Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
44-օրյա պատերազմի պարտությունը վերջնականապես ջրի երես հանեց 100 տարի թաքնված այն իրողությունը, որ Հայաստանի հայերը երկու քաղաքական ազգ են, իսկ եթե Հայաստանի հետ ավանդական Սփյուռքն էլ ընդգրկենք, ապա հայերը կբաժանվեն երեք քաղաքական ազգերի։
Առաջին՝ 29-ականներ կամ լոկալ ազգայնականներ, որոնց համար հայրենիքը Սովետական Հայաստանի 29 հազար ք․ կմ տարածքի սահմաններից այն կողմ չի անցնում, իսկ հայրենակիցներն էլ միայն նրանք են, ովքեր ճանաչում են, որպես հայրենիք, միայն այդ 29֊ը։ Բոլոր այն ազգային ծրագրերը, որոնց մեջ ներառվում են Սփյուռքի, Արցախի կամ Վրաստանի ու Աբխազիայի հայության նպատակները՝ Արցախի անկախություն, Հայ Դատ, Ջավախքի և Աբխազիայի հայության իրավունքներ, 29֊ականները մերժում են, համարում են, որ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, իսկ նրանց ներկայացուցիչներին պիտակավորում՝ ախպար, նարինջ ուտողներ, ոչմիթիզականներ, ղարաբաղցի տականքներ և այլն։
Նրանց առավել գրագետ գաղափարախոսները, ազգայնականության արևմտյան տեսություններից թխելով ազգայնականության ուղղություններ, իրենց նույնացնում են իբր ազգայնականության «առաջադեմ» մոդելին՝ ֆրանսիական ազգայնականությանը, ըստ որի՝ ազգը պետականության մեջ է միայն, և որտեղ ազգային պատկանելությունը և քաղաքացիությունը նույնանում են, իսկ այդ շրջանակից դուրս հայրենակիցներ կամ ազգակիցներ չկան։
Մի էթնոսի մեջ տարբեր քաղաքական ազգերի ներկայության մեկ այլ օրինակ են ուկրաինացիները, որ ներկայացնում են երկու քաղաքական ազգ, որոնց հակամարտությունը, ի վերջո, հանգեցրեց քաղաքացիական պատերազմի։
Երկրորդը Արցախ֊Հայաստան միասնականներն են, որոնց հայրենիքը Արցախն ու Հայաստանն է, հայկական երկու պետականությունները միմյանց լրացնող ու միմյանց թիկունք կանգնող, որ Հայաստանը պարտավոր է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և միջազգային ասպարեզում նրա ինքնորոշման գաղափարն առաջ տանողը։ Նրանք Սփյուռքի հետ հարաբերությունները ոչ թե սահմանափակում են՝ միայն Սփյուռքից նյութական օժանդակություն ստանալով, այլև առաջ են տանում Սփյուռքի քաղաքական պահանջները՝ Ցեղասպանության ճանաչումն ու փոխհատուցումը։
Երրորդը ավանդական Սփյուռքն է, 1915 թվի Ցեղասպանությունը վերապրողները, որոնց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը՝ իր ժողովրդով և մշակույթով, բնաջնջվել է, և նրա քաղաքական նպատակը վերադարձն է իր կորսված Հայրենիք, իսկ եթե վերադարձն անհնարին է, ապա Սփյուռքը որպես ինքնիշխան աշխարհ ձևավորելը։
29-ականներ կամ լոկալ ազգայնականներ
29-ականների գաղափարախոսության հիմքը սկսեց ձևավորվել 1918֊ին ստեղծված Հայաստանի պետականությամբ, ամրապնդվեց Խորհրդային Հայաստանով և քաղաքական հոսանքի վերածվեց 1991֊ից հետո՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծմամբ։
Դեռևս 1918-1920 թվերին արդեն ստեղծվում է հայաստանցու լոկալ ազգայնական մի հանրույթ, որը, որպես օտար, մերժում էր ցեղասպանություն վերապրած հայրենակից գաղթականներին և հակասությունների մեջ մտնում արևմտահայերի հետ։
1920֊ականներին գաղթականների նկատմամբ հայաստանցիների թշնամական վերաբերմունքի մասին պատմում էին տարեց գաղթականները։ Ապա հեգնական, երբեմն թշնամական վերաբերմունքի արժանացան 1946֊ից հետո ներգաղթյալները։ Նրանց կնքեցին ախպար հեգնական պիտակով (մի սովետական պաշտոնյայից եմ լսել՝ «շունս ախպար լիներ, պոչը կկտրեի»)։
1990֊ականներին էլ մերժողական վերաբերմունքի արժանացան Ադրբեջանից տեղահանված փախստականները, նրանց ասում էին՝ թուրք, հետևներիցդ կարմիր խնձո՞ր էինք ուղարկել, որ եկել եք, և այլն։ Իշխանությունները ոչինչ չարեցին կանխելու համար այս ներազգային թշնամանքը։ Բազմաթիվ փախստականներ այդպես էլ նորմալ կացարան չստացան, ապրեցին աղքատության մեջ՝ հանրակացարանների նեղլիկ սենյակներում, ովքեր կարողացան, հեռացան երկրից: Հայաստան եկած 400 հազար փախստականներից 2000-ականներին մնացել էր մոտ 70 հազարը։
***
Խորհրդային Հայաստանի կողմից ազգը երկու մասի ճեղքելու քաղաքական ակտն է 1921 թվականի ուղղագրության փոփոխությունը, որով մաշտոցյան ուղղագրությունը վերափոխվեց սովետականի։
Ճեղքը խորանում է ստալինիզմի ժամանակ, երբ նրանք, ովքեր հիշատակում էին Ցեղասպանությունը և կորցրած հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, որակվում էին նացիոնալիստ և բռնադատվում: Այդպես Ակսել Բակունցին մահապատժի ենթարկելու պատճառների մեջ գլխավորը նրա «Ծիրանի փող» պատմվածքն էր։
Խրուշչովյան բարեփոխումներն արթնացրին սովետական ժողովուրդների ազգայնական զգացումները, բայց շատ տարբեր դրսևորումներով. Մերձբալթյան, Վրաստանի, մասամբ նաև Ուկրաինայի ժողովուրդների մեջ արթնացավ անկախ պետականություն ստեղծելու ձգտումը, իսկ Հայաստանում՝ կորցրած հայրենիքի հիշողությունը, Եղեռնի ողբերգության փոխհատուցման պահանջը և Արցախն ու Նախիջևանը Հայաստանին վերամիավորելու ձգտումը։
Իհարկե, առաջացան նաև Հայաստանի անկախության գաղափարի գործիչներ, սակայն նրանք մնացին մարգինալ՝ որպես մի աղանդ. 1915 թվականի աղետը այնպիսի վերք էր բացել, որ ազգային գլխավոր նպատակ էր դարձնում զոհերի հիշատակի վերականգնումը և Հայ դատը՝ Ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության և ոճրագործության ժառանգ Թուրքիայի կողմից։ Իսկ անկախությունը երկրորդական պլան էր մղվում, նույնիսկ մտավորական լայն շրջանակները խորհրդային կազմից Հայաստանի դուրս գալը վտանգավոր էին համարում, քանի որ անմիջապես կհայտնվեին Թուրքիայի սպառնալիքի տակ։
60-ականների ազգային ալիքը հայության տարբեր շերտեր միավորում է, որն էլ, ի վերջո, հանգեցրեց Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու՝ 1988 թվականի համաժողովրդական շարժմանը։
Ղարաբաղ կոմիտեի մի շարք անդամներ՝ Վազգեն Մանուկյանը, Լևոն Տեր֊Պետրոսյանը, Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, 60֊ականների շարժումների մասնակիցներն էին և բոլորը՝ արևմտահայերի զավակներ։ Նրանք 88֊ի շարժման անունը կնքեցին Հայոց համազգային շարժում, այսինքն՝ մի շարժում, որը հայ ժողովրդին միավորում է մի միասնական քաղաքական ազգի մեջ։ Հենց 60-ականների ոգեշնչումն էլ բերեց ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակը։
***
Ղարաբաղի վերամիավորման գաղափարով իշխանության եկած ՀՀՇ֊ն չդիմացա՞վ անկախության առաջին տարիների տնտեսական ճգնաժամի, պատերազմի առաջին շրջանում պարտությունների փորձությանը, թե՞, ներծծված լինելով ազատական գաղափարով, որտեղ անձնական շահն է գերակայում, արթնացրեց իր մեջ 29֊ական քաղաքական ազգը, լոկալ ազգայնականությունը, որ հարևանների ագրեսիան դադարեցնելու ու նրանց հետ հաշտվելու խաթեր հետզհետե սկսեց հրաժարվել Արցախի ազատագրության գաղափարից։
1988֊ին «Պայքար, պայքար մինչև վերջ» ու «Քանի Արցախը դուրս չի եկել Ադրբեջանի կազմից, մեր պայքարը շարունակվելու է» կոչերով զանգվածներին ոգևորող նախագահ դարձած Լևոն Տեր֊Պետրոսյանը 1992֊ի մարտի 5֊ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում. « Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:
Հետագայում Հայաստանի իշխանության տերպետրոսյանական թևը բանակցությունները տարավ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու կանխադրույթով, որն արտահայտված է Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածով և 1997֊ին առաջարկված փուլային տարբերակով, որով տարածքներն հանձնվում էին, որից հետո քննարկվում էր Արցախի կարգավիճակը։ Ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
Տեր֊Պետրոսյանին գցելուց հետո՝ 1998֊ից հետո, Հայաստանը զարգանում էր, աղքատությունը երկու անգամ կրճատվեց, ՀՆԱ֊ն 6 անգամ աճեց, փակ սահմաններով Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջ էր անցնում բաց սահմաններով և ծովային երկիր Վրաստանից, արտագաղթը կանգ առավ, բայց Տեր֊Պետրոսյանը փչացած ձայնապնակի պես կամ որպես ագռավի կռկռոց կրկնում էր, թե Հայաստանը, առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու, հեռանկար չունի. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» (2010, ՀՀՇ համագումարի ելույթ)։
ՀՀՇ-ական իշխանությունը Թուրքիայի հետ մերձենալու հույսով հրաժարվեց նաև Ցեղասպանության ճանաչումը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականություն։ Սակայն մերձեցման չարժանացավ։
Մոռացվեց, թե ինչպես է բացվում ՀՀՇ հապավումը, հիմա արդեն զավեշտալի է դառնում այն բացելը՝ Հայոց համազգային շարժում, քանի որ վերածվել էր 29 հազար ք․ կմ սահմանների շահերից դուրս որևէ հայրենակցի նկատմամբ ապրումակցումից զուրկ խմբավորման։
Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը ասում էր, որ 1992-1993 թվերի աբխազա֊վրացական պատերազմի ժամանակ բոլոր փոքրամասնությունները իրենց հայրենակից երկրներից օգնություն էին ստանում, նույնիսկ էստոնական համայնքը Էստոնիայից նավով օգնություն ստացավ, և միայն հայ համայնքը որևէ օգնություն, նույնիսկ մի գրիչ չստացավ Հայաստանից։
Բայց ոչ միայն Աբխազիայի և այլ համայնքներն էին զրկվել Հայաստանի աջակցությունից, նաև երկրի, այդ 29֊ի ներսի բնակչության ստվար մասն աղքատության էր մատնվել, 29֊ի գաղափարախոսությունը ծառայեցվում էր միայն սեկտայի վերածված ՀՀՇ֊ի ու իշխանական կլանների շահերին։
1990֊ից հետո որևէ մեկը չէր բացում ՀՀՇ հապավումը, օրինակ՝ եթե Հայ Յեղափոխական Դաշնակցությանն անվանում էին Դաշնակցություն կամ հապավումով ՀՅԴ, ապա ՀՀՇ֊ին միայն հապավումով էին անվանում։
Համազգային բառից ազատվելու համար էլ, ի վերջո, Տեր֊Պետրոսյանը փակեց ՀՀՇ֊ն ու տեղը ստեղծեց ՀԱԿ֊ը՝ Հայ ազգային կոնգրեսը։
***
Ինչպես ցույց է տալիս վերջին 30 տարիների պատմությունը, այս երեք քաղաքական ազգերից ամենաանհանդուրժողը հայրենակիցների նկատմամբ 29֊ականներն են։
ՀՀՇ֊ն իր իշխանության հենց առաջին տարիներին սկսեց մերժել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իր հետ հակասության մեջ էին։ Առաջին հարվածը ստացավ Դաշնակցությունը․ 1992 թվականին Հայաստանից արտաքսվեց Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանը, իսկ 1994֊ին էլ Դաշնակցությունը փակվեց՝ իր պարբերականների հետ։ Հետո էլ՝ 1996֊ի հետընտրական ցնցումների ժամանակ, բանտերում խոշտանգում էին ընդդիմադիր գործիչներին։
Տեր֊Պետրոսյանի նախագահության շրջանը հիշվում է որպես ցուրտ ու մութ տարիներ՝ և՛ բառի բուն իմաստով, և՛ խորհդանշական, քանի որ Հայաստանի 30-ամյա պատմության ամենադաժան տարիներն էին։
Ըստ 1996 թվի ՄԱԿ-ի տվյալների՝ 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը՝ վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ (Էդիկ Մինասյան «Հայոց նորագույն պատմության քառորդ դարը»):
ԱՄՆ Մերիլանդի համալսարանի գիտնականների խմբի մշակած polity index գրաֆիկում երևում է ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը Հայաստանում անկախության 24 տարիներին՝ մինչև 2013թ.։ Հետազոտությունը ներառում է աշխարհի բոլոր երկրները, ուր մի ծայրում -10-ն է` ամենաբռնատիրականը, որ ունի, օրինակ, Հյուսիսային Կորեան, մյուս ծայրում +10-ն է` ամենաժողովրդավարականը, որտեղ Շվեյցարիան է։ Հայաստանը անկախանալուց կարճ ժամանակ անց՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, կտրուկ անկում է ապրել մինչև -6՝ հասել դեպի բռնապետություն, և միայն նրա տապալումից հետո` 1998-ից սկսած, 9 կետով բարձրացել է, բայց 6-ից չի անցել (տե՛ս նաև՝ մինչ 1998թ. մարդու իրավունքների վիճակի մասին պատմող նյութը)։
Իսկ արդեն, որպես ընդդիմություն, 2008֊ի նախագահական նախընտրական քարոզարշավում Տեր֊Պետրոսյանը հասարակության պառակտումը հասցրեց քաղաքացիական բախումների։ 2008֊ին մարտի 1֊ից մի օր առաջ «Արմենանու»-ում հրատարակված «Երրորդ կողմի ձայնը. արձագանքներ «տականք» կոչվելուն» ակնարկը մեջբերում է Տեր֊Պետրոսյանի խոսքը. «Այս հանրահավաքը և երթը ցույց տվեցին, որ ջրբաժանը հստակ գծված է` մի կողմից արժանապատիվ, ազատ, քաջ, հերոս քաղաքացին է, հայ ժողովուրդը, մյուս կողմից` ազգի տականքը»։
Որպես Տեր֊Պետրոսյանի աշակերտ՝ Փաշինյանը մտավ քաղաքականություն 2008֊ին: Բանաստեղծ Գայանե Բաբայանը Մարտի 1֊ի հաղորդման մեջ Փաշինյանի խոսքերն է մեջբերում. «Վերջ բռնապետությանը, վերջ Քոչարյանին, վերջ Սերժիկին, այսօր մենք մեր քաղաքը պիտի ազատագրենք երկու տականքներից, նրանց երեխաները պիտի տեսնեն, թե իրենց հզոր հայրերը ոնց են կուչ եկել ժողովրդի ոտքերի տակ... ես շնորհավորում եմ ձեզ, սիրելի ժողովուրդ...»:
Եվ գրոհի էր ուղարկում զինված ցուցարարներին. ««Մեր տղերքը գրավել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամավոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը» կամ` «Մյասնիկյանի արձանի ետևի դիրքերից օգնություն են խնդրում, զորքերը առաջ են գալիս, անցեք Մյասնիկյանի արձանի ետևը», կամ` «Ձկան խանութի մոտ օժանդակություն է պետք...»:
Արդյունքում՝ տասը հոգի զոհվեց, երկուսը՝ ոստիկան, և 200֊ից ավելի մարդ վիրավորվեց, որոնցից 180-ը՝ ոստիկան։
2008֊ի արյունահեղության առաջնորդները, հանձին Փաշինյանի, տեսնելով, որ թշնամանք հրահրելով ու զինված բախումներով իշխանությունը հնարավոր չէ վերցնել, մարտավարությունը փոխեցին և 2018֊ին, բռնության փոխարեն սեր քարոզելով, հեղափոխության անունը դնելով, սիրո և համերաշխության իշխանությունը վերցրին և անմիջապես գառան դիմակները գցեցին ու ռեպրեսիվ ապարատը աշխատեցրին՝ Մարտի 1֊ի գործը բացեցին ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորեցին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մոսկվայից հետ բերեցին ու ամբաստանյալի աթոռին նստեցրին՝ սկիզբ դնելով հայ֊ռուսական հարաբերությունների ավերմանը (նրանց ներկայացված մեղադրանքը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանդրական, գործը կարճվեց, և այս պատմությունից Հայաստանին մնացին Ռուսաստանի հետ վատացած հարաբերություններ)։
Արդեն աշնանը սիրո ու հանդուրժողականության փոխարեն Փաշինյանը գոռում էր, թե հասարակությունը սևերի և սպիտակների է բաժանում, ու որ հակառակորդներին ասֆալտին է փռելու ու պատերով զարկի։
Հայաստանը փոխակերպվեց, դարձավ անտիուտոպիա, որտեղ երկրի ղեկավարին «թարս խոսք» ասելու համար ոստիկանները մարդկանց, բառի բուն իմաստով, ասֆալտին են փռում։ Կա՞ մի պետական կառույց, որ վարչապետի հրամանները չկատարի՞, դատարաննե՞րը։ Ղեկավարի մոլագար կոչով դատարանի շենքերն են շրջափակում, դատավորների վրա տարբեր գործեր են սարքում, որ, ասենք, կալանքի սանկցիա չեն տվել կամ կալանքից ազատել են նրանց, ում ինքը որոշել էր փակել։ Դատավորի վրա չի՞ ազդում քրեական գործը, օքեյ, ընտանիքի անդամներին են ԱԱԾ քարշ տալիս։
***
29-ականների գլխավոր թշնամին Արցախն ու արցախցիներն են, որոնց դիտարկում են խոչընդոտ թուրքերի հետ եղբայրանալու համար, այսինքն, ըստ նրանց, խանգարում են 29 ք․ կմ տարածքի շահերին։ Փորփրեք, թե ինչ է թաքնված այս կամ այն անձի հասցեին Փաշինյանի և Տեր֊Պետրոսյանի պիտակավորումների ու հայհոյանքների տակ (թալանչի, մոնղոլ֊թաթար, շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ և այլն), կբացահայտեք Արցախի հարցը․ ովքեր դեմ էին հանուն քիրվայության զիջումների, նրանց մեդիաներով գրոհի էին ենթարկվում ու վարկաբեկվում։
BBC֊ին տված հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը ասում է, որ միայն 1997-ին էր հնարավոր լուծել ղարաբաղյան խնդիրը, տարածքները հանձնել, ապա Ղարաբաղի ստատուսի հարցը քննարկել, իսկ ինչու չլուծվեց, Տեր֊Պետրոսյանը մեղադրում է ղարաբաղցիներին, մի ամբողջ ժողովրդի, պատասխանում է՝ ղարաբաղցիները քիչ էին համարում, մաքսիմալիստ էին։ Ի՞նչն էր մաքսիմալիզմը, որ տարածքներ հանձնելուց հետո չէի՞ն ուզում՝ իրենց մարմինները հայտնվեն ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ։
Կենցաղային մակարդակում միևնույն երկրի տարբեր շրջանների բնակիչներ միմյանց նկատմամբ հեգնանք, երբեմն թշնամանք են ունենում։ Հայաստանում էլ՝ գյումրեցի֊երևանցի, մարտունեցի֊քյավառցի կամ մարտունեցի֊վարդենիսցի, գյուղացի֊քաղաքացի հակադրությունները զրույցների թեմաներ են։ Կար նաև կենցաղային հակադրություն Հայաստանից դուրս բնակվող հայրենակիցների ու հայաստանցիների մեջ, ինչպես՝ սփյուռքահայ֊ հայաստանցի, արցախցի-հայաստանցի, թիֆլիսեցի֊հայաստանցի։
Սակայն հայ ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելությունը քաղաքական ծրագիր դարձրեց առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն ու նրա շրջապատը՝ սկզբում ՀՀՇ֊ի, ապա ՀԱԿ֊ի կառույցներով, այն պատճառով, որ ղարաբաղցիներն իրենց չեն զոհաբերում հանուն հայ֊ադրբեջանաթուրքական քիրվայության։
Ղարաբաղցիների նկատմամբ ատելությունը գագաթնակետին հասավ 2008֊ին, որի մասին պատմում է «Ներքին արյունահոսություն. ճգնաժամը հայաստանցիներին տրամադրել է ղարաբաղցիների դեմ» ակնարկը, երկու մեջբերում.
«ԼՏՊ-ն ղարաբաղցիների նկատմամբ այդ կենցաղային վերաբերմունքը վերածեց ատելության` հայտարարելով իշխանություններին թաթար-մոնղոլներ և ասելով. «Այս երկու մարդու պատճառով(Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան) վերջին տասը տարում 15.000 մարդ Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, հիմնականում` Երևան։ Նրանցից յուրաքանչյուրին պաշտոն է տրվել: Դա բավական չէր, հիմա բիզնեսի ոլորտն է տրվում նրանց»(eurasianet.org) (ո՞վ է ստուգել այս թիվը` անհայտ է)»։
«Ես կյանքում առաջին անգամ չասացի, որ ղարաբաղցի եմ: Հարցրեցին` որտեղացի՞ ես, ասացի` աբովյանցի եմ»,- «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը պատմում է, թե ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ յուրաքանչյուր լուսանկարչի ու լրագրողի հարցնում էին, թե որտեղացի է` կատաղած նրանց մեջ ղարաբաղցի փնտրելով։
Հակաղարաբաղյան այլատյացության գագաթնակետը հասավ փետրվարյան հետընտրական միտինգներին, երբ Օպերայում մի դասախոս հրապարակում էր այն ուսումնական հաստատությունների ղեկավարների անունները, որոնք պետք է պատժվեն` զանգվածի բուռն աղաղակների ներքո շեշտելով նրանց ղարաբաղցի լինելը, իսկ մի ուրիշ հռետոր էլ հայտարարեց. «Այս հրապարակում հավաքված հայորդիները 3 անգամ ավելի շատ են, քան Ղարաբաղի քաղաքացիները, կեցցեն հայորդիները»։
Ագրեսիայի դեմ, որպես բողոք, բլոգներից մեկում ոչ ղարաբաղցիները սկսեցին հայտարարել՝ ես ղարաբաղցի եմ, ինչպես Դինքի սպանությունից հետո թուրքերը հայտարարում էին՝ ես հայ եմ»։
Ակնարկից դուրս է մնացել Տեր֊Պետրոսյանի գլխավոր զինակից Նիկոլ Փաշինյանի կոչը՝ Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից։
Իսկ 2008֊ի մարտի 1-ից հետո էլ տերպետրոսյանական շրջանակները ղարաբաղցիների դեմ ատելությունը սրելու համար սկսեցին կեղծիք տարածել, թե իբր իրենց հարվածող ոստիկանները Ղարաբաղի բարբառով էին խոսում.
«Անտարես» հրատարակչության տնօրեն, ՀԱԿ անդամ Արմեն Մարտիրոսյանի fb գրառումից՝ որպես հայրենակիցների դեմ թշնամանքի սադրանքի օրինակ։
Հակաղարաբաղցիական տրամադրությունները վերսկսեցին աշխուժանալ 2018֊ի հեղափոխությունից հետո, երբ արդեն ակնհայտ էր դառնում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է արցախյան գործիչներին և պատերազմի վետերաններին, իսկ գագաթնակետին սկսեց հասնել պարտությունից հետո, Փաշինյանի աջակիցների հիմնական թիրախներից մեկը ղարաբաղցիներն են.
Իմ քայլի աջակցի խոսք
«Ազատություն» ռադիոկայանի ֆբ էջից
***
29-ականներն, իհարկե, իրենք չեն գիտակցել, որ առանձին ազգ են դարձել՝ իրենց լոկալ շահերով սահմանափակված, իրենց կաստաներով (ունեևորների վերին կաստան և նրանց մոտ նոքյարություն անողների ստորին կաստան, ինչպես, օրինակ, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը և նրա հավաքարարը, որ ասում է, թե Շուշին ադրբեջանական է) և Արցախի ինքնորոշման համար պայքարողներին ու ցեղասպանություն վերապրած սերունդերի իղձերը մտցնում են «իրենց ազգի» մեջ և սկսում քննադատել հայությանը, որ չեն հրաժարվում իրենց իղձերից, և իբր 29 հազար ք․ կմ պետության մասին հոգ տանելու փոխարեն ծավալապաշտական նկրտումներ ունեն։
29֊ականների գաղափարախոսներից է Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀՇ֊ի ղեկավար, ներքին գործերի նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ, գրող Վանո Սիրադեղյանը, որը ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ ծագած վեճի արդյունքում իշխանությունից զրկվեց: Ավելին՝ նոր իշխանությունները բացահայտեցին նրա կատարած ոճրագործությունները՝ յոթ սպանություն և մեկ մահափորձ: Նա դատավարության ընթացքում փախավ երկրից և ղարաբաղցիների ու նրանց առաջնորդների դեմ հիվանդագին թշնամանքով լցվեց, որն արտահայտված է Ավետիս Հարությունյան մականունով՝ 2002֊ին Փաշինյանի «Հայկական ժամանակում» հրատարակած գործերում։ Մեծ մասը հերյուրանքներ են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, որ, կարծես, նրա վարկաբեկման արշավի մեկնարկը լինի. «Ով կհանձնի Քոչարյանին միջազգային դատարան», «Մեզ մնում է չկորցնել զգոնությունը եւ չնչին իսկ հնարավորության դեպքում Ասկերանի բանդան դուրս շպրտել Հայաստանից», ծաղրանք ղարաբաղցիների հասցեին՝ «Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաեւ ձերբազատվեին Տեր֊Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին»։ Եվ ահա քաղաքական դիրքորոշումը. «Դաշնակցություն կամ ՀՀՇ: Երրորդը տրված չէ։ Երրորդ ճանապարհը գուցե սոցիալիզմը լիներ, եթե Իրանի տեղը լիներ Չինական Հանրապետությունը, բայց դա, բարեբախտաբար, այդպես չէ։ Հետեւաբար, Հայաստանում այսօր կա իշխանության հավակնող երկու քաղաքական գաղափարախոսություն՝ հայաստանակենտրոն, որը ազգային շահ ասելով հասկանում է նախեւառաջ Հայաստանի պետական շահը, եւ երկրորդը՝ անպետություն, անհայրենիք ժամանակների ծնունդ ավանդական կոչվածը, որը ազգային շահ ասելով՝ նկատի ունի ուղիղ հակառակը։ Ոչ հայաստանակենտրոն, ավանդական֊հայրենիք չունեցողի գաղափարախոսությունը եւս մեկ անգամ ապացուցեց իր սնանկությունը։ Այդ ավանդականը չհանեց ու միտք չունի հանել Հայաստանը պատերազմից ու շրջափակումից, հետեւաբար, խոչընդոտ է Հայաստանի զարգացման ճանապարհին... Քանի կա Ղարաբաղի հարցը, օդում կախված է մնում Հայաստանի Հանրապետության պետական սուվերենության հարցը, քանի կա երկրի սուվերենության հարց»։
Իսկը 29֊ական գաղափարախոսություն։ Սակայն պատմությունը ճիշտ հակառակն ապացուցեց՝ 2018֊ին ՀՀՇ֊ի հերթափոխը իշխանությունը վերցրեց, վարչապետ դարձավ Վանոյի դասերը սերտած տղան, ՀՀՇ֊ի վերնախավը, նրանց զավակներն ու հարազատները, 2008֊ի տերպետրոսյանական «Հիմա» շարժումը ձևավորեցին «Իմ քայլը», ու երկրի սուվերենությունը իջավ այնտեղ, որ Սյունիքում պետությունը նույնիսկ մի գոմ չի կարողանում պաշտպանել, ադրբեջանցիք շուռնուխցիների կովերը օրը մեջ տանում են, գյուղացիները ռուս խաղաղապահներին են խնդրում, որ իրենց պաշտպանեն։ ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը պատմում է, որ Սյունիքի գյուղերից մեկում գյուղացին իրեն ասում էր, որ տանիքին ռուսական դրոշն են ուզում դնել, որ ադրբեջանցուց պաշտպանվեն։
Սիրադեղյանի խոսքը, թե «հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից», մշտապես մեջբերում են 29֊ականները ու պատմական հայրենիքի վերածում Արցախն ու Սյունիքը:
29֊ականը վերանձնային իդեաներ չունի, հայրենակիցներին ոչինչ պատրաստ չէ զիջել, սակայն թուրք ու ադրբեջանցի սիրաշահելու համար 29 ականից պատրաստ է վերածվել 28-ականի, 27 ականի, ինչպես Փաշինյանը, որ Սովետական Հայաստանի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքից «ղրկում է Ալլահին», Ադրբեջանին է հանձնում ավտոճանապարհ և բնակավայրեր (Գորիս֊Դավիթ Բեկ 21 կմանոց ճանապարհը և Որոտան ու Շուռնուխ գյուղերի հատվածները, որոնք եղել են Սովետական Հայաստանի կազմում, Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։ Որոտանի բնակիչը հուզված ցույց է տալիս փաստաթղթերը, որ 1954 թվականին Հայաստանում կառուցված տունը հանձնել են Ադրբեջանին։) Այդպես հայ կոմունիստները 30-ականից վերածեցին 29 -ականի․ նախապես՝ 1930֊ական թվերին Սովետական Հայաստանը եղել է 30 հազար ք․ կմ, 1980 ականներին դարձել 29 հազար ք․ կմ՝ Ադրբեջանին տարածքներ զիջելու արդյունքում։
29֊ականի ինքնությունը, հայրենիքի տարածքը որոշողը թուրքն է, քանի որ նա իր ինքնությունը հնարավոր է համարում միայն թուրքի ճանաչմամբ։
BBC֊ն հաղորդում է, որ ռուս սահմանապահները պատմում են, որ տեղացիները ոչ թե հայկական իշխանությունից, այլ իրենցից են իմանում, թե ինչպես է փոխվում սահմանագիծը, ուր կարելի է գնալ, ուր՝ ոչ. «Ադրբեջանցիները հստակ գիտեն, թե ինչ են իրենք ուզում, ինչ են ուզում վերցնել, և մինչև վերջ վիճում են ամեն վիճելի տարածքի համար։ Հայկական կողմից այսպիսի բան չի նկատվում, ասում է ռուս սահմանապահը»։ Վերնագիրն է՝ «Գիտե՞ք, թե ինչ նվաստացում է. ինչպես են հայերը ապրում Ադրբեջանի հետ նոր սահմանին»։
***
2018֊ի հեղափոխությունը 29-ականների հաղթանակն էր, նրանք իշխանության եկան, բայց իրենց քաղաքական ծրագիրը՝ ի հաշիվ Արցախի և Հայ դատի, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձենալու, գաղտնի էին պահում մինչև պատերազմը։ Պարտությունից անմիջապես հետո իշխանությունները սկսեցին այնպես ակտիվորեն պրոպագանդել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամանալու գաղափարը, կարծես հատուկ էին պատերազմում պարտվել, կարծես 2,5 տարի անհամբեր սպասում էին Արցախի կորստին, որ նետվեն թուրքական պետությունների գիրկը։ Իսկ 5000 զինվորների կյա՞նքը (այսօր հաշվարկները արդեն ցույց են տալիս որ զոհերի թիվը շատ ավելին է։ Ռուբեն Մխիթարյանի «Չհայտարարված պատերազմ» ֆիլմը հաղորդում է. փոխվարչապետ Ավինյանը հունվարին հայտարարում է զոհերի թիվը՝ 3439, առողջապահության նախարարը նույն ժամանակ ասում է 3450 զոհ, կառավարական ինֆոչեկ կայքը փետրվարին հայտնում է, որ զոհերի թիվը 3577 է, իսկ մարտին Նիկոլ Փաշինյանը իջեցնում է թիվը 3250֊ի։ Ռուսական խաղաղապահներն էլ հայտնել են, որ իրենց 3500 անհայտ կորածի հարազատ է դիմել, անհայտ կորածների և պաշտոնական թվերի հանրագումարով, 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 7000֊ից անցնում է)։
Ապրիլի 2-ին ԱԺ փոխխոսնակ, իմքայլական Լենա Նազարյանը ասում է. «Գուցե հիմա լավ շանս կա, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի»: Շանսը հանձնված բնակավայրե՞ն էին, բա ինչու զոհեցի՞ք մի ամբողջ սերունդ։ Ժամանակակից աշխարհում որևէ պատերազմ այսքան զոհ չի տանում (Վիգեն Չթրյանն է հաղորդում, որ «Քրդական անկանոն ուժերն Աֆրինում նույն իսլամիստ վարձկանների կողմից աջակցվող թուրքական բանակի գրոհին դիմադրեցին 64 օր և ավելի քիչ զոհեր ունեցան»)։
Նրանց կյանքն էլ մատա՞ղ էր, որ թուրքերը ավելի համոզվեն բարեկամության անկեղծությանը։
Ռեալ պոլիտի՞կ են խաղում և այդ խաղով այնքան են տարվել, որ նույնիսկ տարրական հարգանքի գիտակցությունն են կորցրել տուն ու հարազատ կորցրած հայերնակիցների նկատմամբ, ինչպես հուղարկավորության սրահում հանգուցյալի հարազատներին կոչ անես մարդասպանի հետ բարեկամանալ։
Հեռուստաաստղ Հովհաննես Ազոյանի մեկնաբանությունը Ալիևի կնոջ՝ Մեհիրբան Ալիևայի՝ ՖԲ֊ում դրած լուսանկարի տակ
Պատերազմից ընդամենը 20 օր անց նոյեմբերի 29-ին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը հրճվանքով ասում է․ «Սահմանների բացումը լայն հնարավորություն է ընձեռելու. մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար, և պետք են գալու մարդիկ, որ կարողանան օգտվել դրանից»: Դեկտեմբերի 1-ին իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը ավելացրեց․«Եթե մեր ապրանքը կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»։ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունների անհրաժեշտության մասին:
«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարին միջազգային առցանց կոնֆերանսին, որին մասնակցել են ադրբեջանցիներ և թուրքեր, ասել է. «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք»։
Հեռուստաստղ Սոս Ջանիբեկյանի գրառումը
Հասան այնտեղ, որ Թուրքիային ազատում են իր ոճիրը ճանաչելու պարտավորությունից։ «Իմ քայլի» պատգամավոր, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը ասում է. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու»։
Նոր հնարավորություններ, առևտրի ճամփաներ։ Ինչի՞ «շնորհիվ»՝ պարտության, արյան, ավերման։ Այն, ինչ աղետ է, ողբերգություն, 29֊ականի համար «մեծ հնարավորություն» է. նրանց խոշոր բուրժուաների շրջանառությունը կբազմապատկվի, (Գռզո՝ Խաչիկ Սուքիասյան, որ թուրքերի հետ «կոոպերացվելու» ամենաջերմեռանդ ջատագովներից է, Վիգեն Բադալյան՝ Վիվարոյի Վիգեն), իսկ եթե ավելի անկեղծանան, չէ, բիզնես֊միզնեսը կարևոր է, բայց գլխավորը՝ Թուրքիայի միջոցով Ռուսաստանից կտրվել ու ձուլվել Ատլանտյան ընտանիքին։
Հարց է առաջանում՝ պարտությունը ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ: Նույնիսկ եթե «թղթի» վրա ծրագրված չէր, «Իմ քայլի» անդամների և Նիկոլ Փաշինյանի անգիտակցականում էր ծրագրված՝ պարտվելով ազատվել Արցախի «բեռից»։ Ինչպե՞ս կհաղթի մեկը, որը պարտության մեջ օգուտներ է տեսնում։ Պարտության ծրագիրը երևակվում է պատերազմի ընթացքի վերաբերյալ նորանոր փաստերով. մի քանի օրինակ՝ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը մեղադրեց Փաշինյանին, որ պատերազմի 3֊րդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը՝ փոխարենը կոչ անելով կամավորական ջոկատներ կազմել։ Ապա նաև՝ որ վարչապետը պատերազմը կանգնեցնելու առավել բարենպաստ պայմաններից հրաժարվել է: Ռուսաստանի նախագահ Պուտինը ասաց, որ Փաշինյանը մերժել է հոկտեմբերի 19֊ի առաջարկը՝ կանգնեցնել պատերազմը, որի արդյունքում Շուշին, մնալով հայերի վերահսկողության տակ, հնարավորություն կտար ադրբեջանցի փախստականներին վերադառնալու, որին Փաշինյանը պատասխանեց, թե՝ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պետք էր Շուշին, իսկ հետագայում էլ ասաց, թե Շուշին ադրբեջանական քաղաք է: Այս հեռահար բանավեճում, կարծես, Պուտինը ավելի անհանգստացած էր Արցախի ճակատագրով, քան Փաշինյանը։ Եվ ապա նոյեմբերի 9֊ի կապիտուլյացիոն պայմանագրով, որով արագորեն Ադրբեջանին է հանձնում հայկական զորամիավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Կարծես ռուսական միջամտությունը խանգարել էր, որ Արցախի մնացած մասն էլ հանձներ Ադրբեջանին և 29-ականներին գլխացավանքից ազատեր։
Լևոն Տեր֊Պետրոսյանը նախագահի պաշտոնից հեռանալիս ասաց, թե խաղաղության կուսակցությունը գնում է, գալիս է պատերազմի կուսակցությունը։ Սակայն հաջորդած 20 տարիներին, թեև սահմանին թեժ էր, բայց լայնածավալ պատերազմ չեղավ։ Բայց երբ կրկին իշխանության եկավ խաղաղության կուսակցությունը, 2,5 տարի անց պատերազմը սկսվեց։
Պատմությունը ցույց տվեց, որ 29֊ականների ձգտումը ամենևին էլ խաղաղությունը չէր, այլ ամեն գնով, թեկուզ պատերազմում պարտվելով, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայանալը։
Քիրվայանալ ամեն գնով, ցեղասպանության փաստը ուրանալով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար հայ֊թուրք հակամարտությունը Թումանյանի մի կաթիլ մեղրն է, ինչ-որ աբսուրդ թշնամություն, չկան մեղավորներ ու անմեղներ, ոճրագործ ու զոհ, մարտի 21֊ին Արագածոտնում հայտարարում է. «Խնդիրը հետևյալն ա, որ [թուրքերը] մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք [իրենց] ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք [իրենց] որպես թշնամի, էնքան [իրենք] մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
Հայդուկ Շամլեանը մեկնաբանում է. «Ըստ Հայաստան անունը կրող երկրի մը վարչապետին, յստակ չէ, թէ՝ հայերու եւ թուրքերու միջեւ, ճիշդ ո՞վ է, ո՞րմէկ կողմն է, որ՝ ամենաառաջինը, սկսաւ թշնամութիւնը...հայերու դէմ բոլոր հալածանքներուն եւ կեղեքումներուն, եւ մինչեւ իսկ ցեղասպանութեա՛ն վերաբերեալ, թուրքերու հիմնական «արդարացումը», ճի՛շդ այս ուղղութեամբ է… թէ՝ հայերը ներքին թշնամիներ էին, օսմանեան կայսրութեան մէջ… այս խօսքերը ուրեմն ընդունելի կը դարձնեն ուղղակի Թուրքիոյ թեզերը, դրոյթները, թրքական լուծի տակ հայերուն վիճակուած բոլոր բարբարոսութիւններու առնչութեամբ. ներառեալ ցեղասպանութիւնը. իսկ Արցախի նիւթով, նոյնպէս՝ Պաքուի, Սումկայիթի եւ այլ, անզէն հայերու գազանային ջարդերը - որոնցմէ առաջ, ոչ մէկ կռիւ իսկ չէին սկսած տակաւին հայերը Արցախի կապակցութեան -, կը ներկայացուին որպէս՝ թուրքերուն «հասկնալի» հակադարձութիւնը, մեր կողմէ սկսած թշնամութեան...»։
Ծրագրված, թե՝ անգիտակցական․ երկու դեպքում էլ դավադրություն է: 29-ականը դաշնակիցն է կամ ազդեցության գործակալը կամ էլ հենց գործակալը թուրք-բրիտանա-ամերիկյան հատուկ ծառայությունների դավադրության։
Գայթակղիչ է 29֊ական դառնալը, Արևմուտքի «սվոյն ես»՝ յուրայինը, արևմտյան հաստատությունները տանում են իրենց բուհերում սովորելու, կրթական ծրագրերի մասնակցելու, շրջագայում ես տարբեր կոնֆերանսներում, շռայլորեն ֆինանսավորում են ՈՊԿ-ներդ։ Արևմուտքը 29-ականներին բազմացնում է 2 պատճառով՝ առաջին՝ ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Հայաստանում խթանելու համար առանց որևէ իդեայի, սպառողական հասարակության ձևավորումը, և երկրորդ՝ քաղաքական շահը, քանի որ վերանձնային նպատակներից հրաժարումը՝ Արցախ և Հայ Դատ, և 29֊ի մեջ ներփակվելը ջնջում է թուրքերի ու ադրբեջանցիների հետ հակասությունները, հետևաբար՝ վերացնում նրանցից պաշտպանվելու համար անվտանգության համակարգի, ուրեմն՝ նաև Ռուսաստանը որպես դաշնակից ունենալու անհրաժեշտությունը։ Այսպիսով՝ ՆԱՏՕ֊ն Թուրքիայի միջոցով հարավից էլ Ռուսաստանն օղակի մեջ է առնում։
Գայթակղությանն են տրվում նաև սփյուռքահայեր ու նույնիսկ արցախցիներ, և դավաճանելով իրենց ինքնությանը՝ դառնում են 29-ական։ Ինչպես սփյուռքահայ մտավորական, նախկին դաշնակցական Ժիրայր Լիպարիտյանը, որը, դառնալով նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի խորհրդական, վերածվեց 29-ականության ամենամոլեռանդ պրոպագանդիստի՝ տարիներ շարունակ գրքերով, հոդվածներով, ելույթներով պնդելով, թե Արցախի անկախությունն անհնար է, ուրեմն, հանուն «խաղաղության», Ադրբեջանին զիջումներ պետք է անել: Իսկ պատերազմից անմիջապես հետո, կարծես սպասելով պարտությանը, գրեց, թե ինչ էլ լիներ, պարտությունը անխուսափելի էր, քանի որ Ադրբեջանը ուժեղ էր, իսկ նախկին իշխանությունը «ոչմիթիզական» էր, և եթե Հայաստանը նախապես զիջեր 7 շրջանները, պատերազմ չէր լինի։ Իսկ զիջելուց հետո ի՞նչ կլիներ Արցախի հետ։ Լիպարիտյանը ուղիղ չի ասում, բայց նրա այս խոսքից, թե «Արեւմուտքը, Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը մեզ ավելի քան 20 տարի ասում էին, որ չեն ճանաչելու Ղարաբաղի անկախությունը», հասկացնում է, որ 7 շրջանից հետո էլ Արցախն էր հանձնվելու։ Եթե աքսիոմատիկ ճշմարտություն է, որ Արցախի անկախությունը չի ճանաչվելու, ապա այդ աքսիոմի շարունակությունն է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց սա սուտ աքսիոմ է, 29-ականը 29-ական չէ, եթե կեղծիք չի անում:
Իշխանությունը կորցնելու պատճառով տերպետրոսյանական շրջանակներն այնպիսի մերժողականությամբ են լցվել իրենց տապալողների նկատմամբ, որ կեղծում են իրենցից հետո բոլոր ձեռքբերումները՝ և՛ տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության։ Լիպարիտյանը սխալվում է, Մինսկի խմբի եռանախագահ գերտերությունների առաջարկած մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման և հանրաքվեով իր ճակատագիրը որոշելու իրավունքը, հենց այն է, որ միջազգային հանրությունը պատրաստ էր ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ լիպարիտյանները, ինչպես թիկունքում հայտնված՝ թշնամու անընդհատ թափվող թռուցիկ, ներշնչում էին հայ հասարակությանը, թե անհնար է Արցախի անկախությունը, որ պատերազմում պարտությունն անխուսափելի է։ Իշխանության եկած՝ նրանց քաղաքական ժառանգներն էլ, Արցախի անկախության անհնարինության համոզմամբ և մինչև պատերազմն արդեն պարտված, տապալեցին բանակցություններն ու, պատերազմ ստանալով, երկիրը կապիտուլացիայի մատնեցին, և ձախողվեց աշխարհի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հեռանկարը (2000 թվին Չիկագոյում Ժիրայր Լիպարիտյանը հուզված ասում էր, թե ինչ ծանր վիճակում են ադրբեջանցի փախստականները, և որ Արցախի հարցի լուծումը կնպաստի, որ նրանք, ի վերջո, տուն վերադառնան։ Ապրումակցո՞ւմ էր ադրբեջանցիներին։ Ինչպե՞ս կարող է մեկը ապրումակցել անծանոթ ադրբեջանցիներին, ում իշխանության օրոք շատ ավելի դաժան պայմաններում էին ապրում հայրենակիցներն աղետի գոտում, որոնց մասին երբեք ծպտուն չի հանել)։
Կամ՝ ինչպե՞ս արցախցի, Մարտունիում ծնված և մեծացած՝ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, որի հայրենիքը մի քանի ամիս առաջ թուրքական հրամանատարությամբ ավերում էին, մարտի 27֊ին Հանրային հեռուստատեսությամբ հարցին՝ «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար», պատասխանում է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
***
Հաճախ է հանդիպում Տեր-Պետրոսյանի երկրպագուների չարախնդությունը, թե՝ տեսաք, չընդունեցիք 1997֊1998 թթ. Արցախյան կարգավորման առաջարկները, արդյունքում՝ պատերազմ եւ աղետ ստացանք (որպես օրինակ՝ հանրային քննարկմանը Վասակ Դարբինյանի խոսքը )։
Արդյո՞ք ճիշտ են նրանք, թե՞ կարգավորման այդ տարբերակը իրագործելուց հետո, միեւնույն է, պատերազմի վտանգը չէր վերանա, եթե փուլ առ փուլ հանձնում ես տարածքները, ապա՝ հասնում Արցախին, ի՞նչ է լինելու դրանից հետո՝ պատերա՞զմ, թե՞ էլի զիջում։ Այս բանավեճը երբեք ավարտ չի ունենա, քանի որ երբեք այդ հարցի պատասխանը չի տրվի։ Բայց այլ խնդիր կա, փորձենք ձևակերպել Տեր-Պետրոսյանի թեզը: Ըստ նրանց՝ «ազատական ազգայնականների», Հայաստանը իր հարեւանների՝ Թուրքիային եւ Ադրբեջանին, չի կարող փոխել, հետեւաբար՝ գոյատեւելու միակ ճանապարհը հարեւանների հետ բարեկամություն հաստատելն է, իսկ դրա համար Հայաստանը չպետք է բարձրացնի Ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Ադրբեջանին էլ զիջումներ պիտի անի։ Բարեկամության հաստատման դեպքում Արցախը կարող է լինել նաեւ Ադրբեջանի կազմում։ Լավ, չբանավիճենք այս գաղափարի հետ, այլ հարց բարձրացնենք՝ ինչո՞ւ են թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամության ջատագովները սխալ քաղաքականության սկիզբ հռչակում 1998-ը, երբ Տեր-Պետրոսյանին տապալեցին եւ մերժեցին նրա կարգավորման տարբերակը, չէ՞ որ Արցախի ինքնորոշման շարժումը սկիզբ է առել 1988-ին, Տեր-Պետրոսյանն էլ քաղաքական ասպարեզ է մտնել որպես Արցախը Ադրբեջանի կազմից հանելու համար պայքարի առաջնորդ: Ավելին՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու՝ Գերագույն խորհրդի 1989թ. որոշումը նրա ջանքերով է ընդունվել։ Եթե Տեր-Պետրոսյանի շրջապատը սխալ է համարում Ադրբեջանի հետ հակամարտության մեջ մտնելը, ապա այդ սխալի հեղինակը իրենց առաջնորդն է, եւ սխալը ոչ թե 1998-ից է սկսվում, այլ 1988-ից։ Ի վերջո, ղարաբաղյան շարժումը հասավ մի թշնամական կետի, որից հետո այլեւս անհնար էր Ադրբեջանի կազմում որեւէ հայաբնակ բնակավայր ունենալ, եւ ուրեմն՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը միայն Ադրբեջանի կազմից դուրս է հնարավոր։ Խնդրեմ՝ Հադրութը, ով չէր կարողացել փախչել, սպանվել էր տեղում։ Հենց հիմա, հենց ռուս զինվորը ոտքը քաշի, կոտորվելու են արցախցիները։
Այդ կետին հասցնողներից մեկն էլ Տեր֊Պետրոսյանն էր։ Այդ կետին հասցնելուց հետո դավաճանությո՞ւն է, թե՞ ցինիզմ՝ արցախցինե՛ր, Ադրբեջանի կազմում ապրեք։ Արցախ գոռալով՝ իշխանության ու կարողության տեր դառնաք, ու, մեկ էլ, թե՝ մեղսի, մեղսի, էլ դուք մեզ պետք չեք։ Չէ, ի՞նչ մեղսի, հլը մեղադրելով, մուննաթ գալով, էս ի՞նչ մաքսիմալիստ տականք եք, չեք թողնում, որ Գռզոյի բեռները թուրքիաներով պրյամոյ անցնեն։
Հայաստանի հասարակությունը չունի՞ պատասխանատվության ինստիտուտ, որ թույլ չտա՝ իր բախտը որոշելով զբաղվեն այնպիսի գործիչներ, որոնք մի օր մի գաղափար են քարոզում, իսկ երբ այդ գաղափարը հանգեցնում է անշրջադարձելիության, սկսում են ճիշտ հակառակ գաղափարը քարոզել։
1988֊ին Հայաստանի՝ միլիոնով փողոց դուրս եկած բնակչությունն իր աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդի ազատագրական պայքարին, ոգևորում, որ Արցախը վճռականորեն կարող է առաջ տանել ինքնորոշման գաղափարը, քանի որ ապահով թիկունք ունի՝ Հայաստանը։ Սակայն տարիներ անց, մեկ էլ, Հայաստանը հրաժարվում է իր ստանձնած պարտավորությունից ու թուրքի դեմ արցախցիներին թողնում միայնակ։
Արցախի հանձնումն ու միաժամանակ թուրքերին սիրաշահելն ու բարեկամություն մուրալը Փաշինյանի դեմքով է կատարվում, սակայն եթե դեմքերից վերացարկվենք, ապա այդ ամենը Հայաստանն է անում։ Եթե դավաճան է Փաշինյանը, ինչպես վանկարկում են ընդդիմադիրները, ապա դավաճան է նաև Հայաստանը, որ Արցախին խոստացավ լինել նրա անվտանգության երաշխավորը, առաջ տանել Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն, չդիմանալով փորձություններին, դավաճանեց։
Հարյուրամյակներով, տարբեր ոսոխների դիմադրելով, արցախցիները պահել են իրենց երկիրը, մշակույթ ստեղծել, հասել 21֊րդ դար՝ հավատով, որ իրենց թիկունքին է հայկական պետությունը, և մեկ էլ՝ դավաճանություն, ու երկիրը ձեռքից այնպես է գնում, որ անհնար է դարձել կանխելը։ Ադրբեջանցիները պղծում են հայկական հուշարձանները և, երջանկացած, նկարահանումները գցում ցանց։ Տագնապով հետևում ենք, որ հանկարծ հայկական առաջին դպրոցներից մեկը՝ չորրորդ դարի Ամարասի եկեղեցին էլ չանցնի ոսոխին, հույսներս դրել ենք միայն Արցախի մյուս շրջաններում օտար խաղաղապահների կասկածելի պաշտպանության վրա։ Հայաստան չկա, Հայաստանի պաշտպանական համակարգը քանդված-ավերված է, «մեր էրեխեքը խի պիտի ծառայեն Ղարաբաղում»՝ հնչում է Նիկոլի վկաների բերաններից։
Ի՞նչ է լինելու Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու ճակատագիրը։ Ըստ պայմանագրի՝ ռուս խաղաղապահները 5 տարով են Ղարաբաղում, հետո՞ ինչ կլինի, եթե Ադրբեջանը չուզի խաղաղապահների ներկայությունը, նրանք պետք է հեռանան։ Եվ արցախցիները, ճարահատյալ, որպես վերջին փրկօղակ, ռուսական բանակը պահելու համար ռուսերենը ընդունում են որպես երկրորդ պետական լեզու։
Հայկական հակառուս շրջանակներն ասում են, թե 1915֊ին Ռուսաստանը, ճակատում նահանջելով, մեզ դավաճանեց, այլ պատմաբաններ էլ ասում են, թե 1921 թվին Ֆրանսիան, Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով, դավաճանեց Կիլիկիայի հայությանը՝ մատնելով կոտորածի։ Այլք նրանց բացատրում են՝ ոչ թե դավաճանեցին, այլ ռուսներն ու ֆրանսիացիներն ունեն իրենց ազգային շահերը, որոնք հակասում էին հայերի շահերին։
Բայց հիմա հայերն են դավաճանում հայերին, Հայաստանը՝ Արցախին։ Ազգային շա՞հ, թե՞ դավաճանություն, նրանք միասին են ի հայտ գալիս: Այն պահից, երբ դավաճանությունը բացահայտվում է, նույն պահին էթնոսից առանձնանում է քաղաքական նոր ազգը՝ իր առանձին շահերով։
Արցախ֊Հայաստան միասնության նվիրյալներ
Երբ 1990֊ականներին ՀՀՇ-ն սկսեց հրաժարվել իր համազգային կոչումից, նրանից առանձնացավ Վազգեն Մանուկյանը և ՀՀՇ հապավման համազգային բառը փրկելու համար հայտարարեց, թե հայերը համաշխարհային ազգ են։ 1991 թիվն էր՝ ՀՀՇ֊ի և Տեր֊Պետրոսյանի վերելքի շրջանը, երբ նա ԱԺ նախագահից անցնելու էր երկրի նախագահի պաշտոնին, և Մանուկյանի խոսքը ծաղրի արժանացավ, իսկ Լևոն Տեր֊Պետրոսյանն էլ հակադարձեց՝ հայերը սովորական ազգ են, իսկ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Այսինքն՝ ազգը չունի նպատակ, այն ինչ-որ պետական կառույցի ներքո առանց տեսլականի, աննպատակ սպառողների հասարակություն է, և քաղաքական գործիչների գործն է միայն այդ սպառողականությունը խթանելը։
Սակայն 88֊ի շարժման թափն այնքան ուժգին էր, որ ՀՀՇ֊ն չէր կարող իրագործել 29֊ական ծրագիրը: 1992֊ին արդեն ճակատում պարտությունների պատճառով Տեր֊Պետրոսյանի ու ՀՀՇ֊ի վարկանիշը արագորեն սկսեց գահավիժել, ընդդիմության ցույցերը խարխլում էին նրանց իշխանությունը, և 1992֊ին Տեր֊Պետրոսյանը իր գլխավոր հակառակորդ Վազգեն Մանուկյանին նշանակեց պաշտպանության նախարար, որից հետո սկսվեցին հայկական ուժերի հաղթանակները։
Իսկ հետո 1995 թ․ Ազգային ժողովի, ապա՝ 1996֊ի նախագահական ընտրությունները կեղծելով՝ ՀՀՇ֊ն հույս ուներ, թե, իշխանությունը պահելով, կիրագործի 29֊ական ծրագիրը։ Սակայն այդտեղ էլ վրիպեց, այս անգամ իշխանության ներսում ճեղք գոյացավ, և ուժայինները 1998֊ին իշխանությունից հեռացրին 29-ականներին։
Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը կտրուկ փոխվեց, 1998֊ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ֊ի ամբիոնից բարձրացրեց Ցցեղասպանության ճանաչման հարցը, այն դարձավ Հայաստանի պաշտոնական քաղաքականություն։
Թեև 29֊ականները քննադատում էին Հայաստանի նոր քաղաքականությունը, Տեր֊Պետրոսյանը ծաղրանքով անվանում էր բուրջհամուդյան քաղաքականություն, սակայն դրական արդյունքներն ակնհայտ էին:
1998-2019 թվականներին 26 երկիր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հակառակ 29-ականների պնդումների, թե Ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականությունը կխոչընդոտի Թուրքիայի հետ հարաբերություններին, Թուրքիան առաջին անգամ Հայաստանը որպես ինքնուրույն միավոր նկատեց, և 2005֊ին վարչապետ Էրդողանը համագործակցության առաջարկով նամակ հղեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վերջինս էլ պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել առանց նախապայմանների։
Սփյուռքը Հայաստանի հետ մերձեցնելու համար հիմնադրվեցին համահայկական սպորտային մրցույթները։
Ի վերջո, այս քաղաքականության արդյունքում Սփյուռքը ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի կյանքում, «Լինսի» հիմնադրամի տրամադրած գումարները, «Թումո» կենտրոնը ու օդանավակայանի նոր շենքը դրա վառ օրինակներն են։
Քոչարյանին փոխարինած նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց հավասարակշռել 29-ականների և «Արցախ֊Հայաստան֊Սփյուռք՝ մեկ ազգ» գաղափարն ու իր կառավարման հենց առաջին տարում՝ 2008֊ին, ձեռք մեկնեց Թուրքիային, նախաձեռնվեցին հայ֊թուրքական արձանագրություները, որոնք ձախողվելով՝ Թուրքիային ավելի ագրեսիվ դարձրին Հայաստանի նկատմամբ։
Միջազգային ասպարեզում ամենամեծ ձեռքբերումը ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն էր, որն արձանագրվեց 2007֊ի Մադրիդյան սկզբունքներում։
29-ականները տարածում էին այն միֆը, թե իշխանությունները՝ հանձին Սերժ Սարգսյանի և Քոչարյանի, չէին ուզում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, թե ամեն ինչ անում էին, որ ստատուս քվոն պահպանվի, ու իշխանություններին պիտակում՝ ոչմիթիզական։ Սակայն բանակցային գործընթացի մանրամասներին ծանոթանալով՝ նկատվում է, որ Հայաստանի իշխանությունները բանակցային հստակ գաղափարախոսություն են ունեցել, հետևողականորեն առաջ են տարել ազգերի ինքնորոշման գաղափարը, բանակցային գործընթացում միջնորդ երեք գերտերություններին ստիպել են չշարժվել երկակի ստանդարտներով և հավատարիմ մնալ իրենց ստորագրած միջազգային հռչակագրերի՝ ազգերի ինքնորոշման գաղափարին և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և այդ իրավունքի ճանաչումն էլ դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության կայուն ու միակ երաշխիքը, որից հետո միայն տարածքային փոխզիջումներ կլինեն (բանակցային դետալների մասին մանրամասներ է ներկայացնում Սերժ Սարգսյանը «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում)։ Ահա, թե ինչու Ալիևը հայտարարում էր, թե փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մինչև Փաշինյանի՝ վարչապետ դառնալը, միջազգային հանրությունը հայկական կողմին էր համարում կառուցողական, իսկ Ադրբեջանը, որոշակի առաջարկների նախապես համաձայնելով, ապա մերժելով, որպես ոչ կառուցողական կողմ էր ընկալվում։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը նույնիսկ այն ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանն է վերջին առաջարկները մերժել։
Հայաստանից պահանջվում էր հետևողականություն և համբերատարություն՝ հասնելու համար Արցախի ինքնորոշման ճանաչմանը, որը ոչ միայն Արցախի ժողովրդին ազատություն կպարգևեր, այլև հայությունն իր առաքելությունը կունենար փոքր ժողովուրդների ինքնորոշման ձգտման ճանապարհին։
Սակայն 2018 թվի հեղափոխությունը տապալեց ամբողջ աշխատանքը, իշխանությունը վերցրին 29-ականները, հրաժարվեցին այս ամբողջ ձեռքբերումներից և «իրենց կետից» սկսեցին նոր բանակցություններ։
2018-ի աշնանը Դուշանբեում վերելակային կոչված հանդիպմանը Փաշինյանը Ալիևի խոստացել է զիջումներ, քանի որ սահմանին դադարեցին կրակոցները, պաշտոնական մակարդակով՝ Հանրային հեռուստատեսությամբ, սկսվեց «հասարակությունը խաղաղության պատրաստելու» քարոզչություն, Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը սպառազինվելուց հրաժարվելու կոչեր արեց և ցուցադրեց զարդեր, որոնք զենքերից էին ձուլված։ Ապա Փաշինյանը բանակցային ամբողջ գործընթացից ու պայմանավորվածություններից հրաժարվեց, ի շահ Ադրբեջանի՝ ջրեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի ձեռքբերումը՝ սահմաններին կրակի դադարեցման վերահսկման՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները, հայտարարեց, որ բանակցություններն իր կետից է սկսում, այսինքն՝ մերժեց բանակցային գաղափարախոսությունը, հրաժարվեց Արցախի ինքնորոշման գաղափարից, հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ի վերջո, բանակցությունները մտցրեց փակուղի, որը մի դուռ էր բացում պատերազմի առաջ, երկրորդ դուռն էլ բացում էր Հայաստանի միակ դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելով։
Դասական Սփյուռք կամ աղետ վերապրածներ
Դեռ 1918֊1920թթ․ հանրապետության շրջանից սկսած՝ երկիրը կորցրած արևմտահայերը չէին կարողանում հարմարվել արևելահայերի կենցաղին։
Պոլսեցի մտավորական և կամավորական շարժման ներկայացուցիչ Վահան Չերազը, 1920֊ի հոկտեմբեր 6-ին մի նամակում գրում է (Հ.Պ֊ին). «Զինուորականը կուսակցական պէտք չէ ըլլայ, հոգ չէ, թէ այստեղ ճիշդ հակառակ ըմբռնում կը տիրէ: Համակրութիւններս յայտնի են քեզ: Ոչ մի պատճառ չեմ ունեցած փոխելու զանոնք, ընդհակառակն: Ես ազգասիրական խորունկ կսկիծով նկատեցի որ երկիրը կը գտնուի ֆիզիքական, բարոյական և տնտեսական սնանկութեան եզրին: Պատճա՞ռը: Դաշնակցութի՞ւնը: Այո և ոչ: Ոչ, որովհետև Դաշնակցութեան Թրքահայ հատվածը ազգայնական ու յառաջադիմական գեղեցիկ տրամադրություններ ունի: Այո, որովհետև այստեղ Դաշնակցութիւն կը նշնակէ Ռուսահայ ժողովուրդ: Իսկ Ռուսահայը շատ քիչերու բացառութեամբ, հոմանիշ է ծուլութեան, սանձարձակ զեղծումի, ու լիրբ կամայականութեան: Իսկ ռազմական տեսակետով աղետալիորեն բացասական է: Ոչ մի ժամանակ,- այստեղ այս փաստը շոշափելի է «կամաւ կոյրերուն» իսկ,- ներկա Հայաստանը, այսինքն Ռուսահայաստանը չի կրնար մեզ գոհացնել իբր հայրենիք և չի կրնար ըլլալ կորիզ, կռուան, հիմնաքար, միացեալ Հայաստանի համար: Այստեղ զանգուածները դժկամութեամբ, աւելի ճիշդ բացասական կերպով կը ծառայեն հայկական հայրենիքին»:
Չերազին ճակատագիրը պահեց Հայաստանում, և 1928 թվին նրան գնդակահարեցին, իսկ 10 տարի անց Չերազի համար Հայաստան տեղափոխված նրա կնոջը՝ խարբերդցի Վարդանուշ Չերազին, գնդակահարեցին։
Բռնաճնշումների ենթարկված արևմտահայերի սերունդների մի մասը ստիպված սկսեց «ձուլվել» արևելահայերի մեջ՝ վերածվելով 29-ականների։ Այսուհանդերձ, 1960-ականների ազգային միասնության վերելքի գործիչները հիմնականում արևմտահայերի սերունդներն էին։
Սփյուռքահայ կուսակցություններն իրենց բոլոր հակասություններով, միասնական էին ուղղագրության հարցում, նաև ընդհանուր հայրենիքի՝ միացյալ Արևելյան և Արևմտյան Հայաստանների գաղափարով, և Հայաստանի անկախությունից անմիջապես հետո սփյուռքահայ երեք կուսակցություններն էլ իրենց կառույցները ստեղծեցին Հայաստանում։
Բայց քաղաքական կուսակցություններից և սփյուռքյան բազմաթիվ կառույցներից բացի, սփյուռքահայ մի շերտ կա, որ Չերազի պես չէր կարողանում Արևելյան Հայաստանը ընկալել որպես հայրենիք։ Նրանց հայացքները կուսակցականացված չեն, արտահայտվում են մասնավոր զրույցներում, նաև սփյուռքահայ գրականության ու վերլուծական աշխատանքներում։
Որտեղ՞ից է այդ խորթությունը։ Երկու առավել նկատելի պատճառներն են՝ առաջինը՝ լեզուն, Հայաստանը չի ստեղծում պայմաններ արևմտահայերենի կենսունակության համար. Հայաստանում չկա արևմտահայերենով գոնե մեկ դպրոց, մինչդեռ օտար երկրներում՝ Կանադա, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, ԱՄՆ, Ավստրալիա, գործում են արևմտահայերեն դպրոցներ։ Երկրորդը՝ ուղղագրությունը, Հայաստանի Հանրապետությունը մերժել է հայոց լեզվի ընդհանուր ուղղագրության գաղափարը, չի պատրաստվում հրաժարվել պառակտող սովետական ուղղագրությունից և Սփյուռքի հետ միասնական ուղղագրության վերադառնալ։
Լիբանանցի բարեկամս, որ Բեյրութում առևտրով է զբաղվում, մի քանի անգամ փորձեց տեղափոխվել Հայաստան, բայց այդպես էլ չհարմարվեց, և մի անգամ ասաց՝ ես հասկացա, որ սա իմ հայրենիքը չէ, իմ հայրեիքը Արևմտյան Հայաստանն է, որ կորցված է։
Սփյուռքահայ գրող Գրիգոր Պըլտեանը «Դեպի մեծ փոխաբերություն» գրքում նկարագրում է 1995֊ին՝ այն «ցուրտ ու մութ տարիներին» իր այցը Հայաստան. «Ով դրամ ունի, ան լոյս ու ջերմութիւն կրնայ գնել։ Կաշառքի թագավորութիւն… մէկը մշտապէս լոյս ունի, միւսը բնաւ, թողոցին մէկ եզրքը կմնա խաւարի մէջ, միւսը կը փորձէ ծածկել գայթակղութիւնը թանձր վարագոյրներու ետին»։ Իսկ մարդիկ ինքնահիացմունքի մեջ են. «Ամեն մարդ անտեսուած մըն է, իբրեւ տաղանդ, մոռացուած հանճար, մանավանդ երբ մտաւորականի պէս մեկն է, միշտ հալածուած նաև։ Նարկիսականութիւն եւ հալածախտ միասին։ Եւ ուրեմն, միշտ ալ բամբասանք։ Ե՛ս, ես միայն լաւն եմ, ես իմանում եմ, միւսները ի՜նչ են որ, ոչնչութիւններ, եւ անոնք են որ զիս չեն հանդուրժեր ու կը հալածեն»։ Փոխաբերությունը հենց Հայաստանի հանրապետությունն է կորցրած հայրենիքի, այն որպես հայրենիք ընկալելու անհնարինությունն է. «Ամեն անգամ որ կու գամ հոս ինծի կը թուի թէ կը վերապրիմ մին այն երազներէն, ուր ճամբու մը վրայ կը վազեմ եւ երբեք տեղ չեմ հասնիր, կարծես երբեք չեմ հասնիր իրականութեան մակերեսին», բայց նաև այն տեղը որտեղից փնտրում է այն միակ Հայրենիքը՝ սահմանի փշալարերից այն կողմ կորսվածը. «Այն տեղն է ասիկա որուն կը յղուի անհունօրէն, իր հեռաուոր աքսորէն։ Որուն, սակայն, երբեք չի հասնիր։ Աւելի ճիշդ՝ լեզուս կը յղուի այս տեղէն բացակային, այս տեղի միւս կողմին(շրջօնի՞ն)։ Շուքին, ստուերին։ Ջնջուածին։ Փոխաբերութիւնը անդադար կը յուշէ, որ միւսը չկայ, այն որ ուզեմ֊չուզեմ, սրբուեցաւ անհետ կամ գրեթէ։ Փոխաբերութիւնը կ՚ուզէ որ մոռնամ, իբր թէ որովհետեւ իրականութիւնը կայ, կոպիտ, հաստ, միակ ապրելի իրականութիւնը»։
Պըլտեանը Հայաստանի ղեկավարության մասին ասում է, որ եթե «այն կողմից» գան, ներում խնդրեն «պաշտօնէութիւն ու նաչալնիկ, բոլորը մէկէն պիտի ներեն, մեծ բեռէ մը ձերբազատ»։ Լավատեսությո՞ւն է, քանի որ Հայաստանի այս նոր ղեկավարները իրենք են պատրաստ խնդրել թուրքերից ամեն ինչ, նույնիսկ՝ ներում խնդրել, որ իրենց հայրենակիցները նեղություն են պատճառել՝ նրանց ոճիրները հիշեցնելով, միայն թե արժանանան բարեհաճության։
Եթե Հայաստանը Պըլտեանի նկարագրած հանրությունն է միայն, որտեղ հայրենիքը սեփական բնակարանի սահմանն է, էլ ի՞նչ Արցախ ու Զանգեզուր, իսկ գուցե հանրությունը փոփոխվո՞ղ է։
Սփյուռքահայ փիլիսոփա և քննադատ Մարկ Նշանեանը «Երկգլխանի հրէշին աշխարհը» բանախոսության մեջ քննադատում է սփյուռքահայ այն մտավորականներին, որոնք Հայաստանի անկախության հռչակումը ընդունեցին որպես համայն հայության նպատակների իրագործում և լքեցին Սփյուռքի դիրքերը. «1990ի շուրջ յայտարարելով ոը la diaspora, c’est fini, Սփիւռքը վերջացած է, ու անցնելով աւելի լուրջ գործերու, որոնք արժանի պիտի ըլլային պատմութեան մէջ մնալու, պետութիւն մը ղեկավարելու եւ նախագահի մը խորհրդատուն ըլլալու յոյժ պատուաբեր եւ յիշատակելի գործերուն»։
«Հապա մեծ-մեծ բանաստեղծնե՞րը, որոնք իրենց հոգիին հետ՝ իրենց գրիչն ալ ծախեցին, նոր Լեւոնը Կիլիոկիոյ վերջին Լեւոնին հետ կամրջելով։ Հապա Ճիւան Թապիպեանը, լուսահոգին, որ Զօրեանի 1982ի հանդիպումին հայրենասիրական բոլոր միսթիցիզմներուն դէմ այդքան գեղեցիկ բաներ ըսելէ ետքը, ինքն ալ անփառունակ կերպով յօդուած մը ստորագրեց AIM-ի մէջ այդ օրերուն, ըսելով որ վերջապէս պիտի չամչնանք Հայ ըլլալէ։ Ինչո՞ւ, ուրեմն կ՚ամչնայի՞նք։ Գոյք, կալուած, դպրոց, հոգի, մայր, գրիչ, ուրիշ ի՞նչ մնաց ծախելիք։ Կը մնար խելքը։ Իրենց խելքն ալ ծախեցին։ Ի՞նչ խաբէական դաստիարակութիւն ստացած էին ասոնք բոլորը, իրենց դպրոցներէն, եկեղեցիներէն ու կուսակցական ակումբներէն ներս։ Ի՞նչ ակնախտիղ միսթիցիզմի կը հետեւէին։ Մէջէն-մէջէն փտած կառոյցներու բնակիչներ՝ բոլորը։ Փլելու պատրաստ աւազէ կառոյցներու բնակիչներ։ Կառոյցներու որոնք պէտք է փլէին եւ դեռ պէտք է փլին, եթէ պատրաստ չեն Սփիւռքի պատնէշին վրայ կանգնելու եւ իրենց պարտականութիւնը կատարելու»։
Բանախոսության հարցադրում է, թե արդյո՞ք հնարավոր է, որ Սփյուռքը լինի ինքնիշխան, մեջբերում է Վահե Օշականի խոսքը՝ Սփյուռքին անհրաժեշտ է բնազանցություն ունենալ, հարց, որ իրեն 50 տարի անհանգստացրել է, հնարավո՞ր է այն արդյոք։ Եվ հանգել պատասխանի՝ ոչ, քանի որ հայ ազգայնականութունը ձևավորվել է որպես որոշակի տարածքի վրա բնիկի երևակայություն, և Սփյուռքն էլ, մասը կազմելով այդ ազգայնականության, միևնույն ժամանակ զրկված լինելով «հողից», «բնիկությունից», զոհն է դարձել այդ ազգայնականության՝ իրեն զրկելով ինքնիշխան լինելու հնարավորությունից։ Մյուս կողմից էլ Հայաստանը՝ որպես «բնիկների» երկիր, չի ընկալում Սփյուռքը և նրա գրականությունը, քանի որ բնիկություն չունի՝ «դրսից եկած» է. «Սփիւռքի մէջ տպուած ո՛չ մէկ գիրք կրնայ մուտք գործել Հայաստան կոչուած երկրի սահմաններէն ներս, չի կրնար մտնել բնիկին խելապատակէն ներս։ Բնիկին համար դուրսէն եկածը մաս չի կազմեր իր փորձառութեան»։
Վահան Իշխանյան