կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-14 12:44
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահին անգործության է մատնված․ Էդգար Էլբակյան

Ցավոք, մենք ականատես ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս պահին անգործության է մատնված՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ նոյեմբերից սկսած բանակցություններ ընթացել են, ադրբեջանական կողմը շատ ինտենսիվ է դրանք վարել ռուսական կողմի հետ, որն այս պահին փաստացի միակ միջնորդն է։ Պուտինն, իհարկե, զուտ արարողակարգային առումով հիշատակեց, որ այս սկզբունքները ժամանակին համաձայնեցված են եղել ՄԽ հետ, բայց, ըստ քաղաքագետի, փաստացի միակ միջնորդը Ռուսաստանն է, ում հետ մենք ինտենսիվ չենք աշխատել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

«Բուն հանդիպման մասին գուշակություններ չեմ կարող անել, չգիտեմ 4 ժամ ինչ են խոսել, կարող եմ գնահատականներ տալ․ ես, անկեղծորեն, զարմացա, որ ՀՀ ղեկավարը կարողացավ ասել, որ հարցը մենք չենք համարում ավարտված և ստատուսի խնդիրը առաջ քաշվեց։ Գիտեք, կարելի է ասել, որ մի բան պիտի ասեր, բայց սա ասելու համար, որովհետև սա իրականում հայանպաստ բան էր, քաղաքական քաջություն էր պետք ու ստացվեց․ փաստացի մեկը երկուսի դիմաց էր՝ նրանցից մեկն ասում էր՝ դե հուսանք անցյալում կմնա, այն մյուսն ասում էր՝ արդեն անցյալում է, մերն ասաց՝ չէ»,-նկատեց Էդգար Էլբակյանը։

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ ստորագրեց այն, ինչ ստորագրեց, հատկապես որ ռազմագերիների ու պահվող անձանց հարցը կարգավորված չէ․ ըստ Էդգար Էլբակյանի՝ պատճառն այն է, որ , ցավոք սրտի, Հայաստանը ենթարկվել է կապիտուլյացիայի։

«Իհարկե, դա տիպիկ կապիտուլյացիա չէ, հայկական բանակը չի ցրվել, թեև հարց է՝ ինչպես է ՊԲ ԶՈՒ-ն համալրվելու, կիսացրված վիճակում է, բայց  կապիտուլացված երկրի ղեկավարից ակնկալել, որ կարող էր ինչ-որ բան չստորագրել, մի քիչ լուրջ չէ։ Հայտարարությունը ինքը կարողացավ անել, բայց չստորագրել, իհարկե, չէր կարող, որովհետև այդպիսին է իրավիճակը։ Եթե լիներ անվերապահ կապիտուլյացիա, որևէ տեքստ էլ չէր ասի»,-նկատեց քաղաքագետը։

Էդգար Էլբակյանի կանխատեսմամբ՝ շարունակվելու են բանակցությունները, որովհետև առնվազն գերիների հարցը փակված չէ։

«Բայց ես չունեմ վստահություն, որ մեր իշխանությունների տեքստերի բովանդակությունը կպահպանվի, եթե բոլոր գերիները վերադարձվեն։ Եթե նայում ենք մեր իշխող թիմի հռետորաբանությանը նախկինում, այդպիսի հայտարարություններ հնչում են, երբ հասարակական պահանջ է լինում, հետո կարող են թեման փակել, ասել՝ հա, Արցախի հարցը փակված է»,-նշեց Էդգար Էլբակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․