կարևոր
4405 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-09 20:21
Հասարակություն

Պետության գահավիժումը կանխող վերջին պատնեշն ուժային կառույցներն են․ Հարություն Մեսրոբյան

Պետության գահավիժումը կանխող վերջին պատնեշն ուժային կառույցներն են․ Հարություն Մեսրոբյան

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, վերջերս Ձեր հիմնական քննադատությունն ուղղված է իրենց էլիտա համարող, այսպես կոչված, մտավորականների և լայն զանգվածների կամ ինչպես Դուք եք նշում՝ բնակչության դեմ, որոնց համարում եք այս իրավիճակի հիմնական մեղավորները։ Եկեք այս հարցազրույցում խոսենք այն փոքր հատվածի մասին, որը շատ լավ գիտակցում է իրավիճակի լրջությունը, ունակ է և պատրաստ ջանքեր գործադրել իրավիճակը մեր օգտին փոխելու համար։ Ո՞րն է այդ փոքր հատվածի անելիքը, և արդյո՞ք հնարավոր է փոփոխության հասնել։

-Այնուամենայնիվ նախ անդրադառնամ մեծաթիվ հատվածին։ Այո՛, այսպես կոչված մտավորականությունը և բնակչությունը հանդիսանում են այսօրվա կործանիչ իրավիճակի հիմնական մեղավորները, ինչպես դա եղավ մինչ 1915-ը։ Դեռ 1907-ին հայ մտավորականություն կոչվածը Ցեղասպանության համար պարարտ հող ստեղծեց, երբ Փարիզյան կոնֆերանսում բացահայտ և գիտակցաբար սատարեց դեռևս իշխանության չեկած երիտթուրքերին՝ ասելով, որ հիմա ա՛յլ ժամանակներ են, և նրանք Եվրոպայում կրթություն ստացած ու ազատության տենչով տոգորված «ուրիշ» թուրքեր են: Իսկ բնակչությունն անգիտակցաբար իր տգիտությամբ, որկրամոլությամբ, անտարբերությամբ և կեղծավորությամբ միայն նպաստեց դրան։

Մեր օրերում էլ նույնն է։ Ի դեպ, եթե նկատել եք, որոշ վայ-մտավորականներ վերջերս հրապարակավ փորձում են հրաժարվել իրենք իրենցից: Մեկն ասում է, որ ինքը գլուխը կախ զօր ու գիշեր իր գործն է անում, մյուսն ավելի ծիծաղելի «փաստարկ» է բերում՝ որ ինքը մտավորական չէ, այլ ինժեներ: Նման խղճուկ և մորթապաշտ կերպարները, սսկված քարշ գալով այս օրհսական ժամանակներում, պարզապես խուսափում են պատասխանատվությունից, քանզի միշտ մեկ երազանք ունեն՝ մոտիկ լինել օրվա իշխանությունների լափամանին և հնարավորություններին: Այստեղ կարելի է հիշել «Նվագախմբի տղաները» ֆիլմից մի դրվագ՝ «Ճուտո կոմպոզիտոր, ճուտո նո պոլիտիկ»:

Երբ հարցնում են՝ ովքե՞ր են այս իշխանությանը սատարողները, հիշեք՝ դրանք այսպես կոչված մտավորականներն են և բնակչությունը։ Եթե մենք ժամանակ ծախսենք այդ հատվածին դարձի բերելու վրա, հիմա էլ կկորցնենք Արևելյան Հայաստանը, ինչպես 100 տարի առաջ կորցրեցինք Արևմտյանը:

Բայց եթե առողջ ուժերն իշխանության գան, այդ մտավորականություն կոչվածը, իր սովորության համաձայն, առաջինը կսկսի «Օվսաննա երգել» նոր իշխանություններին, իսկ բնակչությունը հլու-հնազանդ կենթարկվի գաղափարապես պինդ ուժի կոշտ կառավարմանը։

Հիմա գանք ազգին։ Կառավարման տեսության մեջ կան գնահատման տարբեր էմպիրիկ մեթոդներ և ըստ այդ մեթոդների՝ լավագույն դեպքում ազգի սերուցքը կազմում է մինչև 10 տոկոսը, իսկ մեր դեպքում, ցավոք՝ մինչև  2 տոկոսը։

Բնության մեջ ցանկացած օրգանիզմ, երբ հայտնվում է մահացու վտանգի ճիրաններում, նրա առողջ հատվածը մոբիլիզացվում է։ Ազգի մտավորականությունն ազգի իմունային համակարգն է, բայց մենք մտավորականության իսպառ բացակայության պատճառով, փաստորեն, իմունիտետ չունենք, և ապաքինման միակ հույսն օրգանիզմի առողջ բջիջներն են՝ այդ 2 տոկոսը։

-Այդ փոքր տոկոսը կարո՞ղ է լուծել այսքան բարդ խնդիրներ։

-Կարող է: «Ցուրտ ու մութ» տարիներին ժողովրդի այդ ուժեղ հատվածը մոբիլիզացվեց և մեր երկրում առողջ մթնոլորտ ստեղծեց: Այդ մթնոլորտն այնքան հզոր էր, որ ոչ միայն կարողացանք մարտի դաշտում հաղթել թշնամուն, այլև մարդիկ հոգեպես ավելի կոմֆորտ էին ապրում։ Եվ դա՛ մեզ փրկեց։

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ մոբիլիզացիան։

-Նախևառաջ պետք է հասկանալ, թե այդ մոբլիզացիայի կամ համախմբման ժամանակ ինչ չի՛ կարելի անել և հետո միայն՝ ինչ պե՛տք է անել։

Եվ այսպես՝ ինչ չի՛ կարելի անել:

Առաջինը՝ «կուսակցականություն» գաղափարն ընդհանրապես պետք է հանել շրջանառությունից և ձևավորել շարժում, որտեղ բոլորը կառաջնորդվեն միայն և միայն  շարժման և ոչ թե այս կամ այն կուսակցության նպտակներով։

Երկրորդ՝ ոչ ոք իրավունք չունի ամբիցիա դրսևորել։ Դա պետք է լրջագույնս պախարակվի շարժման մեջ։

Երրորդ՝ ներքին ո՛չ մի բաժանարար գիծ չպետք է լինի և խրախուսվի՝ արցախցի, լոռեցի, հանրապետական, դաշնակցական, Սփյուռքից, Հայաստանից, «սև ու սպիտակ», «նախկիններ ու ներկաներ» և այլ նման հիմարություններ։

Չորրորդ՝ եթե շարժման նշանակալից դեմքերը 2018-ին ինչ-ինչ պատճառներով սատարել են իշխանափոխությանը, ապա պարտավոր են հրապարակավ անկեղծ ապաշխարել, որպեսզի շարժման շարքային մասնակիցները հավատ ու հույս ունենան վերջիններիս նկատմամբ:

Հիմա այն մասին, թե ինչ պետք է պարտադիր անել:

Մենք հպարտանում ենք 5000 տարվա մեր պատմությամբ, բայց 5000 տարվա մեջ չենք ունեցել մեր երկրի զարգացման ոչ միայն ռազմավարական ծրագիր, այլ անգամ դրա տեսլականը։ Ինչո՞ւ պարսիկները, հրեաները, ռուսները, անգլոսաքսերը, չինացիները, ճապոնացիները, թուրքերն ունեն ռազմավարական ծրագիր, իսկ մենք՝ ո՛չ։ Ամո՛թ է։ Մենք միայն լոպպազ գոռում ենք՝ ծովից ծով Հայաստան... և ծովից ծով Հայաստան գոռալով 100 տարի առաջ դաժանորեն դուրս շպրտվեցինք Արևմտյան Հայաստանից։

Այդ իսկ պատճառով 2020-ի հուլիսից նախաձեռնեցի և խմբով իրականացնում ենք «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակումը, որը նախատեսում ենք ավարտել մինչև 2024-ի ավարտը։ Կարճ ներկայացնեմ Ծրագրի մշակման փուլերը:

Փուլ I. 2020-ի հուլիս – 2021-ի վերջ՝ Ծրագրի բոլոր 10 բաժինների նախնական տարբերակների մշակում:

Փուլ II. 2022՝ 10 մշակված բաժինների փորձազննում՝ ներգրավելով բարձրակարգ փորձագետների, այդ թվում՝ Սփյուռքից:

Փուլ III. 2023՝ փորձազննումն անցած 10 բաժինների համակցում, որտեղ հիմա գտնվում ենք:

Փուլ IV. 2024-ի 1-ին կես՝ 10 բաժինների անցումային դրույթների մշակում:

Փուլ V. 2024-ի հուլիս – սեպտեմբեր՝ Ծրագրի ամփոփիչ հիմնադրույթների վերջնական խմբագրում:

Փուլ  VI. 2024-ի հոկտեմբեր  – դեկտեմբեր՝ Ծրագրի DEMO տարբերակի մշակում:

-Պարոն Մեսրոբյան, մինչ մենք ծրագիր և ռազմավարություն մշակենք, գործող իշխանությունները պատրաստվում են ոչ միայն Արցախն Ադրբեջանին հանձնել, այլև Հայաստանի տարածքից մի շարք տարածքներ (այսպես կոչված անկլավները)։ Դուք մասնակցել և ծանր վիրավորվել եք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և լավ գիտեք, թե ինչ ռազմավարական նշանակության տարածքների մասին է խոսքը։ Ի՞նչ հետևանքների դա կարող է բերել։

-Երկրից ցանկացած քառակուսի, անգամ սանտիմետր, ինչ-որ բացատրությամբ Ադրբեջանին հանձնելը նշանակում է մեր արյամբ վճարել դեպի Դեր Զոր տանող ճանապարհի վարձը։ Եթե կարոտել են Դեր Զորի ճանապարհը, խնդրե՛մ, թող հանձնեն։

Իսկ Ձեր այն մտքին, որ «մինչ մենք ծրագիր և ռազմավարություն մշակենք», տարածքները կհանձնեն, ապա ասեմ հետևյալը․ երբ 1988-ից մինչև 2020 թ․ ես գոռում-գոչում էի, որ առանց ռազմավարական ծրագրի մենք ի վերջո կորցնելու ենք մեր պետությունը, ինձ ամեն անգամ պատասխանում էին, որ վիճակը խառն է, դրա ժամանակ չէ և այլն, ու ես հասկացա, թե ինչու 5000 տարվա մեջ մենք այպես էլ չենք ունեցել մեր երկրի զարգացման ոչ միայն ռազմավարական ծրագիր, այլ անգամ դրա տեսլականը:

-Ինչպես տեսնում ենք, աշխարհի շատ երկրներ ակտիվ շահագրգռված են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրմամբ։ Կարծես թե այս հարցում անգամ Արևմուտքի և Ռուսաստանի շահերն են համընկնում, և ստացվում է, որ Ձեր նշած 2 տոկոսը դիմադրում է ոչ միայն այս իշխանությանը, այլև աշխարհի գլոբալ խաղացողներին։ Արդյո՞ք այդ դիմադրությունն իրատեսական է։

-Սկզբից անդրադառնանք Ռուսաստանին։ Ռուսաստանը կայսրություն է և ըստ այդմ իրավիճակին նայում է կայսերական դիրքերից: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, երբ Ռուսաստանը հերթական կոշտ առճակատման մեջ է անգլոսաքսոնական կայսրության հետ՝ ի դեմս կոլեկտիվ Արևմուտքի, Թուրքիան կոշտ ձևով դեմ չի գնում Ռուսաստանին՝ շարունակելով Քեմալ Աթաթուրքի ճկուն քաղաքականությունը, որը 1-ին Համաշխարհային պատերազմից հետո փրկեց Թուրքիան կործանումից։ Եվ ահա Ռուսաստանը կրկին տեսնում է մի կողմից հնարավորինս չեզոք Թուրքիա, իսկ մյուս կողմից՝ դեպի Արևմուտք խելապատառ վազող և անգլոսաքսերի կուտը կերած Հայաստան։

Ի դեպ, 100 տարի առաջ Ցեղասպանության օրոք նույն անգլոսաքսերը ցինիկաբար արդարանում էին, որ անգլիական նավատորմն ի վիճակի չէ բարձրանալ հայկական լեռնաշխարհ, որպեսզի փրկի հայերին:

Հիմա մեր նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքն ինչպիսի՞ն պետք է լինի։ Եթե հայությունը և Հայաստանը չեն պաշտպանում իրենց շահերը, ինչո՞ւ պետք է դա մեր փոխարեն անի Ռուսաստանը։ Բայց այնուամենայնիվ, եթե ավելի խորքային նայենք, Ռուսաստանն ու Իրանը, իրականում, դեմ են «խաղաղության պայմանագրին», որովհետև դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է, որին սատարում են անգլոսաքսերը, որպեսզի նույն Ոուսաստանը և Իրանը մեկուսացվեն Կովկասից, ինչպես նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի էներգակիրներից։ Իսկ դա նշանակում է, որ անգլոսաքսերի և թուրքերի ռազմավարության իմաստով Հայաստանը՝ որպես պետություն, ի վերջո պետք է ջնջվի աշխարհի քարտեզից: Դա է պատճառը, որ անգլոսաքսերի կողմից հորինած ռուս-թուրքական տանդեմի և որպես հետևանք ռուսատյացության մասին մեթոդապես թմբկահարում են հենց անգլոսաքսոնական, որոշ չափով էլ թուրք-ադրբեջանական մեր տեղական ապազգային և կեղծ ազգայնական գրանտալափները:

-Չափից դուրս զգայուն թեմա եք շոշափում, որի դեպքում առավել դժվար է թվում իրավիճակը փոխելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ ինչպե՞ս եք պատկերացնում այս իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով ելքը։

-Եթե Հայաստանում, Արցախում և Սփյուռքում այդ 2 տոկոս ունակ ուժերը առանց որևէ նախապայմանի մեկտեղվեն՝ չանելով այն 4 խումբ սխալները, որոնց մասին վերևում նշեցի, ապա դա կլինի միակ կազմակերպված հզոր ուժը թե՛ կամային, թե՛ բարոյական և թե՛ մտավոր առումներով։ Այդ ուժն իր կազմակերպվածությամբ կարող է նաև իշխանության գալ։ Իսկ եթե այդ ուժն ունենա նաև ռազմավարական տեսլական ու ծրագիր, ապա ինչ-որ ժամանակ հետո առնվազն հարգանք կվայելի դրսի ուժերի մոտ, և մեզ հետ կամաց-կամաց հաշվի կնստեն։ Թե չէ անցյալ տարի, երբ Իրանն իր 60 հազարանոց զորքը մոտեցրեց Հայաստանի սահմանին և ասաց, որ թույլ չի տա Զանգեզուրի ճանապարհի բացումը, ես ինձ նվաստացած զգացի։ Ինչո՞ւ պետք է Իրանն իր շահերը պաշտպանելու նպատակով ինքնաբերաբար պաշտպանի նաև մեր շահերը։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք՝ նորի՞ց անզեն ձեռքերը տնկած թղթե շերեփով խաղաղություն մուրանք, ինչպես մուրում էինք 19-րդ դարի վերջերից մինչև 1920-ի դեկտեմբերի Ալեքսանդրոպոլի պայմանագրի օրերը:

Հիմա Ռուսաստանը մտերմանում է Իրանի հետ։ Եթե Հայաստանը վերջ տա անգլոսաքսերի դրդմամբ տարածվող ռուսատյացությանը և վերջապես սկսի իր շահերը պաշտպանել, Իրանը պարտադիր սատարելու է Հայաստանին՝ բնականաբար իր շահերից ելնելով: Ռուսաստանն էլ, անգամ հաշվի առնելով Թուրքիայի ոչ հակառուսական դիրքորոշումը, այնուամենայնիվ հաշվի է առնելու նաև Հայաստան-Իրան ձևավորվող տանդեմը, և դրանով մենք դառնալու ենք արժեքավոր գործոն այս տարածաշրջանում։

-Օրերս Վազգեն Մանուկյանը հանդես եկավ կոչ-հայտարարությամբ՝ ուղղված ուժային կառույցներին, որ զգոն լինեն և կանխեն պետական հանցագործությունը։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդ կոչը տեղ կհասնի, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում և Արցախում պետական բոլոր կառույցները գտնվում են իշխանության տոտալ վերահսկողության տակ։

-Ես գտնում եմ, որ մեր գոյատևման վերջին սահմանը, մեր պետության գահավիժումը կանխող վերջին պատնեշն ուժային կառույցներն են։ Եթե իրենք էլ դա չանեն, ապա պետության կորուստը, ավելին՝ նոր Ցեղասպանությունը, պարզապես անխուսափելի են։ Եվ դա նաև հիմք պետք է հանդիսանա այդ 2 տոկոս առողջ ուժերի և մարդկանց՝ առանց պայմանների միավորման, որպեսզի այդ բռունցքը միս ու արյուն ստանա։

Ի դեպ, նկատե՞լ եք, որ մեզ մոտ կան օլիգարխներ, ովքեր անհամբեր սպասում են Թուրիքայի հետ սահմանի բացմանը։ 100 տարի առաջ մենք այդ արյունոտ դասն անցել ենք, բայց այդպես էլ չենք սովորել այն։ Ես ուզում եմ իրենց հիշեցնել այդ դասը։

Օսմանյան կայսրության ժամանակ հայ մեծահարուստների մականունը «կուկո» էր։ Կուկոները հլու-հնազանդ ծառայում էին Օսմանյան կայսրությանը։ Երբ թուրքերը սկսեցին Ցեղասպանությունը, նրանք կուկոներին միանգամից չէին մորթում, այլ մինչև վերջին դրամը քամելու նպատակով հետևյալ քաղաքականություն էին վարում․ ասում էին՝ մենք կարող ենք ապահովել ձեր և ձեր հարազատների անվտանգ տեղափոխումը, իսկ դուք միայն պետք է վճարեք այսքան գումար, որ մենք ձեզ տանենք անվտանգ տեղ։ Կուկոները վախից վճարում էին, հետո նույն մարդիկ գալիս ասում էին՝ գիտե՞ք, վիճակն ավելի է թեժացել, պետք է դուրս գաք Օսմանյան կայսրության տարածքից, մենք ձեզ ապահով կտեղափոխենք նավահանգիստ։ Դա էլ իր գինն ուներ։ Կուկոներին իրենց ընտանիքներով բերում էին նավահանգիստ, հետո ասում, թե իրավիճակը շատ ավելի է բարդացել, և սահմանափակ թվով նավեր են մնացել, բայց մենք մի քանի տեղ ձեր գերդաստանի համար կարող ենք ապահովել, դա էլ արժե այսքան գումար։ Մի խոսքով՝ կուկոներին մինչև վերջ թալանում էին և երբ տեսնում էին, որ նրանք այլևս վճարունակ չեն, տեղում մորթում։

Հիմա ես ուզում եմ մեր տեղական գավառամիտ ու ագահ կուկոներին հրապարակավ զգուշացնել՝ շատ մի ոգևորվեք և ականջներիդ կոլեկտիվ օղ արեք՝ ձեզ այ դա՛ է սպասում։ Հետո էլ մինչև մորթվելը չասե՛ք, որ ձեզ չե՛ն զգուշացրել...