կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 18:43
Իրավական

Փախուստի դիմած կալանավորը համաներմամբ ազատ կարձակվեր, եթե...

Փախուստի դիմած կալանավորը համաներմամբ ազատ կարձակվեր, եթե...

Արդեն հայտնել ենք, որ այսօր իրավապահների և ՃՈ աշխատակիցների կողմից հայտնաբերվել եւ կրկին կալանավայր է տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած ամբաստանյալ` 21-ամյա Սերոբ Մխիթարյանը:

 

Նա մեղադրվում է 2009-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայի տներից մեկից խոշոր չափով ոսկեղեն հափշտակելու մեջ,  նախկինում երկու անգամ դատարապարտված է եղել, ընդ որում` վերջին պատիժը` 5 տարվա ազատազրկումը, կրել է «Շուշի» ՔԿՀ-ում: Սակայն ԼՂՀ-ում պատիժը կրելու ընթացքում բացահայտվել էր նրա իսկ մասնակցությամբ 2009-ին կատարված վերոհիշյալ գողության դեպքը և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն»:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մխիթարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի անդամ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իր պաշտպանյալի դեմ որևէ ապացույց չկար, ամբաստանյալը չէր ընդունում իրեն մեղսագրված հանցանքը, իսկ գործի ընթացքը վկայում էր, որ նա, ի վերջո, արդարացվելու է: Սակայն, թե ինչո՞վ էր պայմանավորված Էրեբունու դատարանից իր վստահորդի փախուստը, պաշտպանը նշել չկարողացավ:

 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված հանցագործությունը, որով մեղադրվում է այս կալանավորը (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) համաներում նախատեսող հոդվածներից է, սակայն այն չի կարող կիրառվել հիշյալ ամբաստանյալի նկատմամբ, քանի որ վերջինս դատարանից փախուստի է դիմել հոկտեմբերի 23-ին, իսկ համաներման ակտը տարածվում է մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կատարված հանցագործությունների վրա: Բացի այդ` Մխիթարյանի նկատմամբ մեկ անգամ արդեն համաներում կիրառվել է:

 

Փաստորեն, փախուստի համար Մխիթարյանին սպասվում է մինչև 3 տարի ազատազրկում: