Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած և Վրաստանում հայտնաբերված` ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր` 59-ամյա Սուրեն Գաբրիելյանը Վրաստանում սրտի վիրահատության է ենթարկվել և այժմ գտնվում է հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը` նշելով, որ այսօր կամ վաղը մեկնելու է Վրաստան` հանդիպելու համար իր պաշտպանյալի հետ:
Փաստաբանի խոսքով` Գաբրիելյանի առողջական վիճակը վատացել է հայ-վրացական սահմանը հատելուց հետո, և նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, այնուհետև կապ է հաստատել իր և հարազատների հետ, որից հետո մեր իրավապահների համար պարզ է դարձել նրա գտնվելու վայրը: Ըստ Ճարոյանի` իր պաշտպանյալը երբեք չի վախեցել պատժից, քանի որ վստահ է եղել, որ ինքն անմեղ է, և որ դա դատարանում կապացուցվի:
«Նա մայիսից համբերատար սպասում էր, որ ազատ կարձակվի: Երեք անգամ դատաբժշկական փորձաքննություն է անցկացվել, սակայն այդպես էլ ազատ չի արձակվել: Եվ ահա, ՀՀ-ում բոլոր հնարավոր տարբերակներով չկարողանալով արդյունքի հասնել, նման քայլի դիմեց: Բնականաբար, նրա համար ի՞նչ տարբերություն` որտեղ էր մահանալու` փախուստի մե՞ջ, մեկուսարանո՞ւմ, թե՞ հիվանդանոցում»,- ասաց փաստաբանը:
Հիշեցենք, որ կալանավորի հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»: Նշենք նաև, որ Սուրեն Գաբրիելյանին Վրաստանում պաշտպան է տրամադրվել:
Հարցին` արդյո՞ք Գաբրիելյանը Հայաստան վերադառնալու ցանկություն է հայտնել, պաշտպանը պատասխանեց, որ դեռևս անձամբ չի հանդիպել նրա հետ և չգիտի նրա կարծիքը: Իսկ այժմ համապատասխան փաստաթղթեր է պատրաստում նրա հիվանդությունների վերաբերյալ:
Երեկ մենք գրել էինք, որ կալանավորի արտահանձնումը կազմակերպելու համար մի քանի ամիս կպահանջվի: Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը նախատեսված է մինչև նոյեմբերի 5-ը:
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(առանձնապես խոշոր չափերով խարդախությունը), 190 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ և 3-րդ մասի, 1-ին կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելը):