կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-26 22:09
Քաղաքական

Մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի. Հարություն Մեսրոբյան. Ankakh.com

Մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի. Հարություն Մեսրոբյան. Ankakh.com

Երբ ջունգլիներում երաշտ է, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խաղաղ խմում՝ առանց իրար վրա հարձակվելու: Մենք ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք...

Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը:

-Պարոն Մեսրոբյան, Դուք առաջինն էիք, որ դեռևս մեկ ամիս առաջ հայտարարեցիք Հակաճգնաժամային խորհուրդ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու և ստեղծված իրավիճակում երկիրը պրոֆեսիոնալ թիմով կառավարելու նպատակով: Այսօր արդեն կառավարության հրաժարականի, ժամանակավոր կամ հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին խոսում են շատերը: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս իրավիճակն այնպիսին է, որ այս կառավարությունը պետք է օր առաջ հրաժարական տա: Եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով:

-Ճգնաժամը միշտ պահանջում է հատուկ միջոցառումներ, որովհետև ճգնաժամի ժամանակ, ի տարբերություն սովորական վիճակի, ստանդարտ մեթոդները չեն աշխատում: Դա ճգնաժամի առանձնահատկություններից մեկն է: Հետևաբար ճգնաժամի ժամանակ շարունակել աշխատել նույն մեթոդներով ու գնալ նույն ճանապարհով, նշանակում է պետությունը տանել փլուզման:

Ես հետևյալ առաջարկն էի արել. նախևառաջ նորագույն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր նախագահներն ու վարչապետները կամավոր հիմունքերով ստեղծում են Հակաճգնաժամային խորհուրդ (ընդ որում ոչ մի բացառություն չպետք է լինի), որից հետո այդ խորհուրդն իրականացնում է հետևյալ 4 գործառույթները.

  1. 3 օրվա ընթացքում ընդունում է համատեղ ուղերձ ողջ հայությանը:
  2. 5 օրվա ընթացքում որոշում է 1991 թվականից առ այսօր ՀՀ և Արցախի Հանրապետության լավագույն նախարարներին` փաստացի որոշելով պրոֆեսիոնալ կառավարության կառուցվածքը և կազմը:
  3. 10 օրվա ընթացքում ընդունում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգուցային հակաճգնաժամային միջոցառումների հայեցակարգ:
  4. 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարում է ռոբաստ («robust») կառավարման մեկնարկի մասին՝ նշանակելով դրա համակարգողին:

Ռոբաստ («Robust») կառավարումը ճգնաժամի ժամանակ ամենաարդյունավետ կառավարման ձևն է աշխարհում, որը մշակվել է անգլոսաքսոնական կառավարման դպրոցի կողմից 20-րդ դարի կեսերին: Օրինակ, Չինաստանը կորոնավիրուսի ժամանակ դրա տարրերը կիրառեց Ուհան քաղաքում, և բոլորս տեսանք, թե ինչպես խնդիրը բավականին արագ բռի մեջ վերցվեց ու լուծվեց: Փաստացի այսօր 1,4 միլիարդանոց Չինաստանում ավելի քիչ են վարակվում, քան 3 միլիոնանոց Հայաստանում:

-Ի՞նչ մեխանիզմներով եք պատկերացնում Ձեր առաջարկի իրականացումը, հատկապես, որ իշխանությունը չի գիտակցում և չի էլ ուզում ընդունել, որ կառավարման իմաստով լուրջ խնդրի առաջ է կանգնած:

-Նախ խնդրի առաջ կանգնած ենք բոլորս` և' իշխանությունը, և' ընդդիմությունը, և' ժողովուրդը: Իսկ մենք հերթական անգամ դա չգիտակցելով, մեր սովորության համաձայն, ամպագոռգոռ հայտարարությունների ներքո կարող ենք փլուզել պետությունը: Դա նույնն է, որ հիվանդը գնա վիրաբույժի մոտ, միակ բուժումը լինի վիրահատությունը, բայց հիվանդը հրաժարվի վիրահատությունից: Ի՞նչ կլինի դրա հետևանքով: Մահ: Կառավարման օրենքներն ամեն տեղ նույնն են՝ թե՛ բժշկության մեջ, թե՛ պետական կառավարման մեջ, թե՛ բիզնեսում, թե՛ համայնքում, թե՛ անգամ ընտանիքում:

-Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու մասին հարցին, ասաց, որ պարետատունը, անհրաժեշտությունից ելնելով, հաղորդակցվում և քննարկումներ է կազմակերպում առանձին մասնագետների, անհատների, կառույցների հետ: Այսինքն, իշխող կուսակցության ներկայացուցիչները համոզված են, որ պարետատունը պատշաճ կերպով կատարում է իր գործաույթները, և հակաճգնաժամային կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

-Պարետատունն ընդամենը բուն համավարակը լոկալիզացնելու նպատակով ստեղծված, տեխնիկատեխնոլոգիական հակաճգնաժամային քայլեր կատարող մարմին է: Դա է այդ մարմնի տրամաբանությունը և ոչ ավելին: Պարետատունը չունի այն գործառույթները, ինչ հակաճգնաժամային խորհուրդը և կառավարությունը: Ի դեպ, պարետատան ճիշտ աշխատելու մեխանիզմի մասին նույնպես մոտ երկու ամիս առաջ խոսել եմ և հրապարակավ առաջարկություններ արել: Թող կարդան և անեն:

-Կորոնավիրուսային իրավիճակը վկայում է, որ շուտով Հայաստանը կդառնա տարածաշրջանային Իտալիա, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարն այս ամենի ֆոնին կասկածի տակ է դնում հարևան Վրաստանի հաջողությունները համավարակի դեմ պայքարում՝ ստեղծելով դիվանագիտական սկանդալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրողությանը:

-Ես ընդհանրապես կոնկրետ մարդկանց խոսքերը չեմ մեկնաբանում, այլ գնահատում եմ պաշտոնատար անձանց որոշումները և քայլերը: Թորոսյանի քայլը վկայում է այն մասին, որ չկա համակարգված կառավարում, և ով ինչ ուզում, խոսում է, դրա համար էլ այսպիսի վիճակ է: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանն ընդամենը երկու ճանապարհ ունի. դեպի Վրաստան և դեպի Իրան: Այդ երկու ուղղությամբ էլ պետք է չափից դուրս հաշվենկատ ու զգույշ լինել: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանի հաջողություններին, միայն կարող եմ ասել, որ մենք մեր խնդիրը պետք է լուծենք, ոչ թե քննարկենք՝ ուրիշները լավ են անում, թե վատ: Դա մեզ ի՞նչ է տալիս, ոչինչ: Սա ևս վկայում է, որ մենք 1991 թվականից մինչ օրս չունենք պրոֆեսիոնալ կառավարող թիմ: Ուղղակի հիմա խնդիրն է՛լ ավելի է սրվել, քանի որ մենք գտնվում ենք, այսպես կոչված, «կատարյալ փոթորկի» մեջ: Կառավարման մեջ «կատարյալ փոթորիկ» է կոչվում այն իրավիճակը, երբ նույն վայրում միաժամանակ կուտակվում են մի քանի ճգնաժամեր: Հիմա մենք այդ վիճակում ենք՝ կորոնավիրուսային ճգնաժամ, գերտերությունների միջև հակասությունների սրացման ճգնաժամ մեր տարածաշրջանում, մեր երկրի պետական կառավարման ճգնաժամ, էներգակիրների համաշխարհային ճգնաժամ, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա ճգնաժամ և այլն:

-Պարոն Մեսրոբյան, մաքսանենգ ծխախոտի թեման փաստացի չհերքվեց իշխանությունների կողմից, փոխարենը Նիկոլ Փաշինյանն իր վրդովմունքը հայտնեց բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն չեն հավատում՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հերքել ներկայացվող մեղադրանքները: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ գոնե ձևական գործ չհարուցվեց և փորձ չարվեց ապացուցելու, որ այդ ամենը կեղծիք է, եթե, իհարկե, իսկապես կեղծիք է:

-Ցանկացած պետական այր, մարդ, որը զբաղեցնում է տեսանելի պաշտոն, պետք է պատրաստ լինի ամենաուշադիր դիտարկման, քննադատությունների և մեղադրանքների: Եթե քննադատությունը, դիտարկումը կամ մեղադրանքը տեղին չէ, հերյուրանք է, ապա իշխանություններն ունեն կառավարչական բոլոր ռեսուրսները փաստարկված ձևով հերքելու այդ ամենը, որպեսզի մարդկանց մոտ վստահությունը չսասանվի: Իսկ նման արձագանքը, որը մենք տեսնում ենք, բումերանգի պես խփելու է հենց իշխանությանը: Դա արդեն իրենց խնդիրն է, թող մտածեն: Եվ սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, այլ պետական կառավարման կանոններից մեկը: Նման վերաբերմունքը պետական այրերի համար ունի կոմուլյատիվ, այսինքն կուտակային բնույթ: Այդ ամենը կուտակվում է, և մի օր իշխանությունը կտեսնի, որ այլևս ոչ մի հենարան չունի:

Իշխանությունները գրեթե ամեն օր մանր, միջին ու մեծ սխալներ են անում, և այդ ամենը կուտակվում է: Պրոցեսը երկու ուղղությամբ է գնում՝ մի կողմից դա հատված առ հատված հորիզոնական տարածվում է հասարակության տարբեր զանգվածների վրա, մյուսը գնում է ուղղահայաց, ավելի խորքային ուղղությամբ, այն մարդկանց ուղղությամբ, որոնք ժամանակին ներկա իշխանության հենարանն էին և հիմա կամաց-կամաց հիասթափվում են: Նույնը եղել է մեր բոլոր նախորդ ղեկավարների հետ: Հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տոկոս և ավելի ձայնով դարձավ նախագահ, հետո թվում էր, որ մարսեց 1996-ի ճգնաժամը, բայց 1998 թվականին գրեթե ոչ ոք այլևս նրա կողքին չէր, և նրա իշխանությունը չդիմացավ ու հեռացավ: 2018-ին էլ նույն էֆեկտը եղավ: Այսինքն, կոմուլյատիվ օրենքը միշտ աշխատում է, և անպայման գալիս է մի պահ, երբ իշխանությունն ինչ-որ կերպ փլվում է: Պետական նման կառավարման պայմաններում ներկա իշխանությունները նույնպես բացառություն չեն լինելու այն պարզ պատճառով, որ կառավարումը հիմնված է կյանքի օրենքների վրա, որոնք անփոփոխ են:

-Օրեր առաջ Ձեր ֆեյսբուքյան էջում «ՄԵԾԱՊԱՏԻՎ» ԽԱՉԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔՅԱԼԻ ԴԻՄԱԿՈՎ» վերնագրով գրառում էիք կատարել՝ ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի «կայծակնային որոշումը» Գանդիի արձանի տեղադրման վերաբերյալ, այն դեպքում, երբ Երևանի գլխավոր ճարտարապետն անընդունելի էր համարել ՀՅԴ առաջարկն Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ կենսագրական տվյալներով ցուցանակ տեղադրելու վերաբերյալ: Կմեկնաբանե՞ք այս գրառումը:

-Այս որոշումը հերթական անգամ ապացուցեց, որ մենք պետական մտածելակերպ չունենք: Չ՞է որ Արամ Մանուկյանը մեր նորագույն պետականության հիմնադիրներից մեկն է, էլ չեմ ասում, որ մեծապես նաև նրա շնորհիվ եղավ Սարդարապատի ճակատամարտը: Մեր երրորդ հանրապետությունը չէր լինի, եթե չլիներ առաջին հանրապետությունը: Հետևաբար մեր իշխանությունների կողմից Արամ Մանուկյանի նկատմամբ անարժան վերաբերմունքն անընդունելի ու հակապետական եմ համարում և գտնում եմ, որ նման որոշում կայացնող, անգամ միջին կալիբրի չինովնիկներն օր առաջ պետք է հրաժարական տան և, ընդհանրապես, այսուհետ նրանց գոյությունը պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում պետք է բացառել: Ի դեպ, չմոռանանք, որ մոտենում է մայիսի 28-ը, և շատ խորհրդանշանակ կլիներ այդ օրը Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ բացել նրա կենսագրական տվյալներով ցուցանակը:

-Պարոն Մեսրոբյան, վերադառնալով առաջին հարցին՝ խնդրում եմ ամփոփեք. արդյո՞ք իրատեսական եք համարում հակաճգնաժամային կառավարության կամ հակաճգնաժամային խորհրդի ստեղծումն այն պարագայում, երբ իշխանությունը բացահայտ անհանդուրժողականություն է դրսևորում այլակարծության, նույնիսկ առողջ քննադատության նկատմամբ:

-Նախ և' Հակաճգնաժամային խորհուրդը, և' Հակաճգնաժամային կառավարությունն ամբոջականացնում են հակաճգնաժամային պետական կառավարումը: Ճգնաժամի ժամանակ չպետք է լինի ո՛չ դիմություն, ո՛չ ընդդիմություն: Եթե պետությունը փլուզվի, վտանգվելու է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ ժողովուրդը: Մենք այնպիսի հարևաններ ուենք, որ օր առաջ կօգտագործեն այդ հնարավորությունը մեզ ոչնչացնելու համար: Այսօր բոլոր գործիչները գոնե ժամանակավորապես պետք է մի կողմ դնեն իրենց շահերն ու հավակնությունները և հասկանան, որ եթե այս «կատարյալ փոթորիկը» գնա վատագույն սցենարով, մենք բոլորս ուղղակի վերանալու վտանգի առաջ ենք կանգնելու:

Երբ ջունգլիներում երաշտ է լինում, գազանները ժամանակավորապես դադարում են իրար վրա հարձակվել: Եվ եթե մի տեղ ջուր խմելու հնարավորություն կա, զոհն ու գիշատիչը մոտենում են այդ ջրին ու խմում՝ առանց իրար վրա հարձակվելու: Մենք ջունգլիների գազանների չա՞փ էլ չկանք: Եթե մենք՝ որպես ժողովուրդ, ունենայինք պետականամետ մտածելակերպ, ինչը, ցավոք, չունենք, ապա կպարտադրեինք բոլոր ուժերին այս իրավիճակում նստել կլոր սեղանի շուրջ: Մեր խնդիրը ոչ այնքան օրվա իշխանություններն ու օրվա ընդդիմադիրներն են, այլ մենք ենք՝ որպես ամբողջականություն: