Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
«Հիշո՞ւմ եք ի՞նչ էր ասում Խրիմյան Հայրիկը, ավելի քան հարյուր տարի առաջ՝ թղթե շերեփի մասին։ Այդ դերը հիմա էլ, այսպես կոչված, միջազգային ատյաններն են ստանձնել՝ Հաագայի դատարան, ՄԱԿ, ԵՄ և այլն։ Եվ հիմա, կրկին, հույսը դնելով այդպիսի թղթե շերեփների վրա, նորից ապացուցում ենք, որ մենք, նույնիսկ, հարյուր տարի անց խելքի չենք եկել։ Եթե հարյուր տարի առաջ թղթե շերեփների վրա հույս դնելով ցեղասպանվեցինք, ինչո՞ւ հիմա նույն՝ անլուրջ մարդու վարքագիծ դրսևորելով պետք է փրկվենք, – «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով ահաբեկչական Ադրբեջանի կողմից արցախցիների առևանգմանն ու միջազգային ատյանների արձագանքին։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում արհեստածին Ադրբեջանն Արցախից արդեն թվով երկրորդ քաղաքացուն է առևանգել։ Առևանգված Վագիֆ Խաչատրյանի և Ռաշիդ Բեգլարյանի գտնվելու վերաբերյալ մինչ այս պահը հստակ տեղեկատվություն չկա։
Հարություն Մեսրոբյանն առաջարկում է մտովի վերադառնալ 2018 թվական և փորձել հասկանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ. «2018-ին ժողովուրդը՝ բնակչությունը, որոշեց փոխել երկրի քաղաքական կուրսը։ Երբ ասում են, թե տեղի է ունեցել պալատական հեղաշրջում, տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական նեղ շրջանակում իշխանափոխություն է եղել։ Իրականում, շատ ավելի սարսափելի բան է տեղի ունեցել՝ բնակչությունը որոշել էր փոխել երկրի ընթացքի վեկտորը։ Ախր, ի վերջո, պետք է հասկանալ, որ մեր խնդիրը մե՛նք ենք և մինչև մենք խելքի չգանք և մեր սխալը չուղղենք, ո՛չ ՀԱԱԳԱ-ները, ո՛չ ՄԱԿ-երը, ո՛չ էլ թշնամին չեն օգնելու մեզ և չեն նահանջելու մեր հողից»։
Արդեն Երրորդ հանրապետության օրոք, բնակչությունը կրկին խիստ փնթի վերաբերմունք ցուցաբերեց սեփական երկրի և պետության նկատմամբ, ասում է կառավարման փորձագետը և հավելում. «Հիմա ո՞ւմ ենք մենք բողոքում Արցախում ստեղծված իրավիճակի՝ սովի, առևանգվող քաղաքացիների և վտանգավոր այս ամենաթողության համար կամ ո՞ւմ ենք մենք պահանջներ ներկայացնում և ումի՞ց փրկություն ակնկալում կամ աղերսում, եթե ոչ՝ ինքներս մեզանից։ Եվ հիմա՝ հինգ տարի անց, երբ իրավիճակն արդեն ՀՀ-ում և Արցախում դուրս է եկել վերահսկողությունից, նույն այդ ժողովրդի մի մասը, իբր, խելքի է եկել ու ասում է՝ մենք ուզում էինք, որ լավ լիներ, բայց եղավ այն, ինչ եղավ։ Ժողովուրդը կարող է գլուխը հազար անգամ պատին տալ և պատն իր գլխին, բայց դրանից, այլևս, ոչինչ չի փոխվելու», – ասում է պարոն Մեսրոբյանը։
Երբ այսօր, նույն այդ ժողովուդրն ասում է, թե իր գլխին եկած այս ողբերգության մեղավորը ռուսը, եվրոպացին կամ ամերիկացին է, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի տարածքում ոչ ոք չի ապրում, ասում է Հարություն Մեսրոբյանը. «Նա, ով ճակատագրական ձևով տասնյակ տարիներ սխալվել է, մինչև չընդունի իր սխալներն ու չապաշխարի, Հայաստանն ու Արցախը դատապարտված են կործանման։ Սա է ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը, բայց քանի-որ մենք երեսպաշտ ու կեղծավոր ժողովուրդ ենք, մենք մեր սխալը չենք ընդունել և չենք ընդունում։ Մենք կգերադասենք մեղքը գցել սրա-նրա վրա՝ նախկիններ, ներկաներ, ռուս, եվրոպացի, ամերիկացի… մի խոսքով՝ մեղավոր են բոլորը, բայց ոչ մենք։ Այսպես շարունակելով, մենք, այլևս, որևէ շանս չունենք։ Մեզ մոտ շուտով նաև Արևելյան Հայաստանի հարցն է փակվելու-գնա, և մենք կարժանանանք հրեաների ճակատագրին՝ կքշվենք մեր պատմական հողերից, 2000 տարի կթափառենք աշխարհում և եթե, 2000 տարվա ընթացքում, մեզ մոտ ստացվի մնալ և խելքներս գլուխներս հավաքել, ապա կփորձենք նոր պետություն կառուցել։ Կստացվի՞, թե՞ ոչ, ցույց կտա միայն ժամանակը»։
Ես կարող եմ տալ ստեղծված իրավիճակի միակ, բայց սարսափելի բարդ լուծումը, որովհետև մնացյալ լուծումները լինելու են խիստ մակերեսային և ժամանակավոր, ասում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն ու հավելում. «Բոլոր նրանք, ովքեր 2008-ին և 2018-ին, հանիրավի հուզված, դուրս էին եկել փողոցներ ու փորձում էին պետության ճակատագիր փոխել, պարտավոր են ներողութուն խնդրել, իրենց մեղքն ընդունել և բարձրաձայն ապաշխարել՝ ով հնարավորություն ունի, դա պետք է անի զանգվածային լրատվամիջոցներով, ով չունի՝ պարտավոր է դա անել իր շրջապատում՝ հնարավոր բոլոր տարբերակներով։ Մինչև այս ինքնամաքրումը տեղի չունենա, մենք պետք է խաչ քաշենք Հայաստանի և Արցախի վրա։ Եվ մի բան էլ՝ եթե հիմա ի հայտ գա մեկը, ով ամենաարժանին կլինի կառավարելու մեր երկիրը՝ թե՛ բարոյապես, թե՛ գիտելիքներով, թե՛ կառավարման փորձով և թե՛ կամային հատկանիշներով, այդ մարդուն առաջին դիմադրություն ցույց տվողը, կրկին, մեր բնակչությունն է լինելու։ Այս ամենը հաշվի առնելով՝ ո՞ր սրտացավը և խելքը գլխին մարդը որոշում կկայացնի գալ ու փրկել մեր երկիրը։ Այնպես որ, մեր ժողովուրդը պետք է մտածի՝ մաքրել նաև երեսպաշտության և կեղծավորության հսկայական չափերի հասնող իր արատը։ Որպես ասվածի վառ օրինակ՝ նայեք այսօրվա մեր մտավորականներին…Նրանք պատրաստ են զօր ու գիշեր նվնվալ՝ «Ո՞ւր էիր Աստված», իսկ երբ հարց ես տալիս՝ ընկե՛ր, վիճակը երկրում ողբերգական է, ինչո՞ւ ես սսկվել, անմեղ աչուկները ճպճպացնելով պատասխանում է՝ ես մտավորական չեմ, ես ինժեներ եմ…Ահա սա՛ է մեր իրականությունը, որը մեզ հասցրեց այս կետին և որից այն կողմ՝ անդառնալի կործանումն է այլևս»։
Աղբյուր` Փաստինֆո