Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, անդրադառնալով ԵԱՀԿ-ի վերջին հայտարարությանը, նշեց, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, պետք է «հոգեհարազատ» լինեն երկու կողմերին էլ: ՀՀԿ-ականի բնորոշմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն է պետք առաջ շարժվել:
Հարցին, թե հնարավո՞ր է բանակցային գործընթացի այսպիսի պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներրի միջև հանդիպում տեղի չունենա, Բաղդասարյանը պատասխանեց, որ հայկական կողմն ընդհանրապես չի խուսափում հանդիպումներից:
«Մինսկի խումբը պետք է հավասարության նշանը հանի և հասցեական ասի՝ ում պատճառով է այս ամենը տեղի ունենում»,- ասաց նա՝ հավելելով, որ Մինսկի խմբին բազմիցս այդ հարցերն ուղղվել են, բայց` անարդյունք:
Հարցին` արդյոք չի՞ եկել այն ժամանակը, որ հայկական կողմը «տղամարդավարի» երկու ոտքը դնի մեկ կոշիկի մեջ և պնդի, որ Մինսկի խումբը հասցեական գնահատականներ անի, Բաղդասարյանը պատասխանեց. «Քաղաքականության մեջ ոչ միշտ է, որ տղամարդկությունը կարողանում է իր դերը կատարել: Ես համաձայն չեմ այն որակմանը, որ Մինսկի խումբն ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, նրանք ավելի չեզոք են, զգուշավոր, բայց այդ զգուշավորությունը կարող է երկար տևել»:
Պատգամավորն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր կեցվածքը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բոլորովին այլ կեցվածք է դրսևորում, իսկ, վերադառնալով Ադրբեջան, բոլորովին այլ: Բաղդասարյանն ասաց նաև, թե չի կարծում, որ այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է արդյունավետ լինել:
«Մենք միշտ պատրաստ ենք պատերազմի, եթե կարիքը լինի, բայց կարծում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: Այս վիճակը ձեռք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: