կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 20:28
Հասարակություն

Բժշկական հանրույթի հանդեպ բռնաճնշումները ուժեղացվում են, քանի որ գործ ունենք արժանապատվությունից զուրկ իշխանությունների հետ. Ա. Մինասյանը՝ պրոֆեսոր Չարչյանի դեմ ուղղված հալածանքների մասին

Բժշկական հանրույթի հանդեպ բռնաճնշումները ուժեղացվում են, քանի որ գործ ունենք արժանապատվությունից զուրկ իշխանությունների հետ. Ա. Մինասյանը՝ պրոֆեսոր Չարչյանի դեմ ուղղված հալածանքների մասին

Գործ ունենք իշխանության հետ, որը ոչ միայն մանիպուլյացիաներով, կեղծիքներով զավթել է իշխանությունը, այլև շարունակում է հասարակությանը պահել ահաբեկման մթնոլորտում: Ուշադիր հետևեք սրանց արտահայտություններին, այլևս անթաքույց չեն էլ հասկանում ինչ բան է իրավունքը, օրենքը, ամեն օր մասսայաբար խախտում են մարդկանց հիմնարար իրավունքները, օրենքները, Սահմանադրությունը, չպետք է զարմանալ, որ նաև բժշկական հանրույթի նկատմամբ էլ ավելի են ուժեղացնելու իրենց գործողությունները: Ինչո՞ւ, որովհետև արժանապատվությունն այս մարդկանց համար խորթ է. այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում անվանի բժիշկ, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Ա. Մինասյանը նշեց, որ եթե իշխանությունը հետ չկանգնի իր շարունակաբար արատավոր վարքագծից, դա տանելու է վերջնականապես ատելության ու թշնամանքի խորացմանը հասարակությունում, հանգեցնելու է ընդհուպ մինչև պետականության կորստին:

«Ակնկալիքները շատ են, որ այսօր դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ առնվազն խափանման միջոցը կփոխվի, հետո արդեն մեղադրանքը կփոխվի»,- ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով ևս դատարանի բակում հետևում էր դատաքննությանը։

Նա նշեց, որ վերաքննիչ դատարանի դեպքում բազմաթիվ են օրինակները, երբ ուղղակի հլու-հնազանդ կամարտահայտողներ չեն, այլ շարժվում են ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ։

«Կա մի յուրահատկություն՝ մեղադրանքն այնքան շինծու է, ստորաբար կառուցված, որ նույնիսկ իրավապահները խճճվել են: Դրա համար ՀՔԾ, դատախազությունը տարբեր պատճառաբանություններ են բերում, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ պրոֆեսոր Չարչյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, մեղադրանքն ունի ամբողջությամբ քաղաքական  նպատակներ»,- ասաց Գ. Մանուկյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ բացի սադիստությունից որևէ հիմք չկա Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար:

«Այն, ինչ անում է իշխանությունը, ուղղակի սադիստություն է. մարդն ունի առողջական խնդիրներ, գտնվում է հիվանդանոցում, գիտեն, որ այդ վիճակը նեղում է այդ մարդուն, նա կարող է ավելի վատ զգալ իրեն: Այս իշխանության ձեռագիրն է:

Պարոն Չարչյանն ու այս իշխանությունը երկու տրամաբանական տարբեր բևեռների վրա են գտնվում, որովհետև պարոն Չարչյանը կյանքեր է փրկում, իսկ այս իշխանությունը բացի մարդկանց սպանելուց՝ քովիդով կամ պատերազմի միջոցով,  այլ բանի ունակ չէ: Դրա համար կարելի է նույնիսկ եզրակացնել, որ պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են, որովհետև այն, ինչ անում է Չարչյանը, լրիվ հակառան անում է իշխանությունը»,- ասաց Տ. Քոչարյանը:

Նա նշեց, որ վերջին անգամ բժիշկների դեմ որս է սկսվել 1950-ականերին Ստալինի կողմից:

«Կարծում եմ, մյուս բժիշկներն էլ պետք է մտածեն, քանի որ բժիշկների շերտն ատելություն է գեներացնում Փաշինյանի մոտ, վաղը, մյուս օրը այլ բժիշկներ, ովքեր իրենց փորձը, անունը, բժշկական ունակությունները պատրաստ չեն զոհել Փաշինյանին դուր գալու համար, այդ բոլոր մարդիկ կունենան պրոբլեմներ:

Դրա համար մնացած բժշկները, որոնք պասիվ են, մտածում են իրենց կողքով կանցնի, չէ, ձեր կողքով չի անցի, քանի որ դուք որպես դաս ատելի եք»,- ասաց մեդիափորձագետը:

 

Տես նաև՝  ՈւՂԻՂ. Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը:

Տես նաև՝  Արմեն Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին: