Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Լրատվական դաշտի հետ կապված առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, նախագծերը հաջորդում են մեկը մյուսին: Չենք հասցնում մեկը «մարսել», քննարկել, կարծիք հայտնել, երբ հայտնվում է երկրորդը, երրորդը և այսպես շարունակ: Իսկ վերջում թերևս կասենք՝ այսպես էլ մնա, լավ է: «Փաստն» իր ընթերցողներին բազմիցս տարաբնույթ նյութերով ծանոթացրել է կատարվող փոփոխություններին, ներկայացրել փորձագետների դիտարկումներն ու մտահոգությունները: Առաջին ու ամենակարևոր արձագանքը հետևյալն էր՝ փոփոխությունները մահակ են դառնալու ընդդեմ լրատվամիջոցների, լինելու են անարդյունավետ և ամենակարևորը՝ դրանք իրականացվում են առանց լրագրողական հանրույթի հետ պատշաճ քննարկումների ու խորհրդակցությունների:
Դրանցից են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որն առնչվում է ԶԼՄ-ի անանուն աղբյուրներին հղում կատարելու արգելքին, դատախազության առաջարկած փոփոխությունը Քրեական օրենսգրքում, որի համաձայն, հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում կգործի տուգանք կամ ազատազրկում, Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենսդրական նախագիծը, որով խստացվում է վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափը։ Հիմա էլ կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասում փոփոխություն կատարել` հստակեցնելով լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածը: Խոսքն, ըստ արդարադատության փոխնախարարի, տեխնիկական փոփոխության մասին է. առաջարկվում է հոդվածի երրորդ մասի «և» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով: Թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների՝ օրենսդրական նման հատվածային փոփոխություններ կատարելու այս մոլուցքը, կարելի է միայն ենթադրել:
Եվ այդ ենթադրությունները մեզ բոլորովին էլ լավ տեղ չեն տանում: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն օրենսդրական նման փոփոխություններ կատարելու մղումը պայմանավորում է հիմնականում քաղաքական լարվածության հետ:
«Ինչպես նաև այն հանգամանքի հետ, որ իշխանություններն այդ քաղաքական լարվածությունն ընկալում են որպես իրենց համար ոչ բարենպաստ տեղեկատվական միջավայրին նպաստող և փորձում են, իմ կարծիքով, ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի այդ ոչ բարենպաստ մթնոլորտը չեզոքացնեն: Բայց կա իրավական նորմերի կիրառման որոշակի տրամաբանություն, այն մեխանիզմները, որոնք ընտրվում են իշխանության կողմից, և այդ մեխանիզմների հիմնավորվածությունը թույլ չեն տալիս ենթադրել, որ դրանք արդյունավետ կլինեն և ինչ-որ ձևով դրական ազդեցություն կունենան տեղեկատվական ընդհանուր մթնոլորտի վրա: Իսկ հակառակ էֆեկտը կարող են ունենալ, քանի որ լրացուցիչ կոնֆլիկտային հարաբերություններ են ստեղծում իշխանությունների և լրագրողական հանրույթի միջև»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նավասարդյանը:
«Մենք այս դեպքում ոչ միայն պետք է մտածենք լրատվամիջոցների ֆինանսական վիճակի, այլ նաև այն ազդեցության մասին, որ այդ մոլախաղերն ունենում են հասարակության վրա: Այս հարցում անհրաժեշտ են շատ հստակ և արդյունավետ կարգավորումներ, սակայն այն նախաձեռնությունները, որոնց հետ ես եմ ծանոթ, շատ մեխանիկական են: Չեմ կարծում, որ դրանք լուծելու են այն խնդիրը, որը փորձում են նախաձեռնողները լուծել»,-եզրափակում է Բորիս Նավասարդյանը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: