կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 16:00
Քաղաքական

Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ. ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

Այսօր «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով հակասահմանադրական էր  ճանաչվել ԱԺ արձակման գործընթացը, և ՀՅԴ-ական գործիչների մեկնաբանությանը, թե իշխանությունը փորձել է ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, իրեն թույլ էր տվել՝ ասելու, թե դաշնակցականները «գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված»:

Այսօրվա ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, ընդամենը տիկին Նազարյանին խորհուրդ կտամ` իրեն վեր չդասի ՍԴ-ի որոշումներից, կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը երկրի տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»:

Հարցին՝ չկա՞ վտանգ, որ, խորհրդարանում չհայտնվելով, Դաշնակցությունը կկորցնի դիրքերը, նա պատասխանեց, որ անցած չորս ամիսների իրենց գործունեությունը, բնավ, դա չի հուշում: «Այդ վտանգը Դաշնակցությանը չի սպառնում: ՀՀ-ում ավանդույթ է, որ եթե որևէ կուսակցություն խորհրդարան չի մտնում, գնում է լուծարման ճանապարհով: Մենք այդ խնդիրը չունենք, որովհետև մեր ստեղծման և գործունեության նպատակը իշխանության գալն ու խորհրդարան մտնելը չէ, մենք ունենք առաջնային ազգային օրակարգ, որի համար աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Այսօր ՀՀ-ի 500 համայնքում ունենք կուսակցական բջիջներ, բոլոր քաղաքներում ունենք գրասենյակներ, որոնք բաց են, այն դեպքում, երբ ընտրություններից հետո, սովորաբար, բոլորի գրասենյակները փակվում են, իսկ մերը բաց են, և առաջիկայում ավելի մեծ հզորություն ենք տալու մեր գրասենյակներին, կուսակցությունն իր ամբողջ ծավալով աշխատում է: Ստեղծել ենք մասնագիտական 11 խումբ, որոնք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են պահում կառավարության գործունեության ծրագիրը: Ի դեպ, Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն էր, որ կառավարության գործունեության վերաբերյալ 33 էջանոց` բոլոր ոլորտներին վերաբերող փաստաթուղթ պատրաստեց, ինչպես նաև՝ կառավարության կառուցվածքի վերաբերյալ: Դժբախտաբար, այսօր մեր երկրում շատերը, և, ցավոք, հանրության մեծամասնությունը պատրաստ չեն լսել վերլուծական, փաստավորված և հիմնավորված միտք: Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ, իսկ տեսարան իշխանությունն ապահովում է` որքան ուզեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը: