Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված Զորի Բալայանի հայտնի նամակը, կարծես, դադարեց ՀՀ հասարարակության կիզակետում լինել: Նամակի մասին, կարծես, մոռացել է հենց ինքը` Զորի Բալայանը: Հաշվի առնելով նամակի բարձրացրած մեծ աղմուկը եւ այն պարզ փաստը, որ, ի վերջո խոսքը, ԼՂՀ-ին է վերաբերում, նրա ժողովրդին, Yerkir.am-ի թղթակիցը մեծ աղմուկ բարձրացրած նամակի մասին հենց Արցախում խոսել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ:
- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս եք վերաբերվում առանձին անհատների կողմից օտար գերտերությունների ղեկավարներին բաց նամակներ հղելու երևույթին, մանավանդ որ` կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ նամակները գրվում են ամբողջ ժողովրդի անունից...
- Դուք ակնարկում եք Զորի Բալայանի` Պուտինին հղած բաց նամա՞կը: Զորի Բալայանը Արցախի հերոս է և ունի ոչ ստանդարտ մտածելակերպ: Ես իրեն շատ վաղուց եմ ճանաչում, կարծում եմ` նա խոշոր տրամաչափի մտածող է, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ նրա նամակը վերլուծելու` ճի՞շտ էր այն, թե՞ սխալ: Զորի Բալայանը 1988-1989թթ ոչ մեկի հետ չհամաձայնեցված հայտարարություններ էր անում, բայց այն ժամանակ ժողովուրդը դա ողջունում էր: Նրա նամակից հետո եղած քննարկումները ցույց են տալիս, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված կարծում է, որ Արցախը մինչև 1813թ. հարաբերական անկախ էր և հարկատու էր Պարսկաստանին, և ճիշտը դա է իմ կարծիքով: Մի ստվար զանգվածն էլ գտնում է, որ 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագիրը փրկեց Արցախի ճակատագիրը: Ամեն դեպքում, արձանագրենք փաստ, որ Զորի Բալայանը նամակ է գրել ՌԴ նախագահին, որը Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկի ղեկավարն է, ու անցնենք առաջ:
-Պարոն Թովմասյան, հնարավո՞ր է հասնել հայ ժողովրդի համար որևէ շոշափելի արդյունքի`օտար գերտերությունների ղեկավարների առջև վեր հանելով միմիայն հայ ժողովրդի պատմական անցյալը:
-Այն ժողովուրդը, որը մոռանում է իր անցյալը և սթափ չի գտնվում ներկա ժամանակներում, նա ապագա չունի: Շատ ժողովուրդներ են վերացել պատմության ասպարեզից, որոնք չեն կարողացել պահպանել իրենց պատմությունը: Ներկայումս բանակցային գործընթացը ինչպե՞ս պետք է տարվի. այն տարվում է իրավական դաշտում, որտեղ Արցախի անկախությունը չեն ցանկանում ճանաչել: Պատմաիրավական դաշտում կրկին շոշափելի արդյունքներ չկան: Հիմա ի՞նչ անենք, բանակցային գործընթացը ո՞ր ուղղությամբ տանենք: Հիմա չասե՞նք, որ Շահումյանն ու Գետաշենը դա դաշտավայրային Արցախն է:
-Զորի Բալայանի նամակը նաև ինդիկատորի ազդեցություն ունեցավ, երբ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արտահայտեցին իրենց դիրքորոշումը Արցախի հիմնահարցի հետ կապված` առ այն, որ իրենք տեսնում են Արցախը Ռուսաստանի կազմում:
- Ձեր նշած հասարակական-քաղաքական գործիչները մի որոշ ժամանակ էլ կխոսեն ու կլռեն: Փաստը նա է, որ բանակցային գործընթացը տարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո: Ի՞նչ է տվել դա մեզ: Եթե ոչ մի բան էլ տված չլինի, համենայն դեպս 1994թ մայիսի 10-ին, երբ Բիշկեկում ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, խաղաղությունը տարածաշրջանում պահպանվեց: Հարաբերական խաղաղությունը այն դրական բանն էր, որը հնարավորություն տվեց զարգանալու և' ՀՀ-ին, և' Արցախին և' Ադրբեջանին:
- Զորի Բալայանի բաց նամակն ավելի շատ աղերսագրի էր նման: Մի՞թե Ադրբեջանից հնչող սպառնալիքներից է ազդվել:
-Ես չգիտեմ` Հայաստանում ինչպես է, բայց արցախցուն ավելի շատ կարկուտն ու բնական աղետն է անհանգստացնում, քան պատերազմը և Իլհամ Ալիևի հայտարարությունները: Մեր ժողովուրդը զբաղվում է իր առօրյա հոգսերով: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները ներքին սպառման նյութ են: Ի՞նչ պետք է իր ժողովրդին ասի Իլհամ Ալիևը: Ադրբեջանի անցկացրած բոլոր տեսակի ընտրությունները միշտ էլ մի քանի քայլ հետ են եղել նախկինից, դա փաստում են միջազգային դիտորդները: Միջազգային հանրությունն էլ, ի վերջո, պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Մենք չունենք նավթ, բայց ունենք ժողովրդավարական ինստիտուտներ, Արցախում չկան քաղբանտարկյալներ, չկան հետապնդումներ: Ինքս երկու անգամ եղել եմ նախագահի թեկնածու, բայց երբեք ինձ վրա որևէ ճնշում չի եղել:
Զրուցեց` Մելանյա Մելքումյանը