կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 12:33
Քաղաքական

Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության բոլոր սկզբունքներին համապատասխան. Արծվիկ Մինասյան

Առնվազն այս փուլում չափազանց կարեւոր է, որ ՍԴ-ում հնչեն  հարցերի պատասխաններ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր շարունակելու երկրի կառավարությունը ղեկավարել, միաժամանակ գործադրելու նման ծավալի վարչական ռեսուրսներ, լծակներ եւ իրականացնելու, ըստ էության, պետական ընտրակաշառք: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն աշխատանքային որոշմամբ ներգրավել է մի շարք պետական կազմակերպությունների, որոնք պետք է տեղեկատվություն ներկայացնեն եւ պատասխաններ հնչեցնեն։

«Հուսանք, որ ՍԴ-ն կկայացնի իրավունքի վրա հենված որոշում, այլ ոչ թե,  քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, կձգտի  արջի հերթական ծառայությունը մատուցել մեր պետականությանը»,- ասաց Մինասյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են ապացուցելու, որ ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա, նա պատասխանեց. «Ապացուցման բեռը կրելու է պատասխանող կողմը: Այսինքն՝ իրենք պետք է ապացուցեն, որ ընտրություններն ապահովել են Սահմանադրության 7-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրության բոլոր սկզբունքներին համապատասխան:

Խնդիրն այն է, որ մենք պատշաճ ձեւով ներկայացրել ենք, որ այդ խախտումներն ունեցել են զանգվածային բնույթ, կազմակերպված են եղել, եւ, ամենակարեւորը, ինքն այնքան է այլանդակել ընտրության արդյունքները, որ հասարակության շրջանում առկա տրամադրությունների որեւէ իրական պատկեր այսօր անհնար է ունենալ: Առնվազն գոնե այն մասով, թե, ի վերջո, քանի ուժ կարող էր հաղթահարել նվազագույն սահմանը»:

Նշենք, որ այսօր ՍԴ-ն քննում է 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնք վիճարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները: Այդ ուժերն են՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաեւ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները: