Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերս կերազեինք, որ մեր բնակավայրում ծնված ու մեծացած լիներ Ամենայն Հայոց կաթողիկոսը, սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին ղեկավարող Վեհափառ հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի ծնդավայրը Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղն է (նախկին 4-րդ սովխոզ): Գյուղ հասնելուն պես այդ մասին եւս մեկ անգամ լսեցինք հենց ոսկեհատցիներից:
Մուսա լեռում (Կիլիկիա) ծնված ու մեծացած 101 տարեկան Մովսես Անաշյանը, ով արդեն 63 տարի ապրում է Ոսկեհատում, այսօր էլ մտահոգված է գյուղի ծանրացած խնդիրներով: «Ժողովուրդը նեղ պայմանների մեջ է: Հույս է, որ կաթողիկոսը մեր գյուղից է, չնայած ոչ մի բանով չի էլ օգնում: Դեպի Մասիս գնացող մի ճանապարհ է սարքել»,- ասում է 101-ամյա, բայց առույգ Մովսես պապը:
Չնայած գյուղի անվանումը կապված է ոսկեգույն վազերով խաղողի հետ, եւ գյուղը նախկինում ունեցել է խաղողի մեծ այգիներ, այսօր այդ այգիները մշակելու փոխարեն ոսկեհատցիները զբաղվում են հողագործությամբ ու սեփական ջերմոցային տնտեսություններով: Գյուղի 930 հեկտար վարելահողերից այսօր չի մշակվում 300-ը, իսկ ստացված բերքից ու դրա վաճառքից ոսկեհատցիները շատ դժգոհ են:
Տիկին Ռիմայի դժգոհությունները շատ են. «Խնդիրներ շատ ունենք` ոռոգումն իրականացվում է արտեզյան ջրերով: Շաբաթը մի անգամ ենք ոռոգման ջուր ունենում, սակայն, փառք Աստծո, խմելու ջուրը նորմալ է: Ոչ մի աշխատելու տեղ չկա: 51 տարի այստեղ եմ ապրում, երանի այն ժամանակները, որ խաղող էինք հանձնում, շատ լավ էր: Հիմա ինչ, տղաներս կոպեկի համար ընկել են ըստեղ-ընդեղ: Որ աշխատատեղ լիներ, մեր երեխեքն էլ մեզ հետ կլինեին»:
Զրուցակիցս հիմա էլ մտահոգ է թոռների համար, որոնք բանակից զորացրվելուց հետո հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու:
Ոսկեհատում այդպես էլ մեզ չհաջողվեց հանդիպել գյուղապետ Գեւորգ Ներսիսյանին (վերջինս կաթողիկոսի եղբայրն է): Սկզբում գյուղապետը մեզ հեռախոսով ասաց, թե հիվանդանոցում է, սակայն մի քանի ժամ անց ավագանու անդամներից մեկը` Հովհաննես Գնոյանը, գյուղապետից իմացավ, որ վերջինս կարեւոր հանդիպման է գնացել: Իսկ հիվանդանոցը պատրվակ էր՝ մեզ չհանդիպելու համար:
Գյուղացիները պատմում են, որ ներկայիս գյուղապետի ղեկավարման տարիներին գյուղում վերանորոգվել են միայն մանկապարտեզի եւ գյուղապետարանի շենքերը: Իսկ ահա բուժկետը գտնվում է անմխիթար վիճակում: Կիսաքանդ այս կառույցը, թեպետ ապահովված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, բայց երբ բանը հասնում է դրանց օգտագործմանը, խնդիր է առաջանում, թե սարքավորումները իրենց տուփերից որտեղ պետք է տեղավորել: Այդ է պատճառը, որ սարքավորումները մինչեւ այժմ մնում են փաթեթավորված:
«Երկիր»-ի հետ զրույցում բուժկետի տնօրեն Սրբուհի Սիմոնյանը նշեց, որ կա ծրագիր, ըստ որի, մինչեւ 2012 թվականը կկառուցվի նոր բժշկական ամբուլատորիա: «Տեղի բնակիչները հիմնականում տառապում են «դարի հիվանդություններով»` հիպերտոնիա, շաքարախտ, սրտի անբավարարություն եւ այլն, սակայն ինֆեկցիոն տեսակետից մաքուր բնակավայր է»,- ասաց բուժկետի տնօրենը` հավելելով, որ Էջմիածնի տարածաշրջանին հատկացվել է ընդամենը երկու շտապ օգնության մեքենա, ինչը, վերջինիս կարծիքով, բավարար չէ:
«15 տարվա կտրվածքով աշակերտների թիվը 50 տոկոսով կրճատվել է մեր գյուղում»,- ասում է գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանվել Մանուկյանը՝ ավելացնելով, որ ներկա պահին դպրոց է հաճախում 230 աշակերտ, չնայած Ոսկեհատում այսօր բնակվում է 3300 բնակիչ, իսկ գյուղի բարեկարգ մանկապարտեզ է հաճախում 54 երեխա:
Սակայն ուշադրության է արժանի այն փաստը, որ Վեհափառի ծննդավայրում այսօր չկա եկեղեցի:
«Կցանկանայի` եկեղեցի լիներ, բայց չկա: Ջիվանու ասածի պես՝ 500 բնակիչ ունեցող գյուղը պետք է ունենա 5 եկեղեցի: Գոնե մենք մի հատ ունենայինք»,- ասում է ոսկեհատցի 101-ամյա Մովսես պապը: Ոսկեհատցիները պնդում են, որ այդ պատճառով իրենց գյուղում օրեցօր արմատավորվում են տարբեր աղանդներ:
Նորվեգացիները դեռ 2003 թվականին փախստականների համար կացարան են կառուցել, որտեղ տեղավորվել են 27 ընտանիքներ: Զինվորական ծառայությունից արձակուրդ վերադարձած Արմենը նշեց, որ շատ է սիրում իր ծննդավայրը եւ ոչ մի տեղ ծառայությունից հետո չի պատրաստվում գնալ. «Ծառայությունս վերջացնեմ, հետ եմ վերադառնալու, տուն եմ կառուցելու ու ապրեմ այստեղ»:
Գոհար ՓԵՓՈՅԱՆ