կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-12 18:35
Տնտեսական

Լողավազաններ՝ պտղատու այգիների տեղում․ իշխանությունն ինչպե՞ս ավերեց գյուղատնտեսությունը

Լողավազաններ՝ պտղատու այգիների տեղում․ իշխանությունն ինչպե՞ս ավերեց գյուղատնտեսությունը

Արցախը վերջին պատերազմում եւ կապիտուլյացիայի փաստաթղթով կորցրեց հազարավոր հեկտարների դաշտեր ու այգիներ։ Արցախի գյուղատնտեսական հողերի կորուստը դեռ առանձնապես չենք զգում, ինչը շուտով շատ ցավոտ է լինելու։ «Կորցրել ենք 3000 հեկտարից ավելի այգիներ, ցանքատարածքներ՝ նռնենիներ, խաղողի այգիներ, պտղատու այգիներ, 50 հազար հեկտար ցորենի դաշտեր ենք կորցրել՝ ցանած վիճակում։ Միայն մի տարվա արտադրանքը, մեր մոտավոր հաշվարկներով, կազմում է 120 միլիոն դոլար։ Այսինքն, այդքան կորուստ ենք ունեցել 1 տարվա համար, նաեւ անասունները, արոտավայրերը»,-Yerkir.am-ին ասաց Հրաչ Բերբերյանը։

Օրեր առաջ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ գյուղերում այլընտրանքային աշխատատեղեր են ստեղծվում։ Ինչի՞ մասին է խոսքը՝ առաջին հայացքից հասկանալի չէ, քանի որ գյուղի հիմնական գործը գյուղատնտեսությունն է։ Մինչդեռ այլընտրանքային աշխատանքն ամենեւին կապ չունի գյուղատնտեսությունը զարգացնելու հետ։«Ագրարագյուղացիական միավորում» կազմակերպության ղեկավար Հրաչ Բերբերյանը Yerkir.am-ին հայտնեց՝ պտղատու այգին դարձնում են լողավազան։։

«Արմավիրի Դաշտ գյուղի այլընտրանքային աշխատանքը ընդամենը ջրաշխարհ է՝ Էջմիածին-Աշտարակ ճանապարհի եզրին, որտեղ ժամանակին եղել են մոտ 30հա բարձր բերքատու ծիրանի այգիներ։ Դա գյուղատնտեսական հող էր, եւ եթե դու ուզում ես մշակման հող ունենաս, տասնյակ տարիներ են պետք, որ բերես այդ մակարդակին։ Եւ այսօր միանգամից բետոնի տակ տանել ջրաշխարհի՞ համար։ Էդ մարդը կոչվում է էկոնոմիկայի նախարա՞ր։ Էդտեղ լողանալու են, տուրիստական կենտրոն է լինելու, եթե չեմ սխալվում՝ 60 գյուղացի է ներգրավվելու շինարարական աշխատանքներին։ Այս իշխանությունը հոգեկան հիվանդների հավաքածու է»։

Այս տարի, նախորդ տարիների համեմատ, 10-15 տոկոս աճել են ցորենի ցանքատարածքները․ կարտոֆիլը դժվար մշակվող է, գյուղացին հրաժարվում է ցանել։ «Հացահատիկն էլ եկամտաբեր չէ․ եթե Շիրակում հողագործը 1 հեկտար գարուց լավագույն դեպքում 3 տոննա բերք պետք է ստանա, այդ գարին պետք է արժենա 200-250 դոլար, այսինքն՝ 3 տոննայի դիմաց 750 դոլար պիտի ստանա, կեսից ավելին իր ծախսերն են, մի հետկարը մի ընտանիք չի պահի․ 200-300 դոլար շահույթ է բերելու։ Նույնը՝ ցորենը»։

Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը փակեցին, անորոշ ու անհայտ սուբսիդիաների տակ մեծ շահույթներ են ունենում բանկերը՝ գյուղացիների փոխարեն։ 

«Գյուղացիների անվան տակ սուբսիդավորում են բանկերին եւ ներկրողներին։ Պետությունը մի փոքր էժանացնում է սերմացուի արժեքը, բայց թե ո՞վ է ներկրել, ինչի՞ է ներկրել, ո՞վ է ստուգում ներկրվածը։ Նույնը՝ ոչխարի արտադրության խթանումը․ մինչեւ 300 գլուխ սուբսիդավորում են դրսից ներկրելու համար։ Եթե պիտի դրսից ներկրեն, ո՞նց է կոչվում՝ ոչխարի գլխաքանակ է ավելացել։ Տգետ, անիմաստ մարդիկ են։ Փոխանակ ֆինանսավորվի ոչխարապահը, ոչխար ունեցողը, ֆինանսավորվում է ներկրողը։ Այսինքն առեւտրային կազմակերպությունը, որ բերում, Երեւանում կամ մարզերում ոչխար է վաճառում։ Էլ չասենք, որ ոչխարի լուրջ գլխաքանակ ենք կորցրել պատերազմից հետո՝ մոտ 150 հազար գլուխ»։

Բերբերյանը շեշտում է՝ այս իշխանությունը գյուղոլորտը մտածված քայքայեց․ նրանք նախընտրում են ապրանք ներկրել Թուրքիայից, Պակիստանից, քան օգնել հայ գյուղացուն՝ հողը պարարտ պահելու համար։ 

Մանրամասն՝ տեսանյութում