով տեղի ունեցավ 1893 թ․ Գրիգորիս Առաջին թագավորի մասնակցությամբ։

Ջրանցքի նախագծի ղեկավար՝ հունգար հեղափոխական, գեներալ, ներդրող Իսթվան Թյուրը դարաշրջանի հետաքրքիր անհատներից մեկն էր։ Նա եղել է 1848 թ․ հեղափոխության առաջնորդը․ հեղափոխության նպատակը Հունգարիան Ավստրիայից անկախացնելն էր։ Հեղափոխությունն անհաջողության մատնվեց։ Թյուրը փախավ երկրից և հեռակա կարգով դատապարտվեց մահապատժի։ Մասնակցել է նաև Բադենում, Միլանում և Ուրուգվայում տարված հեղափոխական պայքարին։ Նա 1860 թ․ Իտալիայի անկախության պատերազմի ժամանակ գարիբալդիական ուժերի հրամանատարությունն է ստանձնել և ստացել գեներալի կոչում։ 1870-ական թթ․ Ֆրանսիայում հիմնադրած նրա ընկերությունն առաջինն էր ստանձնել Պանամայի ջրանցքը կառուցելու գործը, որը մատնվեց  անհաջողության։ Կորինթոսի ջրանցքի համար 1881 թ․ հիմնադրված երկրորդ ընկերությունն էլ, առանց ջրանցքի կառուցումը ավարտին հասցնելու, սնանկացել է։ Չնայած դրան՝ գեներալ Թյուրը և ներկայիս Սլովակիայի Կոշիցե քաղաքի բնակիչ գլխավոր ինժեներ Բելա Գերսթերը Հունգարիայի կառավարության կողմից հիշվում են ջրանցքի մուտքի մոտ դրված հուշարձանի միջոցով։

Մեր օրերում ջրանցքով հիսուն տարբեր երկրներից տարեկան շուրջ տասնմեկ հազար նավ է անցնում։ Աթենքից մոտ  80 կմ հեռավորության վրա միլիոնավոր մարդիկ ամեն տարի այցելում են այդ նավահանգիստ։ Այցելուները հիանում են նեղուցի ուղղաձիգ լանջերով, ջրի լազուրով և իհարկե լուսանկարվում, նաև՝ ուսումնասիրում ջրանցքը։ Այն շատ նեղ է մեծ բեռնատար նավերի անցման համար, այդ պատճառով գրեթե օգտագործվում է տուրիստական նպատակներով։ Ջրանցքի երկու կողմերը միացնող կամուրջներից մեկը գտնվում է Պոսեյդոնիայում, մյուսը՝ Իստմիայում, որը կապում է ցամաքը Պելոպոնեսի թերակղզու հետ։ Ինչ վերաբերում է ջրանցքի վիճակին, ապա այն ներկայում օգտագործվում է առագաստանավերի մրցաշարեր, բագի թռիչքներ, կանգնած թիավարման մրցաշարեր և այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։

Ցանկանում եմ նաև տեղեկություններ հաղորդել այն բանվորների մասին, որոնք իրականացրել են այս ճարտարապետական գլուխգործոցի շինարարությունը, ուր այցելում են ամեն ազգության պատկանող մարդիկ։ Ովքե՞ր են եղել նախագծի ղեկավար գեներալ Իսթվան Թյուրի վերահսկողության տակ աշխատած բանվորները։

Շինհարթակում 1885 թ․ աշխատած բանվորների քանակը, տարբեր աղբյուրների համաձայն, կազմել է 1400-ից մինչև 2500 հոգի։ Բանվորների մեծ մասը եկել է Իտալիայից, Սերբիայից ու Չեռնոգորիայից։ Բանվորները դասակարգվել են ըստ մասնագիտություններ. տեղի է ունեցել աշխատանքի բաժանում։ Սակայն տեղական հիվանդությունների և աշխատանքային ծանր պայմանների պատճառով մահացությունների թիվը սկսել է աճել։ Ժամեր շարունակ ջրի մեջ ծանր պայմաններում աշխատած բանվորները կարճ ժամանակահատվածում լուրջ կորուստներ են տվել։ 1882 թ․ հմուտ բանվորներով և քարագործ վարպետներով հայտնի Տարոն գավառի Մուշ շրջանից մի խումբ բանվորներ են բերվել այստեղ։ Աղբյուրների համաձայն՝ խումբը բաղկացած է եղել 500 մարդուց։ Սպասվում էր, որ ջրանցքը պատրատ էր լինելու երկուսուկես տարում, սակայն դրա համար աշխատանքի պահանջը մեծացավ, որից հետո Մուշից ավելի շատ վարպետներ կանչեցին։ Մինչև ջրանցքի կառուցման ավարտը ընդհանուր թվով 2500 բանվորներից 1400-ը եղել են Մուշից եկած հայեր։ Հունական աղբյուրներում «դիմացկուն հայ քարագործ վարպետներ» անվանվող այդ բանվորական խումբը, ջրանցքի կառուցումից հետո, ընտանիքներով տեղափոխվել է Կորինթոս կամ Աթենք։

