կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 17:33
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Աղետ էր, 8 միլիոնի ավերեց, քաշվեց մի կողմ»․ Ոսկեհատում կարկուտն աղետաբեր հետեւանքներ է ունեցել

7-8 միլիոնի նյութական վնաս՝ մեկ ընտանիքին․ կիրակի տեղացած կարկուտն ու անձրեւը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում աղետալի հետեւանքների են հանգեցրել։ Դիշլանյանների ընտանիքը շուրջ 15  հեկտար այգուց այս տարի բերք չի ստանա։ Ձմերուկի, սեխի ցանքատարածությանն ու ծիրանի այգիներին կարկուտը այնպես է խփել, որ տնտեսությունից ոչինչ չի մնացել։

Ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծել։  Գյուղացին միլիոնների վարկ է վերցրել, տնտեսություն դրել, տարերային աղետը մի քանի ժամում հողին է հավասարեցրել։ Անհանգստացնողն այն է, որ պատկան մարմիններից, մարզպետարանից որեւէ մեկը դեռեւս Ոսկեհատ չի այցելել, գյուղացիների վնասը չի ուսումնասիրել:

Գյուղում նաեւ շենք-շինություններ են վնասվել․ պոկվել են  մանկապարտեզի եւ դպրոցի տանիքները։ Կարկուտն անտարբեր չի անցել նաեւ հողագործությամբ զբաղվող այլ ոսկեհատցիների  կողքով․ տուժել է եւս տասը ընտանիք։  

«15-20 հեկտար կարկուտը վարի է տվել։ Չգիտեմ՝ ինչ ենք անելու, եթե պետությունը չօգնի։ Միլիոնների վարկ ենք վերցրել, բանկերում ոսկի ենք դրել, որ գոնե եկամուտ ստանանք, բայց հակառակը եղավ։ Կարկուտն ավերեց, քաշվեց մի կողմ։ Գոնե պետությունն օգնի, ժողովրդին ոտքի հանի, շատ բան չենք ուզում՝ նվազագույն փոխհատուցում, որ կարողանանք նորից գործ սկսել»,- ցույց տալով կարկուտի հետեւանքները՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Դիշլանյանը։

Ի դեպ, Ոսկեհատը չունի անգամ մեկ հակակարկտային կայան, թեեւ հայտնի է իր բազմամյա տնկարկներով, գինեգործությամբ եւ մշակաբուսությամբ․ անմշակ հող գրեթե չկա։ Արթուրը 5 հեկտար էլ ընկերոջ՝ Սամվել Հակոբյանի հետ էր մշակում։ Շեշտում է՝ եթե գյուղը հակակարկտային կայան ունենար, գյուղացին միլիոնների վնաս չէր կրի։

«Գյուղացուն բանի տեղ դնող չկա, չեն զբաղվում, խեղճ գյուղացին ի՞նչ անի, անորոշ վիճակի մեջ ենք հայտնվել։ 2 տոկոս բերք չի մնացել, սաղ կտրել-գցել է։ Պատմության մեջ նման բան չէր եղել մեր գյուղում, աղետ էր, փոթորիկ, չէինք կարողանում կանգնել, ծառերը արմատախիլ են եղել։ Մյուս գյուղերում հակակարկտային կայաններ էին աշխատում, եթե մեր գյուղն էլ ունենար, գյուղացին էսքան վնաս չէր կրի, բերքը հարամ չէր լինի։ Բան չի մնացել, ծիրանի ծառերը ավերվել են, բերք չկա»,- նշեց նա։

Կարկուտը նույնիսկ  ոռոգում իրականացնելու համար նախատեսված՝ պլաստմասսայից կաթիլային համակարգն է ջարդուփշուր արել։ «Լողավազաններ էինք սարքել, կաթիլային համակարգ քաշել, անհաջողություն եղավ, ամբողջ չարչարանքներս կես ժամվա մեջ հողին հավասարեցվեցին»,- ասաց Արթուրը՝ հույս ունենալով, որ պետությունը  կարձագանքի, սպասում է, ակնկալում մինիմալ փոխհատուցում, որ կարողանա կրկին գործ դնել, ընտանիք պահել։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լիանա Սարգսյան