կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 16:39
Քաղաքական

Հայկական 5000-ամյա պետականությունների պատմությունից

Հայկական 5000-ամյա պետականությունների պատմությունից

Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերյան այս օրերին, Հայկական լեռնաշխարհի հայկական մնացած այս փոքրիկ հատվածում հայության միահամուռ ջանքերով վերակերտվեցին հայկական միանգամից երկու պետականություններ. 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը ԽՍՀՄ կազմից դուրս, իսկ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին ԼՂԻՄ մարզային խորհուրդը հայտարարել էր դեռևս 1988 թ. հունիսին: Կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 21-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ անցկացված անկախության հանրաքվեի արդյունքներով ծնունդ առավ Հայաստանի անկախ հանրապետությունը:

Բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո հայկական երկու պետություններն իրենց անկախության 30-ամյակը դիմավորում են արտաքին ու ներքին քաղաքական, տնտեսական, ռազմական գերծանր իրավիճակում, երբ հարցականի տակ է դրված հայկական պետությունների հետագա գոյությունը: Սակայն նախքան հայկական ներկա պետականություններից խոսելը փորձենք փոքրիկ պատմական անդրադարձ կատարել հայկական պետականություններին, իսկ Հայաստանի պետականությունների ժամանակաշրջանը (գոնե գրավոր աղբյուրներից հայտնի) 5000 տարի է…

Այո՛, Հայաստանի պետականությունը ոչ թե 30, այլ 5000 տարեկան է, և մեզ հայտնի առաջին հայկական պետական կազմավորումը Արատտան է, որը հիշատակվում է շումերական հնագույն բնագրերում:

Արատտա

Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորման՝ Արատտայի մասին տեղեկությունները թվագրվում են Ք.ա. XXVIII-XXVI դարերով: Ժամանակի աղբյուրներում այն հիշատակվում էր որպես «աստվածային սուրբ օրենքների երկիր» և «անմահների երկիր», ինչը կապված էր համաշխարհային ջրհեղեղի մասին միջագետքյան ավանդազրույցների հետ, որն իր արտացոլումն է գտել նաև Աստվածաշնչում:

Արատտան կրոնապետական (թեոկրատական) կարգերով կառավարվող երկիր էր, որը Աստծո անունից ղեկավարում էր քրմապետ-արքան:

Հիշելով Արատտայի կառավարման համակարգը՝ հարկ է նշել, որ «Արատտայում քրմապետ-արքային կից գործում էր երկրի բարձրագույն խորհրդակցական մարմին՝ Ավագների ժողովը, որի հետ խորհրդակցելով քրմապետ-արքան վճռում էր առավել կարևոր պետական հարցերը»1: Այդպիսիք կարող էին լինել, օրինակ, պատերազմ հայտարարելու կամ հաշտություն կնքելու հարցերը, այսինքն՝ դեռևս Ք.ա. XXVIII-XXVI դարերում երկրի ղեկավարը պատերազմի և հաշտություն կնքելու հարցերում միանձնյա որոշում կայացնող չէր (կարևոր դաս Հայաստանի մերօրյա ղեկավարների համար): Հատկանշական է, որ Ավագների ժողովը հայկական պետությունների կառավարման համակարգում պահպանվեց նաև հետագա հազարամյակներում…

«Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին»2: Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ «Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկը երկրում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված Ք.Ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն»3: Մեր կարծիքով՝ եթե օրերից մի օր գիտությանը հաջողվի գտնել նշված մեհենագրությունների վերծանման բանալին, մեզ և աշխարհին շատ հետաքրքիր փաստեր հայտնի կդառնան մեր նախնիների պետական մտածողության և մինչ օրս հայտնի մեր առաջին պետականության՝ Արատտայի կյանքի տարբեր ոլորտների մասին:

Արմանի/ում

Մեզ հայտնի հաջորդ հայկական պետական կազմավորումը Արման(ում/ի) երկիրն է: Պատմությանը հայտնի առաջին բռնակալներից և մեր առաջին թշնամիներից Նարամ-Սուենը իր արձանագրություններից մեկում մեր երկրի մասին գրել է. «Մարդկության արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արման(ում) երկիրը»4: Նարամ-Սուենը դեպի Հայկական լեռնաշխարհ ձեռնարկել է մի քանի արշավանքներ, ի պատասխան որոնց՝ «նրա դեմ ձևավորվեց լեռնաշխարհի և հարակից շրջանների 17 պետական կազմավորումների դաշինքը, որն առաջնորդում էր Արմանի երկիրը»5:
Արմանի երկրի պետական կառավարման համակարգի մասին գաղափար կազմելու տեսանկյունից չափազանց կարևոր են Շուլգիի հետախուզական նամակները Արմանի (Սուբուր, Սուբուր-Արմանի, Շուպրիա, Արմա/ենիշուպրիա) երկրի մասին: Այդ նամակներից մեկում նշվում է. «Սուբուր երկրի տիրակալն ուներ «արշավանքի տուն» (ներկայիս եզրութաբանությամբ՝ «գլխավոր շտաբ»), որի պատերը զարդարված էին թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված զինատեսակներով….։ Օտարերկրյա դեսպանի ընդունելության ժամանակ արքայի աջում և ձախում կանգնած էին նրա կառավարիչները, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր նշանակված հինգ հազար ծառայողների»6:

Կուտիական (Կորդվաց) երկիր

Դեպի Հայկական լեռնաշխարհ Նարամ-Սուենի հերթական արշավանքի նախօրյակին տասնյոթ երկրների դաշինքի ղեկավարումը Լուլուբիից անցավ Կորդվաց երկրին, որն էլ վերջ դրեց Նարամ-Սուենի բռնակալական իշխանությանը: Նարամ-Սուենը պատմությանը հայտնի առաջին բռնակալն էր, որը պարտադրեց իր անձի պաշտամունքը և, կործանելով աստվածների տաճարները, իրեն հռչակեց աստված: Երբ ինքնակոչ աստված Նարամ-Սուենը պաշարեց շումերների սրբազան Նիպպուր քաղաքը, շումերական քրմերը օգնության խնդրանքով դիմեցին Հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքին, որը ղեկավարում էր Կուտիական երկիրը. «Շուտով սրընթաց գրոհով Միջագետքի կենտրոն արշավեցին Հայկական լեռնաշխարհի լեռնականները, որոնց դեմ պատերազմում ինքնակոչ «աստվածը» սպանվեց»7: Կորդվաց տիրակալներին անցավ «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը: Կուտիական տիրակալներն իրենց տիրապետության տակ գտնվող երկրները կառավարում էին տեղացիներից ընտրված կառավարիչների միջոցով, որոնք կանոնավոր կերպով հարկեր ու նվերներ էին ուղարկում Հայկական լեռնաշխարհի արքաներին: Թեմայի շուրջ շատ չծավալվելու համար նշենք միայն, որ այս իրադարձությունները կապված են Ք.ա. 2492 թ. իրադարձությունների հետ, որոնք պատմության մեջ մնացել են «Հայկ և Բել» առասպելի տեսքով:

Միտաննի

Հայկական լեռնաշխարհում Ք. ա. XVI-XIII դարերից մեզ հայտնի մյուս պետությունը (Հայաստանի հարավում և Միջագետքի հյուսիսում) Միտաննիի թագավորությունն է՝ Վաշշուգանե մայրաքաղաքով: Եգիպտական աղբյուրներում Միտաննին հիշատակվում է «Նահաիրնա» ձևով: Իր գոյության ընթացքում Միտաննին ստիպված էր պատերազմել Եգիպտոսի դեմ, որի՝ հիքսոսների դեմ մղած վրիժառուական պատերազմի թիրախում հայտնվեց հենց Միտաննին:Ի վերջո Եգիպտոսի Թութմոս 4-րդ փարավոնը հաշտություն կնքեց Միտաննիի արքա Արտադամայի հետ, ինչի հետևանքով Միջերկրական ծովի արևելյան ավազանի հարավային հատվածն անցավ Եգիպտոսին, հյուսիսայինը՝ Միտաննիին: Միտաննիի արքաները կրում էին «մեծ թագավոր» տիտղոսը, թագավորական իշխանությունը ժառանգական էր. «….բանակի հրամանատարությունը, սովորաբար, Միտաննիում հանձնարարվում էր արքայազնին: Բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից»7:Միտաննիի թագավորության ծագման վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ կան, սակայն «Հնդեվրոպական այս թագավորության տիրակալները հայոց ազգային պատմագրական ավանդույթում համարվում են բնիկ հայ արքաներ, և նրանց անունները գտնում ենք Մովսես Խորենացու Հայկազուն նահապետների և արքաների ցանկում (օրինակ՝ Պարատարնա (սեպագրում) – Պարետ (ըստ Խորենացու), Վասաշատա-Վաշտակ և այլն)»8: Միտաննին անկում ապրեց Ք.ա. XIII դարում հզորացող Ասորեստանի հարվածների ներքո:

Հայասա-Ազզի

Հայկական լեռնաշխարհում հայտնի մեկ այլ պետական կազմավորում էր Հայասա երկիրը, որը հիշատակվում էր նաև Ազզի անվամբ: Ք.ա. XV դարավերջին և XIV դարասկզբին Հայասա-Ազզի թագավորությունը տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցրել, խեթական թագավորության գլխավոր հակառակորդն ու թշնամին լինելով՝ ժամանակի ընթացքում նաև խնամիական կապեր է հաստատել խեթական արքաների հետ: Հայասան ուներ իր արքան, որին կից գործում էր ավանդական խորհրդակցական մարմինը՝ Ավագների խորհուրդը: «Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 700 մարտակառքից և 10-հազարանոց հետևազորից բաղկացած բանակ, որն այդ ժամանակաշրջանի համար նշանակալից ուժ էր»9: Հայասան վերջին անգամ հիշատակվել է խեթական արքա Թութխալիաս 4-րդի օրոք: Ամենայն հավանականությամբ, թագավորությունը շարունակել է իր գոյությունը, պարզապես Հայասա խեթերեն անվամբ չի հիշատակվում Ք. ա. XII դարում խեթական թագավորության անկման հետևանքով:

Նաիրի (Նաիրյան համադաշնություններ)

Ք.ա. XIII-XI դարերի ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում են Նաիրյան երկրները և դրանց 40 առաջնորդները: Նաիրյան երկրներ անվան տակ «միավորված էին Վանա լճի շրջանը և նրանից դեպի հարավ ու արևմուտք ընկած ընդարձակ տարածությունները, ուր ապրում էին համադաշնության սկզբունքով միավորված բազմաթիվ ցեղապետություններ»10:
Ի տարբերություն Ք.ա. XIII-XI դարերի՝ արդեն Ք.ա. IX դարում նույն Ասորեստանի արքաները խոսում են ոչ թե մի քանի երկրների Նաիրյան համադաշնության, այլ մեկ միասնական Նաիրի պետության մասին, որն ուներ «250 քաղաք իրենց զորավոր պարիսպներով»11:

Վանի (Արարատյան) թագավորություն

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող պետական կազմավորումների միավորման և մեկ կենտրոնացված պետության ստեղծման գործընթացն ավարտին հասավ Վանի թագավորության ժամանակաշրջանում: Այս թագավորությունը ասուրերեն բնագրերում կոչվում է Ուրարտու, տեղական սեպագիր աղբյուրներում՝ Բիայնիլի, Աստվածաշնչում՝ Արարատ: Ք.ա. մոտ 859-843 թթ. Վանի թագավորության արքա է հիշատակվում Արամեն: Նրան հաջորդած Սարդուրի Ա-ն մայրաքաղաք Տուշպայի հիմնադրման արձանագրություններում իրեն կոչում է Նաիրի երկրի արքա: Այս հանգամանքը չափազանց կարևոր է Ուրարտուի հայկականությունը քննարկելիս:

Վանի թագավորությունը, փաստորեն, հայկական առաջին գերկենտրոնացված պետությունն էր, որի կառավարման սկզբունքները պահպանվեցին մինչև Արշակունյաց թագավորության անկումը՝ 428 թվականը: Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը ժառանգական էր, փոխանցվում էր հորից ավագ որդուն, թագավորին կից շարունակում էր գործել Ավագների խորհուրդը: Հենց Վանի թագավորության ժամանակ էր, որ անցում կատարվեց արհեստավարժ՝ կանոնավոր բանակի ստեղծմանը. բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից, անհրաժեշտության դեպքում ստեղծվում էր աշխարհազոր:Արարատյան թագավորության մեզ հայտնի հզոր արքաներն էին Սարդուրի Ա-ն (Ք.ա. մոտ 840-825), Իշպուինին (Ք.ա. 825-810), Մենուան (Ք.ա. 810-778), Արգիշտի Ա-ն (Ք.ա. 776-764), Սարդուրի Բ-ն (Ք.ա. 764-735), Ռուսա Ա-ն (Ք.ա. 735-710), Արգիշտի Բ-ն (Ք.ա. 710-680-ականներ) և Ռուսա Բ-ն (Ք.ա. 680-650-ականներ):
Ք.ա. հավանաբար 609 թ. Վանի արքայատոհմին փոխարինում է Հայկազունիների նոր արքայատոհմը:

Մեծ Հայքի (Հայաստան) թագավորություն

Պատմահայր Խորենացու հաղորդումներում հիշատակվում են Հայաստանի հարավ-արևմուտքում իշխող Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչներ Սկայորդին և նրա որդի Պարույրը: Վերջինս միավորեց Վանա լճից Եփրատ ընկած ողջ տարածքը, Հայաստանի հին թշնամի Ասորեստանի դեմ դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ և Ք.ա. 612 թ. մասնակցեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի կործանմանը, ապա դաշնակիցների կողմից ճանաչվեց Հայաստանի թագավոր:
Հայկազունների մեկ այլ ճյուղի ներկայացուցիչներից Ք.ա. 580-570-ական թթ. առավել հայտնի դարձավ Երվանդ Ա Սակավակյացը (Սակավակյաց է կոչվել կարճատև կառավարման համար. հրաժարվել է գահից՝ իշխանությունը հանձնելով որդուն` Տիգրանին): Երվանդ Ա-ի որդին` Տիգրան Ա Երվանդունին, Մարաստանի արքա Կյուրոս Մեծի գլխավոր դաշնակիցն էր: Նրա իշխանությունը տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա, իսկ Ք.ա. 538 թ. հայոց արքայի գլխավորությամբ դաշնակից զորքերը գրավեցին Եգիպտոսը, որից հետո Տիգրան Ա Երվանդունին դարձավ Աքեմենյան տերության արևմտյան կեսի փոխարքան:

Խոսելով Տիգրան Ա Երվանդունու մասին`

պատմահայր Խորենացին գրում է. «….սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով իրեն հնազանդեցրեց, և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը…
Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ….: Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողներն հաջող աղեղնավորներ, կոպալներով կռվողները զինվեցին սրերով և տեգավոր նիզակներով, մերկերը պատսպարվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեցին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների և զենքերի փայլմունքը բավական էին թշնամիներին հալածելու և վանելու: Այս և այսպիսի շատ բաներ բերեց մեր աշխարհին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը…»12:

Մինչև Ք.ա. 522 թվականը Հայաստանը Աքեմենյան տերության մեջ արտոնյալ դիրք ուներ: Ք.ա. 522 թ. Դարեհ Ա-ն գրավեց Աքեմենյանների գահը և Հայաստանը նվաճելու համար ստիպված եղավ իրականացնել հինգ ռազմական արշավանք. «….այդ մասին է պատմում Բիհիստունյան եռալեզու արձանագրությունը, որի պարսկերեն բաժնում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտու»13:

Ք.ա. 521 թ. Հայաստանը ճանաչում է Աքեմենյան տերության գերիշխանությունը` պահպանելով, սակայն, ներքին ինքնավարությունը: Մինչև Ք.ա. 331 թվականը Հայաստանը Աքեմենյան տերության սատրապություն էր (13-րդը), որը ղեկավարում էին Հայկազուն-Երվանդունիները, իսկ Ք.ա. 331 թ. Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը. Մեծ Հայքում թագավոր հռչակվեց Երվանդ Գ-ն, իսկ Փոքր Հայքում` Միթրաուստեսը:

Երվանդունիների արքայատոհմը Հայաստանում կառավարեց մինչև 201 թվականը, երբ Սելևկյանների արշավանքներից մայրաքաղաք Երվանդաշատը պաշտպանելիս զոհվեց Երվանդունի վերջին արքան` Երվանդ Դ-ն: Ք.ա. 189 թ. Հայքում հաստատվեց նոր արքայատոհմ, որը նրա հիմնադիր արքայի` Արտաշես Ա-ի անունով կոչվեց Արտաշեսյան:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160) հայ ժողովրդի կողմից արժանացել է «Բարեպաշտ» պատվանվանը. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չմնաց, ո՛չ լեռնային և ո՛չ դաշտային, այնքան էր շենացել երկիրը»14:Արտաշես Բարեպաշտի և նրա որդիներ Արտավազդ Ա- ի (Ք.ա. 160-115) ու Տիգրան Ա Արտաշեսյանի (Ք.ա. 115-95) համեմատաբար խաղաղ և հայրենաշեն կառավարումը հող նախապատրաստեց հայոց պատմության մեծագույն տիրակալի` Տիգրան Բ Մեծի (Ք.ա. 95-55) կողմից հայկական կայսրության ստեղծման համար: Տիգրան Մեծի մասին շատ է խոսվել, նրա կառավարման տարիները և 3 մլն քառ. կմ տարածք ընդգրկող հայկական կայսրության պատմությունը թերևս լավագույնս ուսումնասիրված են, ուստի մեծ տիրակալի կերպարի վրա շատ կանգ չառնելու համար ուղղակի կարճ անդրադարձ կատարենք նրա թողած երեք կարևոր դասերին: Այսպես` Տիգրան Մեծը Ք.ա. 95-70 թթ. ստեղծել էր մի աշխարհակալություն, որի սահմաններն ու ազդեցության ոլորտը շուրջ 3 մլն քառ. կմ էր, տերության մայրաքաղաք Արտաշատը մնացել էր ծայրամասում, առաջ էր եկել նոր մայրաքաղաք ունենալու հրամայականը, որի համար շատ հարմար դիրքում էր գտնվում Անտիոքը, որը, սակայն, հայկական պատմական հողում չէր, ուստի Տիգրան Մեծը որոշեց նոր մայրաքաղաքը կառուցել հայոց հողում: Ք.ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը իր մայրաքաղաքը կառուցեց Մեծ Հայքի Աղձնիք նահանգում` այն վայրում, որտեղ թագադրվել էր: Դաս առաջին. քո տունը օտար հողում մի՛ կառուցիր:

Ք.ա. 69 թ. Լուկուլլոսի` Հայաստան արշավանքի ժամանակ մայրաքաղաք Տիգրանակերտի մեծաթիվ օտարազգի բնակչությունն ու զորքը բացեցին քաղաքի դարպասները հռոմեացիների առաջ: Դաս երկրորդ. քո տան՝ երկրի պաշտպանությունը օտարին մի՛ վստահիր:

Ք.ա. 66 թ. Պոմպեոսի արշավանքների ժամանակ Միհրդատ Եվպատորը պարտություն կրեց: Պարթևներն այդ ժամանակ դաշնակցում էին Հռոմի հետ, բայց Հայաստանի դեմ պատերազմում Պարթևստանը պարտություն կրեց: Հայքում ներքին խռովություն էր բարձրացրել Տիգրան Մեծի որդին՝ Տիգրան կրտսերը: Այս պայմաններում միայնակ մնացած Տիգրան Մեծը, սթափ գնահատելով իրավիճակը, ճիշտ որոշում կայացրեց, և «երկու հաղթող երկրների՝ Հայաստանի և Հռոմի միջև Տիգրան Մեծի և Պոմպեոսի կողմից ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց Եփրատից արևմուտք ընկած իր նվաճումներից, Պարթևստանին վերադարձրեց նախկին սահմանները: Մեծ Հայքը ճանաչվեց Հռոմի «դաշնակից և բարեկամ»»15: Իհարկե, Տիգրան Մեծը կարող էր հրաժարվել նման պայմանագրից և միայնակ շարունակել պատերազմը Հռոմի և Պարթևստանի դեմ՝ վտանգելով Հայաստանի անկախությունն ու ապագան հանուն տիրակալի իր փառքի, բայց «Երբ կշեռքի նժարներին դրված էին տիրակալի իր փառքն ու հայրենիքի ապագան, Տիգրան Մեծն ընտրություն կատարեց հանուն հայրենիքի»16: Դաս երրորդ. պետության և հայրենիքի շահը վեր դասել ամեն ինչից, ցանկացած ընտրություն կատարելիս առաջնորդվել հայրենիքի շահերով:

Տիգրան Մեծին հաջորդած համեմատաբար հզոր արքաներն էին նրա որդի Արտավազդ Բ-ն (Ք.ա. 55-34), որը մեր պատմության մեջ անձնազոհության բացառիկ օրինակ է ու շատ կարևոր մի դաս է թողել` պատիվը (ազգի և հայրենիքի)` կյանքից վեր, և Արտավազդ Բ-ի որդի Արտաշես Բ-ն (Ք. ա. 30-20), որը, դաշինք կնքելով Պարթևստանի հետ, կարողացավ Հայաստանն ազատագրել հռոմեական օկուպացիայից:

Արտաշեսյան արքայատոհմի իշխանությունը Հայաստանում ավարտվեց 1 թվականին, և չնայած երկրում թագավորական իշխանություն չկար, պետական ինստիտուտները պահպանվեցին, ավագանին, զինվորականությունն ու հոգևոր դասը, բավականաչափ հզոր լինելով, կարողանում էին ղեկավարել երկրի քաղաքական կյանքը: Չնայած դրան` Հռոմը փորձում էր իր դրածոներին հաստատել Մեծ Հայքի գահին, որոնք, սակայն, որպես կանոն, երկար չէին իշխում և կամ սպանվում էին հայերի ձեռքով կամ վտարվում երկրից: Այս իրավիճակը շարունակվեց մինչև 66 թվականը, երբ Հռոմի դեմ գրեթե տասնամյա պայքարից հետո հայոց ավագանու, զինվորական ու հոգևոր դասի և ժողովրդի համաձայնությամբ Հայաստանի գահին հաստատվեց Տրդատ Ա-ն (66-88), որին հայոց թագավոր ճանաչեց նաև Հռոմը. Տրդատ Ա-ն թագը ստացավ Ներոնի ձեռքից: Արշակունյաց դինաստիան Հայաստանում կառավարեց մինչև 428 թվականը:

Արշակունիների օրոք Հայաստանում տեղի ունեցան երկու շատ կարևոր իրադարձություններ. նախ՝ 301 թ. Հայաստանում պետական կրոն հռչակվեց քրիստոնեությունը, որն իր դրոշմը թողեց հետագա դարերի հայոց պատմության վրա, երկրորդ՝ Արշակունյաց թագավորության անկման շրջանում՝ 405 թ., Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց կամ վերստեղծեց հայոց գրերը, մի իրադարձություն, որի շնորհիվ հետագա հարյուրամյակներին հայությունը կարողացավ դիմագրավել մարտահրավերներին՝ պահպանելով իր ինքնությունը: Հայոց գրերի շնորհիվ գաղափարապես միավորվեցին 387 թ. բաժանված Հայաստանի երկու հատվածները, և հետագա դարերում էլ արևելահայն ու արևմտահայը պետք է գաղափարապես միավորված մնային երկու գլխավոր գործոնների՝ հայատառ դպրության ու քրիստոնեության շնորհիվ…

428 թ. Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց, սակայն պետականությունը չընկավ: Պետական ինստիտուտների պահպանման շնորհիվ էր, որ 457 տարի անց Բագրատունիներին հաջողվեց երկարատև պայքարից հետո վերականգնել հայոց թագավորությունը: Բագրատունյաց արքայատոհմը բուն Հայաստանի տարածքում գոյություն ունեցած համահայկական վերջին արքայատոհմն էր: Բագրատունիների թագավորության շրջանում՝ 885-1045 թթ., հայ ժողովուրդը թե՛ քաղաքական, թե՛ մշակութային վերելք ապրեց: Այդ ընթացքում ամրապնդված պետական ինստիտուտները գոյատևեցին մինչև XIV դարը, երբ հայոց պետականությունը վերջնականապես վերացվեց: Բագրատունյաց թագավորությունը, ինչպես բազմիցս նշել ենք, անկում ապրեց դավաճանության հետևանքով: 1045 թ. Պետրոս Գետադարձի և Վեստ Սարգիս իշխանի կողմից Անիի դավաճանական հանձնումը Բյուզանդիային իր ողբերգական կնիքը դրեց Հայաստանի հետագա ճակատագրի վրա: Օտար, հիմնականում վայրենի քոչվորների տիրապետության տակ հայտնված Հայաստանը շուրջ 600 տարի (Հայկական հարցով զբաղվող այլ գիտնականներ համարում են 800, ոմանք՝ 500 տարի) աստիճանաբար կորցրեց պետականությանը բնորոշ բոլոր տարրերը և մխրճվեց խավարի մեջ մինչև 1918 թվականը…

Կիլիկիա

Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս շատ վաղուց հայկական դարձած Կիլիկիայում հայ ժողովուրդն իր պետականությունը ստեղծեց 1080 թ.: Պետության գլուխ կանգնեց ժամանակի հզորագույն հայ իշխաններից մեկը՝ Ռուբեն Ա-ն (1080-1095), որի անունով էլ իշխանապետությունն ու իշխող դինաստիան կոչվեցին Ռուբինյան: Կիլիկիայի հայոց իշխանապետությունն այնքան հզորացավ, որ XII դարում Լևոն Բ-ն այն հռչակեց թագավորություն: 1198 թ. հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդի օրը, Տարսոն քաղաքում Լևոն Բ-ն (որպես արքա՝ Լևոն Ա) թագադրվեց ««Թագաւոր ամենայն Հայոց, և նահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ» տիտղոսով, դրանով ընդգծվում էր թագավորության համահայկական նշանակությունը. նա նախ թագավորն էր «ամենայն Հայոց», հետո նոր միայն «նահանգին Կիլիկէացոց»»17:

Լևոն Ա-ն (1198-1219) իր գործունեության և Կիլիկիան տարածաշրջանի հզորագույն թագավորություններից մեկը դարձնելու համար ոչ պատահականորեն ստացավ և հայոց պատմության մեջ մնաց «Մեծագործ» պատվանունով:

1226 թ. Լևոն Մեծագործի դստեր՝ Զաբելի հետ ամուսնանալով՝ գահ է բարձրանում Հեթում Ա-ն (1226-1269)՝ հիմք դնելով Հեթումյան արքայատոհմին:

Իր գոյության ընթացքում Կիլիկիայի հայկական թագավորությունը (1198-1375), բացի Ռուբինյաններից, որոնց վերջին ներկայացուցիչը Լևոն Մեծագործն էր, ունեցել է երկու արքայատոհմ՝ Հեթումյան և Լուսինյան: Կիլիկիայում հիմնականում պահպանվեց հայկական թագավորություններում սահմանված պետական կառավարման կարգը՝ հասկանալիորեն որոշակի ազդեցություն կրելով նաև բյուզանդական ու արևմտաեվրոպական կարգերից: Պետության գլուխ կանգնած էր արքան, որը կառավարում էր արքունիքի մեջ մտնող օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների միջոցով: Պետության կառավարումից անմասն չէր նաև հայոց թագուհին. «Հայոց թագուհին մասնակցում էր Արքունի խորհրդի նիստերին: Նա երկրի կյանքում ուներ քաղաքական (արքայի բացակայության կամ մահվան դեպքերում) և հատկապես մշակութային ու բարեսիրական մեծ դերակատարում….»18:

Կիլիկիայի հայկական պետությունը քաղաքակրթությունների ու մշակույթների փոխազդեցության յուրահատուկ խաչմերուկ էր, հայկական մշակույթի ու գիտության զարգացման կենտրոններից մեկը: Կիլիկիայի հայկական թագավորությունն անկում ապրեց 1375 թ. ապրիլի 22-ին, երբ եգիպտական մամլուքների և այլ մահմեդականների դեմ պայքարում ըստ էության մենակ մնացած քրիստոնյա Կիլիկիայի արքա Լևոն V-ը անձնատուր եղավ ու գերի տարվեց Եգիպտոս: Դրանից հետո՝ շուրջ կես դար, հայ իշխանները փորձում էին վերականգնել կորցրած պետականությունը, սակայն ապարդյուն:

Հայաստանի առաջին հանրապետություն

Շուրջ 600 տարվա ծանր մաքառումներից, ցեղասպանվելուց հետո հայությունն իր պետությունը ստեղծեց 1918 թ.:

Օգտվելով Ռուսաստանում 1917 թ. տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից և Լենինի կողմից՝ ռուսական զորքերը ռազմաճակատից հետ քաշելու քայլից՝ 1918 թ. փետրվարին թուրքերը Կովկասյան ռազմաճակատի երկարությամբ նոր արշավանք ձեռնարկեցին, ինչը բնականաբար ուղղված էր հայերի դեմ: Ցեղասպանված, իր հայրենիքի մեծագույն մասը կորցրած, հյուծված, դաշնակիցների շոշափելի օգնությունից զրկված, թուրքական մեծաթիվ զորքերի դեմ մենակ մնացած հայ ժողովուրդը կանգնած էր վերջնական բնաջնջման վտանգի առաջ: Թվում էր՝ հայության ու Հայաստանի փոքրիկ հատվածի բնաջնջումն անխուսափելի է, բայց այդ նույն ժամանակ Երևանում Արամ Մանուկյանն ու իր գործակիցները տենդագին պատրաստություն էին տեսնում սպասվող աղետը կանխելու համար: 1917 թ. դեկտեմբերին Երևան եկած Արամ Մանուկյանը «Մենակ ենք եւ պետք է ապավինենք միայն մեր ուժերին թե ճակատը պաշտպանելու եւ թե երկրի ներսում կարգ հաստատելու» բանաձևումով Դրոյի ու Մովսես Սիլիկյանի հետ առաջնորդեց պայքարը՝ հայության ֆիզիկական գոյության ու թեկուզ փոքրիկ Հայաստանի պահպանման համար: 1918 թ. մայիսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում հայությունը սեփական ուժերով դիմադրեց իրեն ռազմապես գերազանցող թուրքական բանակին և հաղթանակ տարավ: «Սարդարապատի, Բաշ-Աբարանի եւ Ղարաքիլիսայի յաղթանակներու դարբնողները,- գրել է «Ազատ խօսք» օրաթերթը,- կը մնան Վասպուրականի ԱՐԱՄԸ՝ իւր պողպատեայ կամքով, ԴՐՕՆ՝ իւր շեշտակի խոյանքով ու սպարապետ ՆԱԶԱՐԲԵԿԵԱՆ եւ զօր. ՍԻԼԻԿԵԱՆ՝ ռազմավարի հանճարով»19: Մայիսյան հերոսամարտերը ոչ միայն փրկեցին հայությանը բնաջնջումից, այլև հնարավոր դարձրին Հայաստանի անկախության վերականգնումը՝ ծնունդ տալով Հայաստանի առաջին հանրապետությանը: Մայիսի 28-ին ձևավորվեց և թուրքերի հետ առանձին բանակցություններ վարելու համար Բաթում ուղարկվեց Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը: Անկախության մասին հայտարարությունը Ն. Աղբալյանի մշակմամբ հրապարակվեց մայիսի 30-ին: Հայկական լեռնաշխարհի մի փոքրիկ անկյունում վեցդարյա դադարից հետո նորից ծնունդ առավ հայկական պետականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, որը խորհրդարանական կառավարման համակարգով երկիր էր. իշխանության գլուխ կանգնած վարչապետը հաշվետու էր խորհրդարանին: Հայաստանի Հանրապետության գոյության 2,5 տարիների ընթացքում նրա՝ միմյանց հաջորդած չորս կառավարությունները ուժերի գերլարումով տիտանական աշխատանք կատարեցին 600 տարվա փլատակների վրա պետություն կառուցելու համար: Ստեղծվեցին պետականությանը բնորոշ ինստիտուտներ, հիմնադրվեցին դպրոցներ, համալսարան, ազգային պատկերասրահ, երաժշտանոց (կոնսերվատորիա) և այլն, որոնք հետագայում հիմք հանդիսացան Խորհրդային Հայաստանի մշակույթի զարգացման համար: Հայաստանի կառավարությունը, ի թիվս այլ խնդիրների, ժառանգություն էր ստացել պատմական Հայաստանի տարածքների խնդիրը, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին թե՛ Թուրքիան, թե՛ Վրաստանը և թե՛ նորաստեղծ Ադրբեջանը: Մինչև Հայաստանի խորհրդայնացումը ՀՀ կառավարությունը մինչև վերջ կռիվ տվեց Հայաստանի ամեն թիզ հողի համար և Արցախի, Նախիջևանի, Զանգեզուրի և ՀՀ-ի փաստացի տիրապետության տակ գտնվող 70.000 քառ. կմ-ի պահպանման հույսով իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: 1920 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդայնացված Հայաստանը 1921 թ. խորհրդային իշխանությունների կողմից բաժանվեց Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև. Հայաստանը մնաց հազիվ 30.000 քառ. կմ փոքրիկ տարածք: Խորհրդային հասարակարգում (Մոսկվայի գերիշխանությամբ) հայ ժողովուրդը ապրեց մոտ 70 տարի:

Հայաստանի մերօրյա հանրապետությունը

1988 թ. փետրվարի 20-ին Արցախից սկսված ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու շարժումն ընդարձակվեց ու վերածվեց Հայաստանի անկախության համար պայքարի: Ի վերջո, 1991 թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը հանրաքվեով «այո» ասաց անկախությանը, և սկսվեց պետականաշինության մի նոր փուլ: 1992 թ. հունվարի 28-ին հիմնադրվեց ՀՀ կանոնավոր բանակը, Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական, քաղաքական, տնտեսական աջակցությունը ցուցաբերեց մարտնչող Արցախին:Արցախյան պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում, դառնալ կայացած ու կայուն զարգացող պետություն, որի հետ տասնամյակների ընթացքում շատ հարցերում սկսեցին հաշվի նստել: Իր բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը անկախ, ինքնիշխան, իր և Արցախի պաշտպանությունը կազմակերպելու ունակ պետություն էր, սակայն 2018 թ., այսպես կոչված, «թավշյա հեղափոխությամբ» սկիզբ դրվեց Հայաստանի պետականության անկմանը, աստիճանաբար թուլացվեցին պետական բոլոր ինստիտուտները, բանակի, զինվորականության, եկեղեցու, Արցախում տարած հաղթանակի ու ազգային արժեք ներկայացնող ամեն ինչի դեմ լայնածավալ արշավ սկսվեց:

Հայաստանի նոր իշխանության հանցավոր անկարողությունն ի վերջո հանգեցրեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված ու 44 օր տևած պատերազմի, որի աղետալի հետևանքները դեռ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը զգալու է իր մաշկի վրա:

Արցախի Հանրապետություն

Արցախը հայկական երկրորդ պետությունն է և հռչակվել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին: Մինչ այդ, սակայն, Արցախի պետականության ավանդույթների մասին: Արցախը՝ որպես պետություն, միայն 1991 թվականից չէ, որ գոյություն ունի:

Արշակունիների թագավորության անկումից հետո Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում (Հայոց արևելից կողմանք) Առնշահիկների տոհմը (որը, ըստ միջնադարյան հայկական աղբյուրների, ծագում էր Հայկազուններից) հռչակեց թագավորություն: Հայոց արևելից կողմանց Առնշահիկ արքաներից առավել հայտնի էր Վարդանանց պատերազմին մասնակցած Վաչե արքան: Առավել նշանավոր էր Վաչագան Գ Բարեպաշտ (մոտ 487-510) արքան, որը նաև Արցախի ներկայիս մայրաքաղաք Ստեփանակերտի՝ պատմական Վարարակնի հիմնադիրն է. «Վաչագան արքան հայտնի դարձավ ոչ միայն շինարարական բուռն գործունեությամբ, այլև «Սահմանադրութիւն կանոնական» կանոնագրքի ստեղծումով, որն ընդունվեց Աղուենի կանոնադիր ժողովում»20:

Մոտ 958 թ. Սահակ Սևադայի որդին՝ Հովհաննես-Սենեքերիմ Առնշահիկը, իր հայրենի Փառնես գավառին միացնելով Ուտիք, Գարդմանք և Ձորագետ գավառները, հիմնեց Փառիսոսի թագավորությունը, որն անկում ապրեց XI դարի կեսերին, զոհ գնալով Գանձակի քուրդ ամիրաների խարդավանքներին: Առնշահիկները սերնդեսերունդ պահպանեցին անկախ կամ կիսանկախ իրենց իշխանությունը որպես Արցախի իշխանական (մելիքական) տներ: Դրանք էին Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները:

Արցախի Հանրապետությունը, ինչպես ասացինք, 30 տարեկան է, իր անկախությունը հռչակել է 1991 թ. սեպտեմբերի 2-ին և հերոսական մաքառումներով ու երեք տասնամյակի տքնաջան աշխատանքով դարձել կայուն, անկախ պետություն, գոնե մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը: Արցախը, թեկուզ չճանաչված, բայց անկախ հանրապետություն լինելով, իր մասնակցությունն ուներ 1994 թ. մայիսի 12-ին կնքված հրադադարի պայմանագրում, որը Արցախի անունից ստորագրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Հակառակ դրան՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի ստորագրած համաձայնագրում Արցախը բացակայում է, ոչ մի կերպ Արցախը ներկայացնելու լիազորություն չունեցող Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի (նաև Հայաստանի) կապիտուլյացիայի համաձայնագիրը՝ առանց հաշվի առնելու հայկական երկու հանրապետությունների ժողովրդի և խորհրդարանների կարծիքը:

ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը փաստորեն կատարեց նույն ապօրինի քայլը, ինչ Ստալինը 1921 թ. հուլիսի 5-ին՝ մեկ գիշերում միանձնյա որոշմամբ Արցախը հանձնելով Ադրբեջանին: Եթե Ստալինի կողմից այդ քայլը կայսերապետական շահերի տեսանկյունից է մեկնաբանվում, ապա Նիկոլ Փաշինյանի արարքը հայոց պատմության մեջ մնալու է որպես պետական դավաճանության վառ օրինակ այնպես, ինչպես 1045 թ. Անիի հանձնումը Պետրոս Գետադարձի և 1920 թ. հոկտեմբերին Կարսի հանձնումը հայ բոլշևիկների կողմից:

Իրենց հռչակման 30-ամյակին հայկական երկու պետությունները կանգնած են լինել-չլինելու հրամայականի առաջ: Արցախի Հանրապետությունը Հայաստանի իշխանության «թեթև ձեռքով» կորցրել է իր տարածքի 75 %-ը, այդ թվում՝ բերդաքաղաք Շուշին, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզերի մի շարք բնակավայրերի վրա իշխող բարձունքները: Արցախի Հանրապետությունն իր 12.000 քառ. կմ տարածքով Հայաստանի Հանրապետության գոյության հիմնաքարն է, որը, սակայն, խախտվել է: Կորցնելով Արցախը՝ Հայաստանի Հանրապետությունը ևս կանգնել է վերացման վտանգի առաջ ու եթե մինչ օրս գոյատևում է, ապա դա արդյունքն է նախորդ մոտ 30 տարվա պետականաստեղծ հսկայական աշխատանքի, սակայն մոտ 30 տարում ստեղծվածը ընդամենը երեք տարում բացառիկ վարպետությամբ մսխելու հետևանքով այսօր խաղասեղանին դրված է Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության խնդիրը:

Ի՞նչ անել հայոց 5000-ամյա պետականությունների պատմությունը չփակելու և հայ ժողովրդի պատմության վերջին էջը չշրջելու համար: Ազատվե՞լ հաղթանակը պարտություն դարձրած վարչախմբից, շտկել մեջքը, վերականգնել ու վերազինել հայոց բանակը և փորձել հետ բերել կորցրածի գոնե մի փոքր մասը՝ պանթյուրքիզմի օղակում չխեղդվելու համար: Վերջին խոսքը հայ ժողովրդինն ու հայ զինվորականությանն է: Ինչպիսի՞ երկիր է ուզում հայ ժողովուրդը՝ թշնամու առաջ վիզը ծռած, պարտված, թշվառ ու նվաստացա՞ծ, թե՞ թշնամուն իր կամքը պարտադրող, հաղթող, ուժեղ և միացյալ Հայաստանի հիմնասյուն հանդիսացող պետություն: Ինչպիսի՞ պետության բանակում է ուզում ծառայել հայ զինվորականությունը… և ո՞ւմ գերագույն գլխավոր հրամանատարությամբ: Ընտրությունն ու վերջին խոսքն իրենն են:

Ծանոթագրություններ

1. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016, էջ 9:
2. Նույն տեղում:
3. Նույն տեղում:
4. Նույն տեղում, էջ 12:
5. Նույն տեղում:
6. Նույն տեղում, էջ 13:
7. Նույն տեղում, էջ 14:
8. Նույն տեղում, էջ 16:
9. Նույն տեղում, էջ 19:
10. Նույն տեղում, էջ 20:
11. Նույն տեղում:
12. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1997, էջ 103-104:
13. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, էջ 28:
14. Մովսես Խորենացի, նշվ. աշխ., էջ 170:
15. Մովսիսյան Ա., Տիգրան Մեծ. Թագավորներից մեծագույնը, Եր., 2010, էջ 69:
16. Նույն տեղում, էջ 70:
17. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, էջ 57:
18. Նույն տեղում, էջ 58-59:
19. «Ազատ խօսք» օրաթերթ, հունիս, 1936 (բացառիկ հրատարակություն), էջ 4:

Օգտագործված գրականության և աղբյուրների ցանկ

ա) Գրականություն
1. Մովսիսյան Ա., Հայոց 5000-ամյա պետականությունը, Եր., 2016:
2. Մովսիսյան Ա., Տիգրան Մեծ. Թագավորներից մեծագույնը, Եր., 2010:
3. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1997:
բ) Մամուլ
1. «Ազատ խօսք» օրաթերթ, հունիս, 1936 (բացառիկ հրատարակություն):

Անի Մելքոնյան

«Դրօշակ», թիվ 9(1658), սեպտեմբեր, 2021 թ.