Հնչակյան կուսակցության հիմնադիր անդամներից Ռուբեն Խան-Ազատը (Իրական անունը՝ Նշան Կարապետյան) 1890 թ․ հուլիսին Ստամբուլի Գում Գափու թաղամասում կազմակերպված ցույցի ժամանակ քիչ էր մնում՝ ձերբակալվեր ոստիկանության կողմից, կարողացել է փախչել արտասահման, հաստատվել Աթենքում և իր հեղափոխական գործունեությունը շարունակել այդտեղից։ Գում Գափուի ցույցից հետո Աթենք գնացած Հնչակյան կուսակցության անդամ Միհրան Տամատյանը Կորինթոսի հայ բանվորների մասին Խան-Ազատին ներկայացրած զեկույցում հաղորդում է հետևյալ տեղեկությունները․ «Աթենքում այդ ժամանակ հեղափոխական գործողություններ իրականացնելու համար հայ բնակչություն չկար, սակայն ստացանք տեղեկություններ, որ մայրաքաղաքի մոտակայքում Կորինթոսի շրջանում ջրանցք բացելու համար մի մեծ նախագիծ է իրականացվում։ Հայաստանի Մուշի շրջանից եկած մոտ 2000 հայ բանվորներ աշխատում են շինհրապարակներում։ Հնչակյան կուսակցության մի փոքր խումբ նրանց հետ աշխատում է ակցիաներ կազմակերպել ընդդեմ Թուրքիայի»։

Ռուբեն Խան-Ազատը և Միհրան Տամատյանը Աթենքում կուսակցությանը շունչ տալու նպատակով մտածել են Գում Գափուի ցույցերի ժամանակ զոհված հայերի հիշատակը հարգելու համար մի միջոցառում կազմակերպել, որին պետք է մասնակցեին նաև հայ բանվորները։  Հույների պատմության մեջ առաջատար անուններից «Արևելյան ֆեդերացիա»-ի խոսնակ Լեոնիդաս Վուլգարիսի աջակցությամբ Աթենքի կենտրոնական հրապարակում հույներին, Կրետե կղզու բնակիչներին, ալբանացի և մակեդոնացի բանվորներին էլ են հրավիրում և երկու ցույց անում՝ ընդդեմ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի։ Ցույցի մասնակիցների մեծ մասը Մուշի հայ բանվորներն էին։

Ցույցից մի քանի օր առաջ թուրք դեսպանը լրագրերից տեղեկանում է ցույցի մասին և վարչապետ Դելյանիսից պահանջում արգելել այն։ Վարչապետը չէր ուզում, որ դիվանագիտական ճգնաժամ առաջանար։ Նա սկսում է ցույցը չեղարկելու գործընթացը, սակայն գեներալ Բոցարիսի միջամտությունից հետո փոխում է դիրքորոշումը։ Գեներալը վարչապետին տեղեկացնում է․ «Հայերն իմ վերահսկողության տակ են, և ոչ ոք իրավունք չունի քիթը խոթելու նրանց արած գործի մեջ»։ Ակցիան տեղի է ունեցել կառավարության և քաղաքապետարանի մասնակցությամբ։ Աթենքի կենտրոնական հրապարակում «Կե՜ցցե Հունաստանը», «Կե՜ցցե Հայաստանը» կարգախոսները հնչել են հայերեն և հունարեն երգերի ուղեկցությամբ։ Գեներալի պահանջի հիման վրա քաղաքը պատվել է դրոշներով, դափնու տերևների պսակներով և Գում Գափուում զոհված հայերի նկարներով։ Դա եղել է 1891 թ․ հուլիսի 16-ին։

Կորինթոսում նախ բնակություն են հաստատել ջրանցքի կառուցման աշխատանքներին մասնակցած բանվորները։ Նրանցից հետո շրջան են եկել 1894- 1896 թթ․ համիդյան ջարդերից և 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո որբացած հայերը։ Ամենավերջում՝ 1922 թ․, Փոքրասիական աղետից փրկված գաղթականներ են հաստատվում Կորինթոս․ ներկայում այնտեղ հայ համայնքից ոչ ոք չի մնացել։  Անուններ են փոխվել, մարդիկ այլ երկրներ են գաղթել։ 138 տարի անց, ներկայիս Կորինթոսում այդ առաջին տարոնցիների հետքերն այլևս անհնար է գտնել։ Պատրասի կենտրոնում 1900 թ․ հետո մնացած առաջին սուրճի խանութը, իր հիմնադրի՝ մշեցի Դանիելյանի հիշատակին, Ա․ Դանիլիդիս անունով էր հայտնի։ Դրանից էլ հիմա ոչ մի բան չի մնացել։

*1 Աստվածների զայրույթը հարուցելու վախ, քանի որ Դելֆիում գտնվող Պյութիան ասել է «Մի՛ կառուցեք աշտարակ նեղուցի վրա, և մի փորեք այն ( ջրանցք մի կառուցեք)»։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net