կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-14 23:12
Տնտեսական

Կարկուտն Արտաշավանում վնասել է մոշի, ազնվամորու, լոբու մշակաբույսերը

Կարկուտն Արտաշավանում  վնասել է մոշի, ազնվամորու,  լոբու մշակաբույսերը

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը երեկ երեկոյան կարկտահարության վերաբերյալ ստացված ահազանգի հետքերով  մեկնել էր Արագածոտնի մարզի Արտաշավան համայնք՝ գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու և իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: 

«Բարեբախտաբար այս անգամ տեղացած կարկուտը նախորդ դեպքերի համեմատ ավելի մեղմ էր և մեծ վնասներ չի հասցրել, թեպետ կան տարածքներ, որտեղ վնասվածություն կա: Ինչպես մյուս համայնքներում, Արտաշավանում ևս համայնքային հանձնաժողով կկազմվի, կներգրավվեն նաև մարզային հանձնաժողովի աշխատակիցներ, կկատարվեն հաշվարկներ, և 50 տոկոս ու ավել վնասվածության դեպքերը կներկայացվեն կառավարություն»,- նշել է փոխնախարարը:

 Դիտարկման արդյունքում պարզվել է, որ Արտաշավանում  որոշակի վնասներ են կրել մոշի, ազնվամորու, ելակի, լոբու մշակաբույսերը, խնձորի այգիներում պտղի ապրանքային տեսքն է տուժել:

 

Աշոտ Հարությունյանի խոսքով` Վայոց ձորի մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն` կարկուտ է տեղացել նաև մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում, որտեղ նույնպես համայնքային հանձնաժողով է կազմվել  վնասի չափերը գնահատելու նպատակով: