կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 17:08
Քաղաքական

Եթե Արցախի քաղաքական էլիտան տրվի Փաշինյանի մանիպուլյացիաներին, դա կլինի պետական դավաճանություն. Արթուր Մոսիյան

Եթե Արցախի քաղաքական էլիտան տրվի Փաշինյանի մանիպուլյացիաներին, դա կլինի պետական դավաճանություն. Արթուր Մոսիյան

Մենք ողջունում ենք Հայաստանում ծավալված պայքարը եւ ցանկանում է շուտափույթ ազատում Նիկոլ Փաշինյանի վարչախմբից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Մենք Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարության մեջ անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գաղափարներին, խաղաղության օրակարգին եւ այլն: Մենք դրանով գծել ենք մեր կարմիր գծերը, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: 

Ինչ վերաբերում է Հայաստանում Արցախի հայաթափման, Արցախը կորցնելու դեմ եւ Հայաստանի վտանգված լինելու, Հայաստանի թուրքացման դեմ ընդդիմության գործողություններին, այդ առումով ուզում եմ ասել, որ կապ չունի մենք Արցախից ենք, թե Հայաստանից, ցանկացած հայ մարդ, երբ վտանգված է Հայաստանի ու Արցախի պետականությունը, պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կերպ կմասնակցեք այս շարժմանը, Մոսիյանը պատասխանեց. «Ես դաշնակցական եմ, ՀՅԴ-ն այս շարժման առջամարտիկներից է, բնականաբար, մենք անպայման մասնակցելու ենք դրան»:

Նա անդրադարձավ նաեւ մամուլի տեղեկություններին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որին մասնակցելու են նաեւ Արցախի ղեկավարները, այնտեղ Նիկոլ Փաշինյանը մտադիր է տարհամոզել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ տեղի քաղաքական էլիտային, որ իր ծրագրերը ճիշտ են: Այս առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, որ ՀՀ-ում անվտանգության խորհրդի նիստ պետք է լինի եւ մերոնք պետք է մասնակցեն: Արդեն ասացի, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցություններն իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ասել են եւ դա ուղենիշ է Արցախի իշխանությունների համար: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հերթական մանիպուլյացիաներով փորձում է սեպ խրել: Արցախն այս հարցում միասնական է եւ չի կարող տարբեր կարծիք լինել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, բոլորիս հայտնի է՝ ինչպես է նա դրանք օգտագործում: Կտրվե՞ն Արցախի իշխանությունները դրանց, իրենք պատասխանատու կլինեն այդ ամենի համար, որովհետեւ վերջիվերջո, իրենք արցախցի են, եւ իրենք էլ ցավ են ապրում թե Արցախի, թե Հայաստանի պետականության կորստի վտանգի համար: Կանեն հակառակը՝ Տերը իրենց հետ:

Արցախի քաղաքական էլիտան ինքնասպանություն չի գործի, նա պարտավոր է պատասխան տալ սեփական ժողովրդի առջեւ: Եթե գնան նման քայլի, դա կլինի պետական դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանը 4 տարի շարունակ ամեն առավոտ, կեսոր եւ երեկո տարբեր բաներ է ասել, տարբեր ստեր»: