կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 12:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը հակահայկականության առանցքի շուրջ փորձում է պահպանել ներսում իր լեգիտիմությունը․ Էդգար Էլբակյան

Թուրքիան մեծացրել է ներկայությունն Ադրբեջանում տնտեսական, ռազմական, կրոնական, քաղաքական առումներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ընթացքում։

Նա արձանագրեց, որ Թուրքիան երկրորդ առևտրային գործընկերն է Ադրբեջանի և՛ արտահանման, և ներկրման առումով։ Ընդ որում, օտարերկրյա ուղղակի  ներդրումներով դարձյալ երկրորդն է, զիջում է միայն Մեծ Բրիտանիային, որը շեղում է, քանի որ Բրիտիշ պետրոլյումը իր դերը խաղում է ցուցանիշներում։

Թուրքիայի արտահանումը 5 անգամ գերազանցում է Ադրբեջանի արտահանմանը Թուրքիա, ինչը հօգուտ Ադրբեջանի չէ, նշեց Էդգար Էլբակյանը, բայց կա  մի բան, որը հօգուտ Ադրբեջանի է՝ այն, որ Թուրքիայի ներդրումները գերազանցապես արվում են ո՛չ նավթային սեկտորում, որ Ադրբեջանի տնտեսությունը նավթից կախված չլինի․ սննդի արդյունաբերություն, տեքստիլ, ֆինանսներ, բանկային ոլորտ, արդյունաբերություն, տրանսպարտ և այլն։ Այսինքն, մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստեղծում ավելի երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի զարգացման համար։

2020 թ-ի փետրվարի 25-ին կնքվեց արտոնյալ առևտրի համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև։

«Սա շատ կարևոր բան է, որովհետև մինչ այդ թուրքական ապրանքները շատ լուրջ մրցակցության մեջ էին ԱՊՀ-ի ապրանքների հետ։ Սա մաքսային նվազեցման կամ վերացման մասին է․ թուրքական և ադրբեջանակն որոշ ապրանքներ միմյանց երկրներ գնում են ավելի էժան։ Հուլիսի 1-ին մտավ ուժի մեջ․ սա պատերազմի տարին էր և մենք ֆիքսում ենք դինամիկան Թուրքիայի ծավալման դեպի Ադրբեջան»,-նշեց Էդգար Էլբակյանը։

Կրոնի դաշտում նույնպես ադրբեջանում վակում էր ստեղծվել հետխորհրդային տարիների և դա լցրեց Թուրքիան՝ դուրս մղելով Իրանի փորձերը սեփական կրոնը և քաղաքականությունը տարածելու։ Թուրքիան ռազմական ներկայությունը Ադրբեջանում ակնհայտ էր պատերազմի օրերին։

Պատերազմից հետո Ադրրբեջանում ստեղծվեց իմաստի վակում՝ նշեց փորձագետը․ այդ էթնոսի ամբողջ խնդիրը կառուցված էր հայատյացության վրա, և անհասկանալի էր, թե ինչո՞վ է դա լցվելու՝ հատկապես հաշվի առնելով, որ հիմա պայքար է գնում ադրբեջանական ժառանգության համար մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Թուրքիայի միջև։

«Հասկանալի է, որ Թուրքիան շատ է ներխուժել Հարավային Կովկաս և սա չի կարող խնդիր չլինել Ադրբեջանի համար, և նրանք պետք է փորձեն բալանսավորել Ռուսաստանի միջոցով, քանի որ թուրքական ներկայությունը նշանակում է Ռուսաստանին դուրս մղող ներկայություն»ասաց Էդգար Էլբակյանը։

Ամփոփելով ասվածը՝ փորձագետը եզրակացրեց, որ Իլհամ Ալիևը այս հարցի շատ հեշտ լուծում է գտել․ շարունակում է հայատյացությունը խթանել և հակահայկականության առանցքի շուրջ փորձել պահպանել ներսում իր լեգիտիմությունը, որովհետև հասկանալի է՝ եթե դրսից իրեն անընդհատ խփեն, նա ներսում աջակցության կարիք է ունենալու։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․