Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղղակի կոճակ սեղմելու համար նրանց հսկայական գումարներ են տրվում, միայն կոճակ սեղմելու և հավատարիմ շուն լինելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների օրենսդրական առաջարկի մասին՝ պատգամավորի գործունեության համար սահմանված ամսական 50 հազար դրամ փոխհատուցումը հնգապատկել՝ դարձնելով 250 հազար դրամ։ Սա հավելյալ գումար է՝ 600 հազարից մինչև 1 միլիոն դրամ աշխատավարձի և դրա 30 տոկոսի չափով պարգևավճարի հետ միասին։
«Սա օրինականացված կաշառք է, որովհետև այդ «պատգամավոր» կոչեցյալները, բացի կոճակ սեղմելուց, որևէ այլ բանի ընդունակ չեն, և նրանք երբևէ չեն համարձակվում իրենց կարծիքն ասել, որը կարող է թեկուզ չնչին ձևով տարբերվել տոտալիտար աղանդի առաջնորդի կարծիքից»,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Նա նկատեց, որ սա օրինականացված կաշառքի դեռ երևացող մասն է, իսկ ի՞նչ գիտենք, թե ստվերային ինչ կաշառքներ են նրանք ստանում, ստվերային փողեր, որոնց մասին բավականին հավաստի տվյալներ կան։
«Սրանք բարձր վարձատրվող ստրուկներ են՝ ոչինչ չանելու համար վարձատրվող, ստրուկները սովորաբար աշխատում են, իսկ սրանք ոչինչ չեն անում, ուղղակի հավատարիմ ձևով կոճակ են սեղմում և, երբեմն, լրատվամիջոցների առջև իրենց առաջնորդին պաշտպանում անտրամաբանական, հիմար-հիմար ելույթներով»,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Նա նշեց, որ հնարավոր իշխանափոխությունից հետո կերևա նաև այն շատ ավելի մեծ կոռուպցիան, քան եղել է նախկինների ժամանակ․ միայն մի փաստ, որը երևացող է՝ «Հայաստան» հիմնադրամի գումարները, որ ուղղվեցին կառավարության ծախսերին։
Իրավապաշտպանը նկատեց, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալն էլ ցույց է տալիս, թե ինչքան են նրանք արհամարհում ՍԴ առաջիկա որոշումը, և գիտեն, թե ինչպիսին է այն լինելու։
«Ես վերապահումով կմոտենայի ՍԴ որոշմանը, միայն այն փաստը, որ կան ռեպրեսիաներ, դրանք նաև ազդում են ՍԴ դատավորների դիրքորոշման վրա, պարզ է, թե ինչ է կատարվելու։ Ես բացարձակապես որևէ սպասելիք չունեմ, և ընդհանրապես չեմ հետևել ՍԴ նիստերին»,-ասաց նա։
Երկրում ռեպրեսիաները առանձնապես ընդգծված արտահայտվեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա ԱԱԾ գրոհով․ երբ աշխատակիցներին ներսում փակել էին, հարցաքննում էին առանց փաստաբանի, խուզարկում, առգրավում համակարգիչները։
«Եթե նույնիսկ Սյունիքի գլխին վտանգ կախված չլիներ, և այն հանձնելու մտավախությունը չլիներ, ինչը ես ևս ունեմ, միևնույն է, «վարչապետի պաշտոնակատար» կոչեցյալը իր տոտալիտար մտածողությամբ հաշվեհարդար պետք է տեսներ բոլոր այն մարդկանց հետ, հատկապես պաշտոնյաների, ովքեր ընդդիմադիր էին։ Սա, առաջին հերթին, պետք է այդ համատեքստում դիտարկել։ Որովհետև նա չի կարող պատկերացնել, որ նույնիսկ որևէ քաղաքապետ, որևէ դատավոր իր կամքին չենթարկվի՝ հիշում ենք նրա խոսքը 2018 թ-ին դատավորների մասին»,-ասաց Ավետիք Իշխանյանը։
Նկատեց, որ նրա հոգեբանությունն է այդպիսին․ ոչ այնքան քաղաքական կողմնորոշումից ելնելով է դա անում, որովհետև մինչև Սյունիքի գլխին վտանգ կախվելը համայնքապետերը մեծ մասամբ քաղաքական կողմնորոշում չունեին, ավելին նրանք միշտ հարմարվում են գործող քաղաքական իշխանությանը։
«Տվյալ դեպքում՝ նրանք ընդդիմադիր դարձան զուտ իրենց հայրենիքը վտանգի տակ տեսնելով․ սա էր նրանց մոտիվը ընդդիմադիր դառնալու։ Սա նրանց չներեց վարչապետի պաշտոնակատարը։ Եվ արդեն իր այս պարտությունը՝ Արցախի հանձնելը ընտրությունների միջոցով լեգիտիմացնելուց հետո, հարձակում սկսեց այդ համայնքապետերի դեմ։ Եվ ոչ միայն Սյունիքի համայնքապետերի դեմ, այլև, օրինակ, Լոռու, որ համայնքում որ ինքը քիչ ձայն է ստացել, հաշվեհարդար է տեսնում համայնքապետերի հետ։ Այդ թվում՝ Արագածոտնի շրջանի եզդիական գյուղերի համայնքապետերի հետ։ Սրանց հետ առանձնաապես դաժան ձևով, որովհետև նրանք ավելի սուր իրենց քաղաքական դիրքորոշումը ցուցաբերեցին։ Իսկ մյուսների մոտ, երևի, իր պատկերացրածից ավելի քիչ ձայն էր հավաքել, սա է նրա գործելաոճը։ Որովհետև հո Արագածոտնի մարզն էլ չի՞ հանձնելու, բայց այնտեղի գյուղապետներին էլ է հեռացնում»,-նկատեց Ավետքի Իշխանյանը։
Նա համոզված է, որ տվյալ դեպքում ընդդիմադիրների դեմ է գրոհ կազմակերպվում․ այդ ընդդիմադիրը կլինի կոսմոպոլիտ, ազգայնական, թե նույնիսկ իմքայլական, էական չէ։
«Եթե նրան ինչ-որ մեկը ինչ-որ կերպ հակադրվում է կամ նրան բերում են խոսակցություն, որ այսինչ տեղն այսպիսի խոսակցություն է եղել, օրինակ, իր կուսակիցների մասին, դրան կարող է հետևել պատիժը՝ կա՛մ պաշտոնից հեռացումը, կա՛մ պաշտոնից հեռացումն ու քրեական գործի հարուցումը։ Քրեական գործի հարուցումն էլ, պարզ է, ինչպես է կատարում․ կանչում է իրեն ենթակա կառույցներին, ասում՝ սրա դեմ քրեական գործ հարուցեք։ Այս համատեքստում է այս ամենը»,-պարզաբանեց նա։
Իսկ այն, որ այս ամենը ձեռք է տալիս նաև թշնամիներին, դրսևորվում է այնպես, որ երբ քո երկիրը թուլանում է՝ ձեռնտու է թշնամուն։
Աննա Բալյան