Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատմաբան, ռազմական փորձագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Եղիազարյանը:
-Պարո´ն Եղիազարյան, ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու: Միևնույն ժամանակ ռեյտինգային թեկնածու եք Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում:
- Առաջադրվել եմ մի քանի պատճառներով։ Առաջին` մանկուց այդ ընտրատարածքի բնակիչ եմ, ճանաչում եմ իմ ընտրատարածքը: Երկրորդ` խորհրդարանը օրենսդիր մարմին է, և ես ինձ տեսնում եմ այդ աշխատանքում, ունեմ փորձ և գիտելիքներ՝ այդ աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար։ Երրորդ` ԱԺ-ում պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կոճակ սեղմողներ չեն, այլ ունեն հստակ պատկերացում երկրի առջև դրված մարտահրավերների մասին ու տիրապետում են ժողովրդին հուզող խնդիրներին։ Կարճ ասած՝ պետության անվտանգությունը, հզորությունը մեծացնելու եւ արժանապատիվ կյանքի նախադրյալներ ապահովելու ունակ մարդիկ են պետք խորհրդարանում։ Չորրորդ` լինելու եմ օրինակելի պատգամավոր, որը մշտապես կապի մեջ է լինելու ընտրողի հետ ու պարբերաբար հաշվետու է լինելու նրան։ Հինգերորդ` 2012թ.-ին ներկայիս 3-րդ ընտրատարածքի զգալի մասն ընդգրկող 8-րդ ընտրատարածքում առաջին անգամ առաջադրվել եմ ՀՅԴ-ի կողմից որպես պատգամավորի թեկնածու` մեծամասնական ընտրակարգով, եւ առանց նյութա-ֆինանսա-վարչական լծակների՝ դուրս եկել օլիգարխիայի ու համակարգի դեմ, որի արդյունքում ստացել եմ ընտրողների վստահության ծանրակշիռ քվե՝ ձայների հարաբերակցությամբ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Ակնկալում եմ, որ այս անգամ կստանամ ընտրատարածքի բնակչության աջակցությունն ու վստահության քվեն, քանի որ հաջորդող տարիներին երբեք առիթ չեմ տվել հուսախաբության, թեև այն ժամանակ չընտրվեցի: Հուսամ` այս անգամ կունենան իրենց արժանավոր պատգամավորն ԱԺ-ում:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունն ու Դուք պետք է հետապնդեք գալիք խորհրդարանում:
- Խնդիրները շատ են: Նշեմ մի քանիսը: Կողմ լինելով սոցիալական շուկայական տնտեսությանը՝ դեմ ենք տնտեսությունից պետության օտարացմանը։ Պետությունը պետք է լիարժեք ստանձնի իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության և կյանքի որակի առաջանցիկ աճի ապահովման առանցքային դերը: Հայաստանում չպետք է լինեն աշխատունակ, բայց աղքատ մարդիկ: Հանրության մեջ ազգային ոգու և արժեքների սերմանումը հնարավոր է միայն նրանց կենսամակարդակի բարձրացման պայմաններում: Տնտեսությունը պետք է ենթարկվի պետական անհրաժեշտ կարգավորման և ունենա պետության նպատակային մասնակցություն: Այսինքն՝ շուկայի դասական` «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի պետության «տեսանելի ձեռքի» ուժով: Դաշնակցությունը պրոգրեսիվ եկամտահարկի կողմնակից է, որի հիմքում պետք է դրվի «Շատից` շատ, քչից` քիչ» սկզբունքը: Հայաստանում չպետք է լինեն աշխատունակ աղքատ մարդիկ:
«Ներդրում ու աշխատա՞նք, թե՞ շրջակա միջավայրի պաշտպանություն» երկընտրանքի փոխարեն Դաշնակցությունն առաջ է քաշում «Ե՛վ ներդրում ու աշխատանք, և՛ շրջակա միջավայրի պաշտպանություն» սկզբունքը:
Համարում ենք, որ ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար մի շարք ճյուղեր կարող են դառնալ տնտեսական զարգացման կարևոր մղիչ, որի հիման վրա էլ՝ ռազմական ծախսերը տնտեսական ներդրումներով փոխարինելու իրական ու արդյունավետ հնարավորություն:
Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, մշակութային կյանքում հայկական սփյուռքի ակտիվ դերակատարումը քաջալերելու ենք և ապահովելու ենք ներդրումների համար իրական պայմաններ, որով էլ վերջ ենք տալու Հայրենիք-Սփյուռք անպտուղ դեկլարատիվ հարաբերություններին ու ստեղծելու ենք երկկողմանի ներդաշնակ հարաբերություններ։
Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է բացառի «կամ, կամ»-ի քաղաքականությունը և շարունակի «և, և»-ի քաղաքականությունը: Այս առումով ՀՀ-ն պետք է ՌԴ-ում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում ասի միևնույն բանը`անկախ նրանից, թե այդ ուժային կենտրոններն ամբողջությամբ կիսո՞ւմ են մեր մոտեցումները, թե՞ ոչ, և մեր ասելիքը, բխելով Հայաստանի կենսական շահերից, էապես չպետք է ուղղվի նրանցից որևէ մեկի էական շահերին: Արտաքին քաղաքականության հարցում ներկայիս իշխանությունը դրսում ստեղծել է անվստահության մթնոլորտ: Այս առումով` քիչ է միայն հայտարարել, թե ՀՀ-ն շարունակում է որդեգրված նախկին քաղաքականությունը, անհրաժեշտ է, որ այն բովանդակությամբ լինի նույնը:
Մինչև Ադրբեջանը չճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, բանակցությամբ կարգավորելի փոխզիջումային որևէ այլ խնդրի մասին չենք խոսելու: Իսկ փոխզիջում ասելով՝ պարտադիր չէ հասկանալ տարածքային զիջումները: Դա կարող է լինել օրինակ, ըստ իս, ջրօգտագործումն ու կոմունիկացիաները: ՀՀ-ի և Արցախի միջև պետք է շուտափույթ կնքել ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր: Բանակցային գործընթացում, կարևորելով Արցախի մասնակցությունը, ՀՀ-ն չպետք է զիջի իր բանակցային դիրքերը և փորձի հրաժարվել իր պատասխանատվությունից: Ազատագրված տարածքների հարցը պետք է դիտարկել որպես հայկական պետականությունների ռազմական անվտանգության հիմնական երաշխիք: Եվ որքան որ վտանգավոր է խաղաղության ժամանակ խոսել պատերազմից, առավել վտանգավոր է պատերազմի ժամանակ խոսել զիջողական խաղաղությունից: Անհրաժեշտ է, ձգտելով խաղաղության, միշտ պատրաստ լինել պատերազմի: Հետևաբար` պետք է ոչ թե փամփուշտներից զարդեր սարքել, այլ հակառակը՝ զարդերից `փամփուշտներ:
Ազգային հայեցակարգի շրջանակում կարևորելու ենք` հայ ավանդական ընտանիքին սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելը և Սահմանադրությամբ նրա իրավունքի պաշտպանության այժմեականությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և համազգային ներկայացուցչական մարմնի ձևավորման հեռանկարը, Հայ առաքելական եկեղեցուն՝ որպես համազգային կառույցի զորակցելը` հաշվի առնելով նրա դեմ աղանդավորական հարձակումների նոր իրողությունները: Մեծացնելու ենք հայոց լեզվի պաշտպանությունը, կարևորելու ենք միասնական ուղղագրության կայացումը՝ որպես ազգային-մշակութային միասնության անփոխարինելի հենք, պաշտպանելու ենք ազգային կառույցները՝ հաշվի առնելով գաղափարական և կրթամշակութային հաստատություններին նետված մարտահրավերները, տեր ենք լինելու «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ որպես մեր պետականության անվտանգության երաշխիք: Մի խոսքով՝ «ԶԱՐԳԱՆԱԼ՝ ՉԶԻՋԵԼՈՎ» սկզբունքը:
Մեր ծրագրերն ավելի շատ են, բայց այս հարցազրույցի շրջանակում փորձեմ այսքանով սահմանափակվել, մնացածին հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու քարոզարշավի շրջանակում ` ՀՅԴ նախընտրական պլատֆորմի ու քարոզչական նյութերի միջոցով: Միայն մի հատկանշական փաստ նշեմ` չենք տվել անիրականանալի ու ամբոխահաճո խոստումներ, զերծ ենք մնում ասել այն, ինչն ուզում են լսել, ինչպես ոմանք են անում: Ասում ենք այն, ինչն իրագործելի է, հիմնավորված է տքնաջան աշխատանքի ու մասնագիտական լուրջ փորձագիտության վրա: Ու ինչ ասում ենք, ամենն ուղղված է Հայաստանի ու հայի շահերին` ունենալ հզոր, զարգացած ազգային պետություն, համերաշխ հանրություն և արժանապատիվ աշխատանքով ու վարձատրությամբ հայ ու Հայաստանի քաղաքացի:
-Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում:
- Կասեի ավելին` ՀՅԴ-ն պարտադիր պետք է ներկայացված լինի խորհրդարանում: Մենք մեր արժեքներից ու սկզբունքներից չընկրկող ուժ ենք: Լուրջ մարտահրավերներ են երկրի առջև ծառացած ու սպասվում, դիտորդի դերում հայտնվելու իրավունք չունենք: Դա հաստատ ոչ մեկի օգտին չէ, բացառությամբ խառնակիչների ու կազմալուծողների:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության փոխհարաբերությունները այլ քաղաքական ուժերի հետ եւ մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:
- Որևէ կաշկանդում չենք ունեցել ու չունենք այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելիս, կարողանում ենք, ըստ իրավիճակի, վարել մաքոքային դիվանագիտություն: Վկա՝ անցյալի ու ոչ վաղ ժամանակների գործընթացները: Մշտապես հանդես ենք եկել փոխզիջումներով խնդիրների լուծման օգտին: Կողմնակից լինելով համերաշխ հանրությանը` բազմակարծության պայմաններում, կարևորում ենք առողջ հարաբերություններն ու երկխոսությունը քաղաքական ուժերի միջև: Դա է ճիշտ ուղին:
-Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:
- ՀՅԴ-ի հասցեին հնչող առողջ, առանց վիրավորական բառապաշարի, ստի, անիրազեկվածության հետևանքով հնչող քննադատությանը վերաբերվում եմ նորմալ: Եթե քննադատում են, ուրեմն քեզնից սպասելիք ունեն: Ավելի վատ է, երբ քեզնից չեն խոսում: Առողջ քննադատությունը նպաստում է, որ քեզ տեսնես կողքի աչքով: Ու դա մեզ համար օգտակար է:
Բայց, ցավոք, կա նաև անառողջ քննադատություն, որն իբրև թե քննադատություն է, բայց իրականում՝ միտումնավոր ապատեղեկատվություն, ձեռնածություն: Այս երևույթը տարբեր ծագումնաբանություն ունի. դրսի օտար ուժերի, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող ապազգային տարրերի կողմից, տեղեկատվական ու հոգեբանական պատերազմի մեթոդներով ազգային արժեքային համակարգ կրող ուժի վարկաբեկում, որի արդյունքում` հանրության մոլորեցում, թունավորում ու քո դեմ տրամադրում, քաղաքական խանդ, սովետական ու ՀՀՇ-ական տիրապետության տարիներից եկող հակադաշնակցականություն, ինչպես նաև ինքնահաստատման փորձ` որոշ անհատների ու կառույցների համար:
-ՀՅԴ-ն մեր երկրի ամենամեծ կենսագրություն ունեցող եւ ամենակազմակերպված կուսակցություններից է, եթե ոչ` ամենափորձառուն ու կազմակերպվածը: Որքանո՞վ են այդ գործոններն օգնում կուսակցության գործունեությանը եւ որքանո՞վ են դերակատար հենց խորհրդարանական գործունեության ժամանակ:
- ՀՅԴ-ն առաջին հերթին պետականաստեղծ կուսակցություն է ու համազգային իրական կառույց՝ համահայկական օրակարգերով, հստակ կազմակերպված կառույցով ու փորձառու կենսագրությամբ: Դաշնակցական լինել` նշանակում է կրել այդ ողջ պատասխանատու ծանրությունը անցածի համար և հստակ տեսնել այն ուղիները, որոնք քայլ առ քայլ մեզ կտանեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտման:
- Որպես Մալաթիա-Սեբաստիա ու Շենգավիթ վարչական շրջաններում ՀՅԴ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու` ընտրողի համար ինչպիսի՞ պատգամավոր կլինեք:
- Վստահաբար կլինեմ օրինակելի պատգամավոր, այնպիսին, որ ինձ ընտրողը երբեք չամաչի իր ընտրության համար: Կլինեմ հաշվետու, պարբերաբար հանդիպելով ընտրատարածքի ազգաբնակչության հետ` կլսեմ նրանց կողմից բարձրացված հարցադրումները՝ ԱԺ տանելու համար: Սա ինձ համար հեշտ լուծելի է, քանի որ ապրում եմ մարդկանց մեջ՝ պարզ աշխատավորի կյանքով, մեկուսացած չեմ մարդկանցից ու չեմ լինի: Կզեկուցեմ ու կպարզաբանեմ ԱԺ-ում իմ գործունեության յուրաքանչյուր քայլ: Այդ գործունեության ողջ շրջանում երբեք չեմ անի մի քայլ, որ ամաչեմ մարդկանց աչքերին նայելուց, ինչպես եղել է իմ անցած ողջ կենսագրության ընթացքում: Ես նրանցից մեկն եմ ու մնալու եմ: Հավատարիմ Հողին ու Հային:
Մ.Մ.
Արթուր Եղիազարյանի կենսագրությունը
Ծնվել է 12.12.1973թ. Երևանում։
Կրթություն
1980– 1990 թթ. - Երևանի Չարենցի անվան թիվ 67 և 179 միջն. դպրոցներ
1990 – 1995 թթ. - Երևանի պետական համալսարան, պատմության ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
1992 – 1995 թթ. - ԼՂՀ Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարան հիմնադիր, փոխտնօրեն, պատմաաշխարհագրական ամբիոնի վարիչ
1995 - 1997 թթ.- ՀՀ ՊՆ Բ.Զ.Բ.Հ.Ու, վաշտի, գումարտակի հրամանատարի տեղակալ
1997 – 1998 - «Ֆրանս-Ղարաբաղ» բարեգործական կազմակերպության՝ Արցախի հարավային գյուղերի վերականգնման ծրագրի փորձագետ – կազմակերպիչ
1998 – 1999 - ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ – խորհրդական
1999 – 2000թթ. - Երևանի Դ. Վարուժանի անվան թիվ 89 և թիվ 179 հանր. դպրոցներում՝ պատմության և ռազմագիտության ուսուցիչ
2000-2003թթ. - ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտում՝ զինվորական ավագ դասախոս
2004թ. - ՀՀ ԱՍՀՆ «ՆՈՐՔ» տեղեկատվական վերլուծական կենտրոն ՓԲԸ գլխավոր մասնագետ
2004 թ.-ից առ այսօր - ՀՀ ԱՍՀՆ վերլուծության և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ – վարչության պետի տեղակալ։ Քաղաքացիական ծառայության 1-ին դաuի խորհրդական
Զինվորական ծառայություն
1989 - 1990 թթ. – «Ազգային Լեգիոն»-ի «Սողոմոն Թեհլերյան» ջոկատի անդամ
1992 – 1993 թթ. - Արցախյան ազատամարտի մասնակից
1995 – 1997 թթ. - ՀՀ ՊՆ Բ.Զ.Բ.Հ.ՈՒ. վաշտի, գումարտակի հրամանատարի տեղակալ
2000 – 2003 թթ. - ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ, զինվորական ավագ դասախոս, կապիտան
2016թ. - ՀՅԴ կամավորական գումարտակի կազմում՝ 2016թ. ապրիլին, շուրջ մեկ ամիս մարտական հերթապահություն՝ Արցախի հյուսիս-արևելքում
Ներկայում՝ ՀՅԴ ակտիվ պահեստազորային գումարտակի շտաբի սպա։
Գիտական գործունեություն
«Պատմական հայրենիքը և նրա ճանաչման նշանակությունը հայ զինվորականի ազգային-պետական մտածելակերպի գործում» և «Սոցիալական ոլորտը 1918-1920թթ-ին» գրքերի հեղինակ
Պետական պարգևներ
Մարտական ծառայության համար՝ «Արիություն» մեդալ
Սոցիալական պաշտպանության ոլորտի կայացման և զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար՝ ՀՀ ԱՍՀՆ «90-ամյակ» հուշամեդալ
7 մեդալ՝ պատերազմի վետերանների ՀԿ-ներից
Ընտանեկան դրություն
Ամուսնացած է, ունի 3 որդի։ 3 որդիներն էլ ծառայել են ԼՂՀ ՊԲ-ում։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ է: