կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 15:27
Առանց Կատեգորիա

Քաղաքացու օրվան կարևորություն են փորձում տալ 124 մլն դրամի ծախսն արդարացնողները

Քաղաքացու օրվան կարևորություն են փորձում տալ 124 մլն դրամի ծախսն արդարացնողները

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ որպես պետություն, պետականություն ունեցող ժողովուրդ, արդեն իսկ ունենք քաղաքացու օր, և դրա համար հատուկ օր սահմանելը կեղծ, արհեստական օրակարգ է: Նրա պատկերացմամբ՝ քաղաքացու օրը հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության օրը, քանի որ հենց Սահմանադրությամբ է արժևորված քաղաքացու, նրա իրավունքների, ազատությունների, անկախության և արժանապատիվ կյանքի ապահովման ամբողջական ձևակերպումը:

-Սահմանադրությունից բարձր չկա ոչինչ: Իսկ ապրիլի լողացող վերջին շաբաթ օրը հորինվածք է, չունի հիմք, գաղափարախոսություն: Վաղը, մյուս օրն էլ, հնարավոր է, դեկտեմբերի 9-ը` ընտրության, իսկ ապրիլի 1-ը` անթրաշ երեխաների օր սահմանեն: Հետևաբար` արդարացված չէ նաև այն ծախսը, որ նախատեսվում է այդ օրվա համար: Քաղաքացուն վերաբերող օրեր էլի կան, որ կարող ենք պատշաճ ձևով նշել՝ Աշխատավորի օրը, որն ուղղակի կապ ունի մարդու սոցիալական վիճակի, իրազեկվածության և աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ, դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը և այլն:

-«Քաղաքացու օրը համազգային խրախճանքի օր է լինելու, որը պետք է նշել խորովածով, խաշլամայով, օղիով, գինիով». նման մոտեցում ունի իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ի՞նչ եք կարծում` ուտել-խմելով քաղաքացիների արժեհամակարգը բարձրանո՞ւմ է:

-Ես անձամբ չեմ ճանաչում Աղազարյանին և զարմացած եմ այդպիսի ձևակերպման վրա: Իսկ իմքայլական պատգամավորները գիտե՞ն, թե քանի մարդ կա Հայաստանում, որ խորոված, խաշլամա ուտելու հնարավորություն չունի: Եթե մարդիկ կան, որ կարծում են` ամբողջ ազգն այդ օրը խրախճանքի մեջ է լինելու ու տոնելու այնպես, ինչպես ձեր նշած պատգամավորն է նախատեսել, նշանակում է՝ մեր ազգը սոցիալական խնդիրներ չունի: Իսկ եթե այդպես է,  ո՞րն էր շարժում սկսելու նպատակը, չէ՞ որ համաժողովրդական շարժման հիմքում նաև սոցիալական բաղադրիչ կար: Ժամանակին նշվում էր, որ հազարավոր մարդիկ հացի կարոտ են, խանութից ապառիկով են գնումներ անում, «նիսյաների» թիվը միլիոնների է հասնում: Հիմա ի՞նչ, այդ իրողությունն այլևս գոյություն չունի՞: Օրվան կարևորություն են փորձում տալ այն մարդիկ, որոնք արդարացնում են 124 միլիոն դրամի ծախսը: Քաղաքացու և, առհասարակ, հասարակության որակները չափվում են առկա մարտահրավերներին դիմակայելու ունակություններով, իսկ մեր հասարակությունը, կարծում եմ, զգայուն չէ երկրի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Նոր արժեքներ սերմանելու, մշակութապես զարգացած քաղաքացի դաստիարակելու, հասարակության խնդիրները հստակ ձևակերպելու և դրանց երկարաժամկետ լուծում տալու կարևորագույն դերը պետք է մշակույթի նախարարությունը ստանձնի, որի ճակատագիրն անհայտ է:

-Նոր իշխանությունները մի կողմից քաղաքացու օր են հռչակում ու մարդկանց ասում, թե «մենակ չեն», մյուս կողմից` մաքսատան աշխատակցին պատին հենած դրոշի համար անարգանքի սյանը գամում: Սա ինչի՞ մասին է խոսում, իշխանություններն անկե՞ղծ են մարդկանց հետ հարաբերություններում:

-Հասարակության մի ստվար զանգված արդեն իսկ հստակ գիտակցում է՝ մենակ են, և մենք ամեն օր արձանագրում ենք՝ դժգոհող մարդկանց թիվն աճում է: Պատին հենած դրոշի հարցն ունի երկու պատասխան. առաջին՝ ոչ, անկեղծ չեն, երկրորդ՝ իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը: Դրոշի հետ կապված` մաքսատան դեպքը ցույց տվեց նաև, որ միանգամից մի քանի օրենք ոտնահարվեց՝ Աշխատանքային օրենսգիրք, «Հանրային ծառայողի մասին» օրենքն ու մաքսային օրենքներ: Պետական խորհրդանիշերի պահպանության խնդիր իսկապես ունենք, լինի` օրհներգ, դրոշ, թե` զինանշան, պարզապես ամեն ինչ մեկի գլխին ջարդելու փոխարեն, պետք էր ընդամենը նկատողություն անել, ոչ թե աշխատանքից հեռացնել մարդուն՝ առանց ծառայողական քննություն կատարելու, մեղավորության չափը գնահատելու և այլն: Այս երևույթը լավ տեղ չի տանի: Ձգված չկանգնելու համար որևէ մեկին աշխատանքից չեն ազատում՝ ավելացնելով գործազուրկների` առանց այն էլ մեծ թիվը:

-Իշխող ուժը կարողացե՞լ է քաղաքական պատասխանատվության ամբողջական բեռն իր վրա վերցնել: Եվ ի՞նչ են անում իշխանությունները քաղաքական արժեհամակարգի փոփոխության համար:

-Քաղաքական պատասխանատվություն վերցնելու տեսանելի լավագույն օրինակներից է, երբ կա քաղաքական որոշում և դրա ձախողում: Եվ որքան էլ բարձրագոչ հայտարարություններ արվեն, թե, օրինակ, կոռուպցիան արմատախիլ է արվել իշխանության վերին օղակներից, միևնույն է, փոխնախարարի մակարդակով կոռուպցիոն սկանդալի ականատեսը եղանք վերջերս: Հիմա որքան էլ իմքայլականներն ասեն` տեսեք, անգամ մերոնց չենք խնայում, կալանավորում ենք, դա քաղաքական պատասխանատվություն չէ: Պետք էր ուղղակի կանգնել և «հպարտ քաղաքացիներին» ասել. «Այո, մենք սխալվել ենք և մեր քաղաքական որոշման հետևանքով սխալ մարդ ենք նշանակել բարձր պաշտոնի, ինչի համար ներողություն ենք խնդրում»: Սա ինձ հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի խոսքը, երբ սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալման ժամանակ ասաց, թե մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը բավական չէ, օրվա իշխանությունները պետք է նաև քաղաքական պատասխանատվություն կրեն: Քաղաքական արժեհամակարգը պետք է մարդու ազգային արժեքներից ու նրա պահպանման, վերարտադրման հնարավորությունից բխի: Ազգային արժեքն է, որ ապահովում է մարդու ինքնագիտակցության մակարդակը: Քաղաքական վերնախավը պետք է ամեն ինչ անի համերաշխության միջավայր, գրագետ և ազգային արժեքներով սնված հասարակություն ունենալու, ստեղծելու համար: Իսկ եթե դրանք չկան, ուրեմն ոչինչ էլ չկա:

- Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե իշխանության տված խոստումները գրեթե 100 տոկոսով իրականացրել է։ Ըստ Ձեզ` ի՞նչն է Փաշինյանը 100 տոկոսով կատարել։

-Կարելի է հազար ու մի բան անել, որոնք լավ են բոլորի համար և վնաս չեն ոչ մեկին, բայց այդ մոդելը դեռ ռեֆորմ չի նշանակում: Ամենակարևոր բանը, որ կուզեի կատարեր, կուտակային կենսաթոշակային գործող համակարգի չեղարկումն է: Նույնիսկ ՀՀԿ-ականներն այն ամբողջությամբ չէին կարողանում գործադրել, իսկ Փաշինյանը, լինելով համակարգի թունդ քննադատը, 100 տոկոսով գործադրեց ու իրականացրեց այն: Խոստումներ տալու ճիշտ ժամանակը նախընտրական շրջանն է, բայց արդյո՞ք մեր հասարակությունն այդ շրջանում լսել է ներկա իշխանությունների տված խոստումները, որ այժմ էլ պահանջատեր լինի: Կոռուպցիայի, մենաշնորհների դեմ իշխանությունների պայքարը գնահատելի է, բայց դրա լավագույն ձևը նոր համակարգի ներդրումն է՝ չափելի արդյունքներով և հստակ ժամանակացույցով:

-Տնտեսությունում, ասում են, ամեն ինչ ազատ է, ով ցանկանա, կարող է բիզնես սկսել։ Համակարծի՞ք եք: Եվ որպես տնտեսագետ, ի՞նչ նկատելի փոփոխություններ եք տեսնում այս մեկ տարում:

-Տնտեսական մոդելը վերջին 30 տարում նույնն է՝ նեոլիբերալ: Անշուշտ, որոշակի դրական տեղաշարժ կա մոտեցման մեջ, բայց գործիքները պետք է փոխվեն: Բիզնես միջավայր կարգավորելու համար կամքը բավարար չէ, պետք է նաև օրենսդրական լուծումներ ապահովել: Շուկաները տարբեր են, խնդիրները՝ նույնպես: Նույն պատկերն է մանրածախ առևտրի շուկայում: Տենտեսության մեջ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ լրացուցիչ միջոցներ չեն ներարկվել, ներդրումներ չկան, որոնք ապահովելու են տնտեսության բազմազանությունն ու աշխուժացումը: Ոլորտը որքան էլ ազատականացվի, պետական ինստիտուտները պետք է պատասխանատվությամբ մոտենան տնտեսության՝ կարգավորիչ դեր ստանձնելու հանգամանքին: Գյուղատնտեսական ակտիվ շրջան է սկսվում, ու շուտով հստակ կերևա՝ դրական ինչ փոփոխություններ են եղել:

-Փաշինյանը, գրեթե յուրաքանչյուր խնդրի մասին խոսելիս, առաջին հերթին հիշում է՝ ժամանակին ինչ են արել կամ չեն արել նախկին իշխանությունները: Սլաքները նախկիններին ուղղելը դեռ երկա՞ր ժամանակ գործիք կլինի հարցերի իրական պատասխանատուների ձեռքին:

-Նախկինները եթե լավ անեին իրենց գործը, մինչև հիմա էլ իշխանության կլինեին: Որևէ մեկը եթե սպասել է, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում պետք է փակեր արտաքին պարտքը, ապա դա օբյեկտիվորեն հնարավոր չէր անել: Բայց եթե սպասում էինք, որ, օրինակ, ներառական տնտեսական համակարգ պետք է ներդրվեր, այստեղ նախկիններն այլևս գործոն չեն: Նախորդ իշխանությունները չեն մեղավոր, որ եկամտահարկը համահարթեցվում է, անուղղակի հարկերը բարձրացվում են, չբացատրված հանգամանքներում միավորվում են մի քանի նախարարություններ, աղքատության չափելիությունն անհասկանալի է, չեն գործադրվում նվազագույն կենսապահովման զամբյուղի և նվազագույն կենսապահովման բյուջեի համակարգերը և այլն: Դեռևս չիրագործված սպասումների մի մասը Փաշինյանը ձևավորել է իշխանության գալու ընթացքում, մյուս մասը, առանց ռեսուրսները գնահատելու, ուղղակի նրան է վերագրվել: Սպասումներ էլ կան, որ դադարել են այդպիսին լինելուց:

-Քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելն ու հասարակության տարբեր շերտերի միջև սահմաններ գծելն ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ:

-Հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով՝ արդեն իսկ առկա ատելությունն էլ ավելի կխորանա: Սա ոչ մի լավ տեղ չի տանի, մանավանդ որ իշխանությունների կողմից նախապես են որոշվում թե՛ սևերը, թե՛ սպիտակները: Տարանջատումն արդեն իսկ մտել է կրթական համակարգ, համայնքներ, հիմնարկ-ձեռնարկություններ ու ձնագնդի նման ավելի ու ավելի է մեծանում: Երևույթի շարունակականությունն ավերիչ հետևանքների կարող է հանգեցնել:

-Դպրոցների, պետական ՊՈԱԿ-ների և այլ գերատեսչությունների տնօրենների ընտրության ժամանակ տեսնում ենք, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել: Փաստորեն, «իրավիճակ չի փոխվել»:

-Ցավոք, այո, նման դեպքերի ականատեսն ենք լինում դեռևս: Տպավորություն է, որ իշխանությունները զբաղված են սեփական իշխանությունն ամրապնդելով՝ ապահով վերարտադրություն ունենալու համար, և դա հակասում է իրենց իսկ հռչակած հեղափոխության արժեքներին: Երևույթն անթույլատրելի է, պետք է բացառել նման գործելաոճը: Նախորդներին մեղադրելուց առաջ հրապարակային հարթակներում երբեմն-երբեմն սեփական գործողությունները նույնպես քննարկման նյութ պետք է դարձնել ու հասկանալ, թե որտեղ են վրիպում:

Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

«Իրատես»