կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 19:04
Քաղաքական

Նման հասարակությունը դատապարտված է զոհեր տալու, և տալիս է ու կտա. Հարություն Մեսրոբյան

Նման հասարակությունը դատապարտված է զոհեր տալու, և տալիս է ու կտա. Հարություն Մեսրոբյան

Հայաստանում կառավարման ոլորտում, մասնավորապես, կորոնավիրուսի ժամանակ և դրանից հետո՝ Արցախի 44-օրյա պատերազմի ավարտին, խորացել էր քաղաքական ճգնաժամը։ Թեև ճգնաժամից դուրս գալու համար փորձագետները բազմիցս մատնանշել էին տարբեր ճանապարհներ, ընդհուպ՝ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելը, սակայն իշխանությունները չցանկացան գնալ այդ ճանապարհներից որևէ մեկով։

168.am-ը կառավարման ներկայիս իրավիճակի, ընդհանուր խնդիրների և հնարավոր վտանգավոր հետևանքների մասին զրուցել է Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ։

– Պարոն Մեսրոբյան, Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդյո՞ք լուծեցին պետական կառավարման ճգնաժամը։

– Արտահերթ ընտրություններից հետո բուն ճգնաժամը չլուծվեց, ավելին՝ մեծ հավանականությամբ, սպասեք ողբերգական դեպքերի, ընդհուպ՝ արյունահեղության։

– Իշխանությունները, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, հայտարարում է, որ պետական կառավարման ոլորտում լինելու է կադրային ջարդ: Ստեղծված ճգնաժամային փուլում կադրային ջարդն ինչի՞ կարող է հանգեցնել։

– Կադրային ջարդը մեզ մոտ պետական կառավարման, այսպես կոչված, «բարի ավանդույթ» է: Երբ ՀՀՇ-ն 1991-ին եկավ իշխանության, կոմունիստների կադրային ջարդ եղավ: Իսկ դրա արդյունքում նաև եղան «ցուրտ ու մութ» տարիներ։ Խնդրեմ, թող կադրային ջարդ անեն, երբ արդեն իսկ ավելի շատ են հոսանքն ու ջուրն անջատվում: Թող անեն, բայց հետո ինձ չդիմեն ու, մեկ այլ «բարի ավանդույթի» համաձայն, ինձ չհարցնեն՝ բա հիմա ի՞նչ անել։ Քանի որ այդ հիմար հարցից հոգնել եմ, պատասխանելու եմ կոշտ, անգամ՝ կոպիտ…

– Եթե կադրային ջարդ անեն, իշխանական թիմից ի՞նչ կադրեր են բերելու, որպեսզի կարողանան ճգնաժամը հաղթահարել։

– Այդ հարցում ես չեմ քննադատում միայն այսօրվա իշխանություններին: Նման իրավիճակի ստեղծման հարցում մեծ լումա ունեն նաև նախորդ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այդ 3 նախագահների ժամանակ Հայաստանում վարվում էր փնթի պետական կադրային քաղաքականություն։ Ես կարող եմ 1991-ից սկսած անուն առ անուն մատնանշել այն անձանց, ովքեր ներգրավվում էին պետական կարևորագույն պաշտոնների, որոնց ոչ միայն չէր կարելի պաշտոն տալ, այլև ընդհանրապես Հայաստանում ապրել չպետք է թողնեին։ Հետևաբար, մեզանում փնթի պետական կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի նորարարությունը չէ։ Մենք կակոկրատական, իմա՝ անարժաններին գնահատող հասարակություն ենք, բայց պետք է լինեինք մերիտոկրատական, այսինքն՝ արժանիներին գնահատող: Մենք՝ հայերս, լսում ենք միայն անարժանների բանավոր լոպազ խոստումներն ու բերում իշխանության, իսկ հետո տարածքային և մարդկային կորուստներ ունենում։

– Արտահերթ ընտրություններից հետո խոսվում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի աջակցել իշխող թիմին, հետևաբար` հնարավոր է՝ հրաժեշտ տա պաշտոնին, և տեղի ունենան Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։ Եթե նման ընտրություններ տեղի ունենան, սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ պետական կառավարման ճգնաժամի համատեքստում։

– Պատկերացնում եք, հինավուրց լուրջ ազգ մայրաքաղաքի քաղաքապետ ընտրում է կոմիկ դերասանի: Հիմա պատկերացրեք, թե դրսից մեզ ինչպես են դիտարկում, որ մենք համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետ ենք ընտրում կոմիկ դերասանի։ Մենք ծիծաղելի ենք, հետո էլ սկսում ենք այդ նույն կոմիկ դերասանին ընտրելուց անմիջապես հետո ընբոշխնել իր կողմից բերած կասկածելի չինովնիկների լոպազ խոստումները բազմաթիվ մամլո ասուլիսների ժամանակ. թե վերելակները կփոխենք, մետրո ու ճոպանուղի կկառուցենք, տրանսպորտային համակարգը կտրուկ կբարելավենք, ու բոլորի դեպքերում էլ՝ զրո արդյունք։

Այդ բոլոր չինովնիկներն առանց խղճի խայթի լափամանից վերցրեցին միլիոնավոր պարգևավճարներ և հիմա սսկված են, այնինչ նրանց բոլորի նկատմամբ պետք էր հարուցել քրեական գործեր։ Ցավոք, մենք գնում ենք Ուկրաինայի ճանապարհով. այնտեղ էլ բռնցքամարտիկին կարգեցին Կիևի քաղաքապետ։

Ի դեպ, ասեմ՝ Կիևում մի չարաբաստիկ կամուրջ կա Դնեպրի վրա, որը տասնյակ տարիներ չի կառուցվում, մետրոն էլ չի կառուցվում։ Իսկ հիմա տեսե՛ք, թե անկախության տարիներին Մոսկվան քանի մետրոյի կայարաններ է կառուցել: Չի կարելի նման թեթևամիտ ձևով վերաբերվել սեփական պետությանը։ Դրա համար մեր քաղաքապետը և նրա ճակատագիրն ինձ չեն հետաքրքրում։

– Իսկ մեր պետական կառավարման համակարգում կա՞ մեկ ոլորտ, որտեղ գոնե մասամբ նորմալ կառավարում է տեղի ունենում, կամ առհասարակ կառավարվում է։

– Ո՛չ, չկա, որովհետև մենք՝ հայերս, կառավարումից հեռու ենք այնքան, որքան խոզը՝ տուռնիկից: Մենք, որպես հասարակություն, անարժանների ջատագովն ենք, հավատում ենք նրանց լոպազ խոսքերին, բայց ոչ երբեք՝ գործերին։ Նման հասարակությունը դատապարտված է զոհեր տալու, և տալիս է ու կտա։

– Ստեղված վիճակում իշխանության առաջին ու գլխավոր քայլը ո՞րը պետք է լինի։

– Այս իշխանությունը չի կարող լուծումներ գտնել, որովհետև իրենք երկրի կառավարման մասին անգամ պատկերացում չունեն։ Օրինակ, սա նույնն է, թե մարդը, որը կյանքում մեքենա չի վարել, դառնա տաքսու վարորդ։ Դուք այդ վարորդի տաքսին կնստե՞ք: Հիմա այս մարդիկ մեքենան՝ ի դեմս պետության, քշել չգիտեն: Իսկ մենք խանդավարությամբ կամավոր ընտրում ենք նման վայ-վարորդներին, որպեսզի իրենք մեր երկիրը վարեն, որտեղ ապրում ենք: Այդ դեպքում ի՞նչ է լինելու՝ վթարներ և զոհեր, ինչին մենք 2018-ից ականատես ենք լինում։ Եթե այդքան բթամիտ ենք ու չենք հասկանում, ուրեմն գոնե դագաղ պատրաստելու արհեստը սովորենք։

– Այդ դեպքում, ի՞նչ է սպասվելու երկրին։

– Արտահերթ ընտրությունների ժամանակ 2 զարհուրելի բան եղավ. բոլորը շեշտում են, որ այդ օրը երեկոյան ՀՀ գրեթե բոլոր վայրերում հոսանքն անջատվել էր։ Բայց քիչ են խոսում, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ ընտրությունները հայտարարեց, որ կա մոտ 2,6 մլն ընտրող, իսկ նման բան չի կարող լինել։ Նախորդ տարիներին, երբ մեր բնակչությունն ավելին էր, 2,6 մլն ընտրող չկար, այսինքն՝ մոտավորապես կես միլիոնից ավելի մեռյալ հոգիներ են: Իսկ սա հնարավորություն է տալիս ցանկացած ընտրություն մինչև վերջ կեղծել, ինչը և տեղի ունեցավ:

– Ի՞նչ անել, Դուք ի՞նչ առաջարկ ունեք։

– Անցած տարվա հուլիսից սկսվել է հայկական պետության հզորացման ռազմավարական ծրագրի մշակումը և հիմա դրա 70%-ը պատրաստ է։ Սա հայոց պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մշակվում է իրական, այն է՝ իրագործելի ծրագիր, այլ ոչ թե թամադաների բաժակաճառերի ժողովածու: Այդ ծրագիրը մի քանի ամիս հետո ներկայացվելու է, սակայն  միայն դրա բաց մասը, որովհետև ծրագիրն ունի նաև փակ մաս, որը երբեք չի հրապարակվի։ Այդ ծրագիրն ունի 10 ուղղություն, որից 7-ն արդեն մշակված է, հիմա էլ մշակվում են մնացած 3-ը, և այնտեղից պարզ կլինի, թե ինչ պետք է անել ամեն օր, որպեսզի Հայաստանը հզոր պետություն դառնա: Դա հնարավորություն կտա բոլոր միջազգային խաղացողներին հաշվի առնել Հայաստանի սուբյեկտայնությունը, այլ ոչ թե մեր երկիրը մնա փալաս, որի վրա դրսի խաղացողները կմաքրեն իրենց կեղտոտ կոշիկները։