կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 12:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ-ն մեծ առաքելություն ունի և՛ որպես կուսակցություն, և՛ որպես ազգային ուժ. Էդգար Էլբակյան

Դաշնակցությանը երկու հայեցակետից կարելի է նայել՝ ուղղակի որպես քաղաքական ուժ, որը գրանցված է Արդարադատության նախարարությունում ինչպես մյուս բոլոր կուսակցությունները, և որպես ազգային ուժ՝ ավելի լայն իմաստով․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը, որը մասնակցում էր ՀՅԴ հիմնադրման 131-ամյակի միջոցառմանը Երևանի «Դվին հոլլ» համալիրում։

«Այս երկու տեսանկյունից էլ այսօր Դաշնակցությունն իրականում կարևոր առաքելություն ունի և՛ որպես պարզապես կուսակցություն, որն ընդդիմադիր կեցվածք ունի տարվող ուղեգծին, և՛ նաև որպես ազգային ուժ։ Դաշնակցությունը նոր չէ, որ պիտի իր այդպիսին լինելն ապացուցի․ եթե միայն 1991-ից վերցնենք՝ Արցախյան առաջին պատերազմ, Ապրիլյան պատերազմ, վերջին պատերազմ։ Վերջին պատերազմում տեղեր կային՝ կանոնավոր ստորաբաժանումները նահանջում էին, Դաշնակցության ռեզերվային գումարտակն էր ռազմաճակատը պահում։ Հետևաբար նաև այս իմաստով Դաշնակցությունը որպես կենդանի օրինակ, որպես 21-րդ դարում ազգային լինելու և դրանից չերկնչելու, զոհաբերության պատրաստ լինելու մոդել, նույնպես շատ կարևոր է»,-ասաց Էդգար Էլբակյանը։

Նա փաստեց, որ երկար պատմություն ունենալը նաև պահպանողական լինելու մեծ ծանրություն է դնում կուսակցության վրա, որովհետև չես կարող այսպահային քամիներին տրվել։

Դաշնակցությունը նաև հերոսներ և իդեալներ կերտող կուսակցություն է։ Էդգար Էլբակյանը համարում է, որ առանց իդեալներ մարմնավորողների և առանց մեծ նպատակի ոչ մի ասպետություն գոյություն ունենալ չի կարող։

«Այն աննորմալ վիճակը, որն այսօր աշխարհում կա, այսինքն կան բազմաթիվ պետություններ, որոնք ժամանակին հիմնվել են այդ բոլոր արժեքներով, իսկ այսօր ուղղակի անդեմ զանգված են և հաճախ մեկը մյուսից հնարավոր չէ տարբերել, սա երկար չի տևելու, սա օրինաչափության հակասություն է, որն ինչ-որ մի օր հերքվելու է։ Դաշնակցությունը կերտում է իդեալներ, որովհետև փիլիսոփայական իմաստով մարմնացումն է հայության պայքարի սեփական ազգային քաղաքական իրավունքների համար»,-ասաց նա։

Էդգար Էլբակյանը պատահական չհամարեց, որ մեր թշնամիները շատ հաճախ «դաշնակ» բառը կիրառում են ուղղակի որպես «հայ»-ի հոմանիշ։  

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․