կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 14:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1 ժամ յուրաքանչյուր դիմողի համար, 2 ժամ՝ պատասխանողի․ ՍԴ-ն քննարկում է նյութերի հետազոտման կարգը

Սահմանադրական դատարանում, որտեղ ընթանում է «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ»  դաշինքի դիմումների հիման վրա ԿԸՀ 2021 թ-ի հունիսի 27-ի՝ ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշման, վեճի վերաբերյալ գործի բանավոր ընթացակարգով քննությունը, քննարկվեց նյութերի հետազոտման կարգը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց մասնակիցների աննախադեպ մեծ քանակի՝ 9 մասնակցի, չափը հաշվի առնելով և ժամկետային սահմանափակումը՝ 8 օր, որը պետք է որոշումը կայացնելու համար, ելույթներով հանդես գան նախ՝ դիմողները հետևյալ հերթականությամբ՝ «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» կուսակցություն, «Հայոց Հայրենիք» կուսակցություն և «Պատիվ ունեմ» դաշինք, ապա պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, որին կհաջորդի  Դատախազությունը, Ոստիկանությունը, ՀՌԱՀ-ը, վերջում՝ երրորդ անձը։ Հարցեր կտան նույն հերթականությամբ։

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, որ ելույթների վրա ժամկետային որևէ սահմանափակում չպետք է դրվի։

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Արամ Վարդևանյանը նշեց, որ համաձայն է Արևիկ Պետրոսյանի հետ և նշեց, որ ելույթների համար նախապես առաջարկվել է 1 ժամ, բայց մտավախություն ունի, որ դա բավարար չի լինի, հետևաբար 1 ժամը դիտարկել որպես ելակետ, ոչ թե կոշտ սահմանափակում։ Նա նաև առաջարկեց դիտարկել աշխատանքային օրվա ավարտից հետո ևս նիստը շարունակելու հնարավորությունը։

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ևս համաձայն է, որ բացատրություններ տալու ժամանակը չի կարող սահմանափակվել։ Նա առաջարկեց, որ յուրաքանչյուր դիմումատուի ելույթից հետո լսենք ԿԸՀ բացատրությունը, ոչ թե 4 դիմումներից հետո միասնական պատասխան։

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն ասաց 1 ժամն իրենց կբավարարի։

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Դավիթ Հարությունյանը նշեց, որ ժամկետի հետ կապված ՍԴ-ն պետք է կողմնորոշիչ ժամկետներ սահմանի, բայց դրանք չեն կարող լինել բացարձակ կոշտ։ Առաջարկեց համարել այդ ժամանակահատվածը կողմնորոշիչ։

Ապա միջնորդություն ներկայացրեց, որ ՍԴ-ն վերանայի իր աշխատակարգային որոշումը և ԿԸՀ-ի համար սահմանի 1-ական ժամ յուրաքանչյուր դիմողին արձագանքելու համար։

«Եթե յուրաքանչյուր դիմողին հնարավորություն եք ընձեռում 1 ժամ բացատրություն տալու, ապա ԿԸՀ-ն պետք է արձագանքի ոչ թե 2 ժամ բոլորի համար, ինչպես նշված էր, այլև 1 ժամ յուրաքանչյուր դիմողի համար։ Հաջորդականությունը լինի դիմող-պատասխանող»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

Պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի, ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանը հակադարձեց, որ ժամկետ սահմանելն անհրաժեշտ է, քանի որ նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ նույն դիմումը 3 անգամ ընթերցել են։ Այնուհետև նշեց, որ, քանի որ դիմումները միացվել են և, աշխատակարգային որոշմամբ, մեկ միասնական պատասխան էր ակնկալվում, իրենք հենց այդ տրամաբանությամբ էլ նախապատրաստվել են։ Ասաց, որ իրենք դեմ են յուրաքանչյուրին առանձին պատասխանելուն, քանի որ գրավոր խոսքը նախապես պատրաստել են 1 պատասխան 4 դիմումներին տրամաբանությամբ, ապա դա փոխելու դեպքում պետք է իրենց 1-2 օր ժամանակ տան՝ նորից պատրաստվելու համար։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մանրամասն՝ տեսանյութում․