Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են իտալացի փախուստի դիմած ձախակողմյան յոթ գրոհայինների, որոնք տասնամյակներ թաքնվում էին Իտալիայում ահաբեկչության մեղադրանքով դատապարտվելուց հետո, հայտնում է Reuters-ը:
Իտալիան վաղուց է ձգտում հասնել տասնյակ ձախ պարտիզանների արտահանձնմանը, որոնց ապաստան է տրամադրվել Ֆրանսիայում՝ պայմանով, որ նրանք հրաժարվեն 1960-1980-ականների բռնություններից: Այս ընթացքում հարյուրավոր մարդիկ են սպանվել ինչպես ծայրահեղ ձախ, այնպես էլ ծայրահեղ աջ խմբավորումների կողմից դաժան արշավների ընթացքում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ ձերբակալությունները հաջորդել են Իտալիայի եւ Ֆրանսիայի ամիսներ շարունակ ընթացող բանակցություններին:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ողջունել է Ֆրանսիայի գործողությունները: «Այդ բարբարոսական գործողությունների հիշողությունը վառ է իտալացիների գիտակցությաքն մեջ»,- ասվում է նրա վարչակազմի հայտարարության մեջ:
Մակրոնի խորհրդականն ասել է, որ այդ քայլը հնարավոր է դարձել Մակրոնի եւ Դրագիի միջեւ նոր «վստահության մթնոլորտի» շնորհիվ՝ Փարիզի եւ Հռոմի միջեւ տարիների լարվածությունից հետո:
Ձերբակալվածների թվում է Lotta Continua («Անընդհատ պայքար») խմբի համահիմնադիր Ջորջիո Պիետրոստեֆանին, որը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել 1972-ին Միլանի ոստիկանության կոմիսար Լուիջի Կալաբրեսիի սպանությանը մասնակցության համար:
Մնացած վեցը կարմիր բրիգադների անդամներ են, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել տարբեր սպանությունների ու առեւանգումների մասնակցելու համար, հայտնել է ոստիկանությունը:
Մակրոնի գրասենյակը հաղորդել է, որ ներկայումս հետախուզվում են եւս երեք իտալացիներ՝ հավելելով, որ Հռոմն ի սկզբանե տրամադրել էր հետախուզման մեջ գտնվող 200 անձանց անուններ: Փարիզի դատախազությունը հայտնել է, որ կքննարկի Իտալիայի ցանկացած արտահանձնման հայց: