կարևոր
2908 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-11 17:59
Քաղաքական

«Հայաստանի, Սփյուռքի և Կ․Պոլսի հայերը նախ պետք է ընդունեն կրոնափոխ հայության հայ լինելու հանգամանքը»․ Օհաննես Օհանյան

«Հայաստանի, Սփյուռքի և Կ․Պոլսի հայերը նախ պետք է ընդունեն կրոնափոխ հայության հայ լինելու հանգամանքը»․ Օհաննես Օհանյան

Երեկ՝ օգոստոսի 10-ին, Արևմտահայաստանի և արևմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնը հյուրընկալել էր Տիգրանակերտի (Դիարբեքիրի) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհաննես Օհանյանին (Գաֆուր Թյուրքային)։ Akunq.net-ը հայտնում է, որ Օհաննես Օհանյանը հանդես է եկել բանախոսությամբ Տիգրանակերտի (Դիարբեքիր) ներկայիս հայության խնդիրների շուրջ։ 

Աղբյուրի համաձայն՝ բանախոսը նախ անդրադարձել է Դիարբեքիրի հայության պատմությանը՝  Հայոց ցեղասպանության ընթացքում և դրանից անմիջապես հետո։ Նա շեշտել է, որ Դիարբեքիրն Արևմտյան Հայաստանի այն շրջանն էր, որտեղ Հայոց ցեղասպանությունն իրագործվել էր ամենաբիրտ միջոցներով։ Տվյալ ժամանակաշրջանում այստեղի նահանգապետ Մեհմեդ Ռեշիդը, լինելով Միություն և առաջադիմություն կուսակցության մոլի հետևորդներից մեկը և շատ անգութ անձնավորություն, սպանել կամ աքսորել էր տվել այստեղի գրեթե ամբողջ հայությանը։

Ըստ բանախոսի՝ երբ Տիգրանակերտը գրեթե ամբողջությամբ դատարկվել էր հայերից, այստեղի գլխավոր հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, անտերության էր մատնվել և սկսել ավիրվել՝ ի վերջո վերածվելով ավերակների։

Օհաննես Օհանյանը շեշտել է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում Դիարբեքիրում մնացած հայության մնացորդացն էլ հետզհետե անհետացել էր՝ տարբեր ժամանակաշրջաներում դիմելով գաղթերի։ Նա ընդգծել է, որ հայերի արտագաղթերը հատկապես սաստկանում էին այն ժամանակ, երբ փոքրամասնությունների դեմ որևէ շարժում կամ գործողություն էր մեկնարկում, իսկ նման դեպքերի թիվը շատ մեծ է եղել Թուրքիայի պատմության մեջ։

Այսպես, Դիարբեքիրից հայերի արտագաղթեր են գրանցվել 1942 թ․ Ունեցվածքի հարկի գործադրման, 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմների, ինչպես նաև՝ 1964 թ․ Ստամբուլից հույների արտաքսման, 1974 թ․ Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման օրերին և այլ իրադարձությունների ժամանակ։ Նմանօրինակ դեպքերի ընթացքում, որպես կանոն, սաստկանում էր թուրք և քուրդ մուսուլմանների կողմից տեղի քրիստոնյաների, մասնավորապես հայերի հանդեպ բացասական վերաբերմունքը։

Բանախոսը նաև անդրադարձել է Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման թեմային՝ հայտնելով, որ տասնամյակներ շարունակ անտեր թողնված պաշտամունքի այս վայրը վերանորոգելու գաղափարը ծագել էր 2000-ական թվականներին։ Ի վերջո, 2008 թ․ ինքը և ևս մի քանի հոգի քննարկել են եկեղեցին վերականգնելու հեռանկարը։

Այդ ընթացքում նրանց հակադրվել էին, թե Դիարբեքիրում գրեթե չկան քրիստոնյա հայեր, և որ եկեղեցու վերանորոգումն ու վերաբացումն անիմաստ էր լինելու։ Սակայն իրենք կարողացել են փարատել այդ անվստահությունը, հայության ջանքերով վերականգնել Սուրբ Կիրակոսը և 2011 թ․ վերաբացել այն։ Սուրբ Կիրակոսի վերականգնման համար անհրաժեշտ գումարի 4/5-րդ մասը հատկացրել էին հայերը, իսկ 1/5-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Սուրբ Կիրակոսի վերաբացումը հսկայական նշանակություն ունեցավ Դիարբեքիրի հայության վերազարթոնքի, ինքնությանը վերադառնալու և հայկական արմատներով հետաքրքրվելու առումներով։ Այստեղ մինչև իսկ կազմակերպվեցին արևմտահայերենի դասընթացներ, որոնց մասնակցեցին 8-60 տարեկան հայեր։ Դասընթացների մասնակիցներին 2 անգամ՝ 2014 և 2015 թթ․ հնարավորություն ընձեռնվեց մասնակցելու ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին։

Օհաննես Օհանյանը հիշեցրել է, որ 2015 թ․ Դիարբեքիրում սկսած թուրք-քրդական բախումների հետևանքով մեծապես տուժել էին նաև Սուր շրջանի Գյավուր թաղը և Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Բնակիչների մուտքը այդ թաղամաս և եկեղեցի արգելված էր։ Ի վերջո, երբ թուրք-քրդական հակամարտությունը մեղմվեց, Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավարները դիմեցին Թուրքիայի իշխանություններին՝ բախումներից վնասված եկեղեցին վերանորոգելու համար գումար տրամադրելու խնդրանքով։ Թուրքական կառավարությունը բավարարեց այդ խնդրանքը, և վերստին նորոգված Սուրբ Կիրակոսը վերաբացվեց 2022 թ․ մայիսին։ Այստեղ վերսկսեցին նաև կրոնական արարողությունները՝ պսակադրություն, մկրտություն, պատարագ և այլն։ Ըստ Օհաննես Օհանյանի՝ մեկ տարվա մեջ այստեղ մկրտվել է 10 հայ։ Եթե մինչև Սուրբ Կիրակոսի՝ 2011 թ․ վերաբացումը Դիարբեքիրում 1 քրիստոնյա հայ էր մնացել, ապա եկեղեցու գործել սկսելուց հետո այստեղի քրիստոնյա հայերի թիվն աճել է՝ հասնելով տասնյակների։

Բանախոսը նաև անդրադարձել է Թուրքիայի իսլամացված հայերի, հատկապես Դիարբեքիրի հայության հանդիպած խնդիրներին՝ ինքնությանը վերադառնալու գործընթացում։ Նա շեշտել է, որ այս գործընթացում անչափ կարևոր է Հայաստանի, Սփյուռքի և Կ․Պոլսի հայերի վերաբերմունքը, քանի որ շատ դեպքերում կրոնափոխ հայերը որպես հայ չեն ընդունվում նրանց կողմից։ Ըստ բանախոսի՝ նրբանկատ վերաբերմունքով շաղախված երկխոսության դեպքում հնարավոր է էական առաջընթաց արձանագրել կրոնափոխ հայության՝ արմատներին վերադառնալու գործընթացում։

Վերջում Օհաննես Օհանյանը մանրամասն պատասխանել է հնչած բոլոր հարցերին։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցու վերականգնմանը։ Նա հայտնել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին ևս պատկանում է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամին, և իրենք աշխատանքներ են իրականացնում ոչ միայն եկեղեցին, այլ նաև՝ դրա շուրջ կառույցներ բացելու և վերանորոգելու ուղղությամբ։ Հայկական հիմնադրամը ցանկանում է Սուրբ Սարգիս եկեղեցուն կից ունենալ նաև քահանայատուն, հյուրատուն և այլ շինություններ։

Մելինե Անումյան

Akunq.net