կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 11:38
Մշակույթ

Հայաստանը` մետաղյա իրերի հետազոտման տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը` մետաղյա իրերի հետազոտման տարածաշրջանային կենտրոն

ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջև երեկ նախարարությունում ստորագրվել է հուշագիր, որով հիմք է դրվել մշակութային ժառանգության պահպանության գործում հայ-ճապոնական համագործակցությանը:

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են իրականացնել Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերի հետազոտության և պահպանության համատեղ ծրագիր, որը նպատակաուղղված կլինի Հայաստանում ստեղծել մետաղյա իրերի հետազոտման և պահպանման տարածաշրջանային կենտրոն:

Ծրագիրը (4 փուլ) կընթանա մինչև 2014թ. այն նախատեսում է ներուժի զարգացում` Հայաստանի պատմության թանգարանի մասնագետների մասնակցությամբ, գիտական վերլուծություն և պատմահնագիտական հետազոտություն, որի ընթացքում նախատեսվում է իրագործել ՀՀ տարածքում պեղված, մասնավորապես` Կարմիր բլուրի մշակութային ժառանգությունը ներկայացնող և Հայաստանի պատմության թանգարանում պահվող հնագիտական մետաղյա առարկաների հետազոտման և ամրակայման աշխատանքներ, առարկաների նյութերին և տեխնիկաներին վերաբերող հետազոտական գործունեություն:

Ծրագրի խնդիրներից է նաև միջազգային համագործակցության ցանցի ստեղծումը:

Հայ-ճապոնական այս համագործակցության արդյունքում կիրականացվի տարածաշրջանի հնագետների, վերականգնողների և ոլորտային այլ մասնագետների վերապատրաստում` փորձի, տեղեկատվության փոխանակում, որի արդյունքում 2014թ. տարածաշրջանում առաջին անգամ կգործի նորագույն տեխնոլոգիաներով, նյութերով զինված և փորձառու մասնագետներով հնագիտական մետաղյա իրերի հետազոտման և պահպանման կենտրոնը: