Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 14-ին Կատալոնիայում նախագահական ընտրություններ են լինելու։ Կատալոնիայի Ձախակողմյան Հանրապետական կուսակցության թեկնածու Անա Բլասերանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում վստահեցրել է, որ իրենց կուսակցության հաղթանակի դեպքում անելու են ամեն ինչ, որ Կատալոնիայում հասնեն ինքնորոշման խնդրի լուծմանը, ինչը կարևոր է նաև Արցախի Հանրապետության համր։ Նա նաև ասել է, որ եթե հաղթեն՝ անելու են ամեն ինչ, որ Արցախի անկախությունը ճանաչվի։
- Ազգերի ինքնորոշման իրավունքի թեման որքանո՞վ է արդիական այսօր Եվրոպայում եւ աշխարհում:
- Աշխարհում այս պահին մենք տեսնում ենք, որ կան ինքնորոշման տարբեր պրոցեսներ, երկրներ, որոնք ուզում ենք անկախանալ՝ օրինակ, Քվեբեկը Կանադայից, Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից, Կատալոնիան Իսպանիայից։ Եվ այս ենթատեքստում Լեռնային Ղարաբաղը արդեն ձևավորված է որպես անկախ պետություն, բայց տեսնում ենք, որ աշխարհում դժվարություններ ունի իր անկախության ճանաչման հարցում։
Ցավոք սրտի, նման խնդիրները հաղթահարելու համար միջազգային մեխանիզմներ դեռևս չկան։ Երբ մի տարածաշրջանի մայր պետությունը չի ճանաչում ազգի ինքնորոշումը, մենք կանգնում ենք նման խնդրի առջև։
Միջազգայնորեն, կարծում եմ, որ պետք է մեխանիզմներ գտնենք, որ այս կարգի հարցերին լուծում տանք՝ լինեն միջազգային օրենքներ, որոնք թույլ կտան բանակցությունների միջոցով անկախության հանրաքվեներ կազմակերպել այն երկրներում, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ։ Այս ռեֆերենդումներւոմ ժողովուրդը պետք է ազատ արտահայտի իր կամքը, որոշի՝ ինչպիսին է ուզում լինի իր պետության ճակատագիրը։
- Ադրբեջանը պատերազմը օգտագործեց որպես հարցի լուծման տարբերակ: Ինչպե՞ս դա ընկալվեց Եվրոպայում:
- Մենք Կատալոնիայից հետևել ենք, թե ինչպես Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, ագրեսիվ ուժ կիրառեց Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ՝ հաշվի չառնելով և չհարգելով Արցախի ժողովրդի կամքը Արցախի՝ անկախ պետություն հռչակելու մասին։
Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան միջամտում է Արցախյան կոնֆլիկտին։ 1915 թ-ին էլ Թուրքիան իրագործեց Հայոց ցեղասպանությունը։ Կատալոնիայի Հանրապետական ձախ կուսակցությունը Իսպանիայի Կոնգրեսում 3 անգամ բարձրացրել է և պահանջել, որ Իսպանիայի Կոնգրեսը ճանաչի և դատապարտի Թուրքիային Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար։
Ցավոք, այս երեք առաջարկությունները չընդունվեցին, որովհետև Իսպանիայի Սոցիալիստական Կուսակցությունը կողմ չքվեարկեց։
- Որպես եվրոպական համայնքի ներկայացուցիչ՝ ինչպես եք պատկերացնում արցախյան հակամարտության կարգավորումը:
- Խնդրի վերջնական լուծումը տեղի կունենար, երբ Արցախը ունենար միջազգային ճանաչում և ճանաչվեր որպես անկախ պետություն։ Միջազգային ճանաչումը ավելի դժվարանում է՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։
Լուծումներից մեկը կարող է լինել ՆԱՏՕ-ի միջամտությունը, ևս մեկ անգամ հանրաքվեի կազմակերպումը, և դրա արդյունքում կիրառել ժողովրդի մեծամասնության ձայնը տարածաշրջանում և միջազգայնորեն ճանաչել Արցախի անկախությունը։
-Հնարավո՞ր եք համարում Արցախի եւ Կատալոնիայի միջեւ կապերի հաստատումը:
-Մենք մեր կուսակցության կողմից մի բանաձև ներկայացրինք Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքի խորհրդին, որտեղ կա նաև հզոր հայ համայնք, որում մենք առաջարկում էինք ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան։
Միայն ժողովուրդների միջազգային զորակցությամբ կարող ենք նմանատիպ հարցերը լուծել։ Եթե փետրվարի 14-ին մեր կուսակցությունը հաղթի նախագահական ընտրություններում, մենք անելու ենք ամեն ինչ, որ Կատալոնիայում հասնենք ինքնորոշման խնդրի լուծմանը, դա մեզ համար է շատ կարևոր, ինչպես նաև մենք կիսում ենք բոլոր այն ժողովուրդների հետ, որոնք ուզում են անկախանալ՝ կիրառելով ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքը։ Բնականաբար, մենք կանենք նաև ամեն ինչ, որ Արցախի անկախությունը ճանաչվի։
Ինչքան հզոր լինի մեր կուսակցությունը՝ Կատալոնիայի Ձախ Հանրապետական կուսակցությունը, այնքան ավելի ամուր կլինեն Կատալոնիայի և Արցախի Հանրապետության միջև փոխհարաբերությունները։
Աննա Բալյան